Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պատկերացրեք` նման բան անեին Իսրայելի քաղաքացու հանդեպ. Պապյանը` հայ երգչուհու դեպքի մասին. armeniasputnik.am

Օրերս հայ հասարակությանը ցնցեց տեղեկությունն այն մասին, որ օպերային երգիչ, ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է Դրեզդենի օպերայում նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` նրա հայ լինելու պատճառով, ու կազմակերպիչները հանել են Մանթաշյանի ելույթը։

Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է օպերային երգչուհի, սոպրանո, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ, իմացել նրա կարծիքը կատարվածի վերաբերյալ։ Զրուցել է Կարեն Ավետիսյանը։

– Տիկին Պապյան, ի՞նչ մտորումներ ունեք Ռուզան Մանթաշյանի շուրջ դրեզդենյան դեպքերի վերաբերյալ։

– Դրեզդենյան դեպքերին վերաբերվում եմ բացասաբար, այն աննախադեպ էր իր ձևով և բովանադակությամբ: Արհամարհվեցին հայ երգչուհու շահերը, նրա անձին հասցվեց բարոյական վնաս:

Ռուզան Մանթաշյանի փոխարեն ես ավելի հեռուն կգնայի, կպահանջեի իմ իրավունքի և շահերի վերականգնում և վնասի հատուցում:

Սակայն կարող եմ իրեն հասկանալ և հարգել իր դիրքորոշումը, քանի որ տեղյակ չեմ` ինչ փուլում են գտնվում բանակցությունները։ Հնարավոր է, որ իրեն առաջարկվի փոխհատուցում` այլ ելույթների հնարավորության տեսքով:

-Ձեր բազմամյա կարիերայի ընթացքում երբևէ ականատես եղե՞լ եք նման քսենոֆոբիկ դրսևորումների, և ի՞նչ զարգացումներ էին ստանում նման նախադեպերը։

– Նմանատիպ դեպքի երբևէ ականատես չեմ եղել, բայց պատահել է, որ իմ այս կամ այն իրավունքի ոտնահարման համար դիմել եմ դատարան, ծախսել եմ շատ ժամանակ և միջոցներ, բայց միշտ հաղթել եմ` վերականգնելով արդարությունը և իմ արժանապատվությանը, որոնք ինձ համար անգնահատելի արժեքներ են:

– Գնալով աֆիշների վրայից պակասում է փակագծերի ներքո այս կամ այն երկրի հիշատակումը։ Կարող է արդյո՞ք այդ մոտեցումը վերացնել նման կոնֆլիկտները, և, առհասարակ, որքանո՞վ է այսօր ազգային պատկանելության հիշատակումը կարևոր ժամանակակից օպերային աշխարհում։

– Թերևս պաստառների վրա չի նշվում ազգությունը, բայց ծրագրերում անպայմանորեն նշվում է: Յուրաքանչյուր երկիր, ներառյալ մեծերն ու հզորները, հավասարապես հպարտանում են իրենց հայրենակից թե՛ երգիչների և թե՛ մարզիկների հաջողություններով:

Ազգային պատկանելությունը կարևոր է յուրաքանչյուր երգչի անհատականությունը, ձայնի «գույնը», երանգը տարբերակելու համար: Իմ երգած Աիդան, Նորման, Տոսկան նման չեն եղել, օրինակ` իտալացի, ռուս, կամ գերմանացի երգչուհիների համանուն դերակատարումներին:

Նմանատիպ կոնֆլիկտները կարող են վերանալ այդպիսի երևույթները հանրայնորեն պախարակելու և դրանց դեմ խիստ պատժամիջոցներ կիրառելու դեպքում միայն:

-Ինչպիսի՞ դիրքորոշում պետք է հայտնեն ՀՀ պետական մարմիններ նման դեպքերի ժամանակ։

– Հայաստանի ԱԳՆ, կամ Մշակույթի նախարարությունը կարող են նվազագույնը բողոքի նամակ հղել տվյալ հաստատությանը, որը բավարար կամք չի դրսևորել այդ ամոթալի երևույթը կանխելու համար:

Պատկերացրեք, եթե նմանատիպ վարք ցուցաբերվեր Իսրայելի քաղաքացու հանդեպ։

Հիշեցնենք, որ հունվարի 13–ին տեղեկություն տարածվեց, որ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի ամուսինը` ազգությամբ ադրբեջանցի Յուսիֆ Էյվազովը, հրաժարվել է Դրեզդենի օպերային փառատոնի բացմանը նույն բեմում ելույթ ունենալ սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ` պատճառաբանելով երգչուհու հայ լինելը։ Հայտարարության համաձայն` համերգի կազմակերպիչները հանել են հայ երգչուհու ելույթը։

Փառատոնի կազմակերպիչներն էլ հայտարարություն տարածեցին` վստահեցնելով, որ Էյվազովը նման բան չի ասել, իսկ Մանթաշյանն էլ ընդհանրապես հրավիրված չի եղել փառատոնին։ SemperOpernball–ի կազմկոմիտեն նշեց, որ հավանաբար հայ երգչուհուն ներկայացնող Massis Opèra ֆրանսիական համերգային գործակալության հետ թյուրըմբռնում է եղել։

armeniasputnik.am



Նման նյութեր