7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը. armeniasputnik.am

Ծնողներին ասել են, որ իրենց երեխան Բելգիայից Հայաստան է բերվել։ Հիմա սպասում են՝ թղթաբանական բոլոր հարցերը լուծվեն, որ բալիկը տուն վերադառնա՝ իր ընտանիքի մոտ, որից խլվել, գողացվել էր յոթ տարի առաջ։

Հունվարի 14-ն այս ընտանիքի օրացույցում սևով է ընդգծված։ Ծննդատանը 23 օր կյանքի համար պայքարած իրենց առաջնեկի մահվան օրն է։ Այդպես էին կարծում մինչև վերջերս, երբ բացահայտվեց ապօրինի որդեգրումների, երեխաների վաճառքի հանցավոր ցանցը։

«Սիրտս միշտ էլ զգացել է, որ երեխաս ողջ է։ Անընդհատ իր գերեզմանին այցի էինք գնում, կոնֆետներ, խաղալիքներ տանում, աչքերիս արցունքը չէր չորանում, բայց ես զգում էի, որ թաղվածն իմ երեխան չէ»,- դողացող ձայնով, հեկեկոցը մի կերպ զսպելով պատմում է Ալինան  (անունը փոխված է)։

Հիշողությամբ հետ է գնում ու սկսում պատմել իր կյանքի մասին։ Այս կնոջ ապրած 30 տարիների պատմությունը հոլիվուդյան ամենադրամատիկ ֆիլմի սցենարին կգերազանցի։ Բայց Ալինան պատմում է առանց ավելորդ լաց ու կոծի՝ հանգիստ ու կշռադատված։ Կնոջ պատմությունն ամբողջական է դառնում միայն, երբ խնդրում եմ մանրամասնել այս կամ այն դրվագը։

Շատ փոքր էր, երբ կորցրեց ծնողներին։ Այդպես Ալինան 8 տարեկանում քրոջ և եղբոր հետ հայտնվեց մանկատանը։ Երբ ավագ քույրը՝ որպես մանկատան շրջանավարտ բնակարան ստացավ, Ալինան տեղափոխվեց նրա հետ ապրելու։ Պետության ֆինանսավորմամբ սովորեց վարսահարդարում և սկսեց աշխատել։ Հետո հանդիպեց նրան՝ հոգատար, սիրող, ուշադիր այն մեկին, որի հետ 20 տարեկանում իր կյանքը կապեց ամուսնական երդմամբ։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը։ Նրա ծնունդին սպասում էր ամուսնու ամբողջ գերդաստանը՝ առաջին տղան էր լինելու։ Դեկտեմբերի 23-ին «Մարգարյան» ծննդատանը լույս աշխարհ եկած փոքրիկը կշռում էր 1 կգ 900 գ։ Նորածնին տեղավորեցին հատուկ խցիկում (կուվեզ)։ Երջանիկ ծնողները բալիկից կողքից չէին հեռանում։

Ալինայի ձայնը կրկին սկսում է դողալ, մեծ ջանք է գործադրում, որ կառավարի ու պատմությունը կարողանա ավարտին հասցնել։ Ասում է՝ մյուս ծնողներին թույլ չէին տալիս, բայց ինքն այնքան էր խնդրել, որ միայն իրեն թողնում էին, որ հատուկ զոնդով կերակրի իր բալիկին կուվեզում։ Անգամ Ամանորն Ալինան ու ամուսինը տանը չանցկացրեցին, ասացին, որ հիվանդանոցից դուրս կգան միայն իրենց տղայի հետ։ 23 օր անց երեխան արդեն կշռում էր 2,3 կգ, պատրաստ էր դուրսգրման։ Ալինան, ամուսինն ու ամբողջ գերդաստանը եկել էին իրենց տղային տուն տանելու։

Հանկարծ բուժքույրը հայտնեց, որ երեխայի վիճակը վատացել է, նրան դեռ չեն կարող տուն տանել։ Ալինայի ամուսինը պահանջեց տեսնել փոքրիկին. նրան միայն հեռվից թույլ տվեցին անել դա. ցույց տվեցին տակդիրով մի երեխա ու ասացին, որ նա է։ Հուզված ծնողների մտքով չէր էլ անցնում, թե ինչ է իրենց սպասվում, ոչինչ չէին կասկածում, միայն աղոթում էին փոքրիկի փրկության համար։ Կարճ ժամանակ անց գալիս է սարսափելի լուրը՝ երեխան մահացել է, մարմինը կարող եք «Հանրապետական» ծննդատնից վերցնել։ Այստեղ էլ ծնողներին փոքրիկի փակ դագաղն են տալիս։

Տարիներ շարունակ Ալինան, ամուսինն ու հարազատները փոքրիկի գերեզմանին այցի են գնացել. նրան տարել այն կոնֆետները, որ պիտի ուտեր, այն խաղալիքները, որոնցով պիտի խաղար, բայց այդքան չապրեց…

Անգամ երկրորդ բալիկի ծնունդը ծնողների ցավը չմեղմեց։ Ապօրինի որդեգրումների և երեխաների վաճառքի դեպքերի մասին իմանալուց հետո Ալինայի սրտում նորից հույս արթնացավ։ Խոստովանում է, որ այդ հույսն իրականում չէր էլ կորցրել, մայրական սիրտը չի խաբում, իսկ իր սիրտը ամբողջ այս տարիների ընթացքում զգացել էր, որ հեռվում՝ ինչ-որ մի տեղ, իր առաջնեկն ապրում է։

Մի օր էլ ընտանիքը զանգ ստացավ իրավապահ մարմիններից. «Ձեր ներկայացրած տվյալներին համապատասխան երեխա է գտնվել Բելգիայում»։ Առաջարկեցին ԴՆԹ քննություն անցնել, առանց երկար-բարակ մտածելու Ալինան ու ամուսինը համաձայնեցին։ Ասում է՝ քննության պատասխանին սպասելը մի ամբողջ հավերժություն էր թվում, ժամանակը կարծես կանգ էր առել։ Ի վերջո, պատասխանը ստացվեց՝ ԴՆԹ քննությունը համապատասխանություն է ցույց տվել՝ իրենց երեխան է։

Այստեղ արդեն Ալինան այլևս հուզմունքը զսպել չի կարողանում։ Պարզվում է՝ երեխային որդեգրել է Բելգիայում ապրող միայնակ հայ կին։ Փոքրիկը բնածին սրտի արատով էր ծնվել, լուրջ բան չէր, բժիշկներն ասել էին՝ եթե «սրտի անցքն» ինքն իրեն չփակվի, կվիրահատեն, հարցը կլուծվի։ Երեխային վիրահատել էին 2015 թվականին Բելգիայում։

«Ես իմ երեխային միշտ զգացել եմ։ Մարդիկ երևի մտածում էին, որ ես խելագարվել եմ կորստից, բայց ես ամեն ինչ զգում էի։ Իր վիրահատությունն էլ եմ զգացել։ 2015 թվականին հենց այն օրերին, երբ նա հիվանդանոցում էր, իմ առողջական վիճակն էլ անհասկանալի ու անսպասելի վատացավ… Երեխաս լավ չէր, ես դա էի զգում»,- պատմում է Ալինան։

Այս պատմության ամենասարսափելի բացահայտումն այն էր, որ երեխան երիտասարդ ծնողներից խլվել, գողացվել էր ընտանիքին շատ մտերիմ հարազատ մարդու միջնորդությամբ ու ձեռքով` վերջինիս քավորկնոջ համար, որն ամուսնալուծվել էր, ապրում էր Բելգիայում ու երեխաներ չուներ:

Զարմանում է, որ անձնագրում երեխայի ծննդյան տվյալներից միայն անունն է փոխված՝ ամսաթիվ, տարի, անգամ հայրանուն ու ազգանուն չեն փոխել։ Երևի նոր փաստաթղթեր ստանալիս հանցագործներն այդքան հեռուն գնալ չեն կարողացել։

Երեխան արդեն Հայաստանում է, բայց դեռ նրան չեն տեսել։ Իր տվյալներով՝ դեռ Ամանորից առաջ բազմաթիվ այլ երեխաների հետ Հայաստան են բերել։ Դեռ թղթաբանական չլուծված հարցեր կան, երբ ամեն ինչ ավարտվի, երեխան էլ տուն կգա։ Հեռախոսի ամեն զանգից, դռան ամեն թակոցից տանը բոլորը վեր են թռչում։ Սպասում են, որ իրենց կորցրած բալիկն է ներս մտնելու։ Երեխան հայերեն չի խոսում, միայն ֆրանսերեն։ Բայց դա էլ խնդիր չէ։ Ալինան ասում է. «Ամեն ինչ սովորելու պատրաստ եմ, միայն թե երեխաս ինձ հետ լինի»։ Ի դեպ, Ալինան երրորդ բալիկին է սպասում, երջանիկ է, որ նա եղբոր հետ ծանոթանալու է։ Եղբոր վերադարձին անհամբեր սպասում է նաև փոքրիկ քույրը։ Երեխայի վերադարձից հետո առաջին բանը, որ պետք է անեն, մատաղն է, հետո ամեն մեկն իր հերթին պիտի փորձի այս կորցրած 7 տարին լրացնել՝ խաղալ նրա հետ, սովորեցնել, զբոսանքի տանել…

«Կանա» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան, արտթերապևտ Մարինա Ղազարյանի խոսքով` վերջին շաբաթներին բացահայտված այս սարսափելի դեպքերն իրականում մարտահրավեր են բոլոր հոգեբանների համար, որովհետև այսպիսի օրինակների հետ իրենք դեռ չեն առնչվել: Նրա խոսքով` այստեղ 3 օղակների` կենսաբանական ծնողների, որդեգիր ծնողների և երեխաների հետ հոգեբանական աշխատանք է պետք:

Պետք է անպայման հաշվի առնվի երեխայի լավագույն շահը: Ներկայացված օրինակում, ակնհայտ է, որ էթնիկ – մշակութային խնդիրներ կան` և՛ դպրոց է փոխվում, և՛ բնակավայր, և՛ մի ամբողջ միջավայր: Հոգեբանի կարծիքով` եթե երեխան ծնված օրվանից ապրել է մի ընտանիքում, դա իր համար հոգեբանական հարված է: Պատրաստ ճիշտ պատասխաններ այստեղ չկան, երեխային` ընտանիք վերադարձնելու գործում հոգեբաններն էլ պետք է աշխատեն, յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ մոտեցում է պահանջում:

Երեխայի կենսաբանական ծնողների համար սա լուրջ սթրես է` մի սթրես նրանք տարել են, երբ իմացել են երեխայի մահվան մասին, երկրորդը` հիմա, երբ պարզել են, որ այսքան տարի ողջ է եղել: Այս սթրեսը հաղթահարելու համար նրանց պոզիտիվ թերապիա է խորհուրդ տալիս ` կատարվող իրադարձություններում տեսնել դրականը, որ երեխան ողջ է:

Հ.Գ. Հոդվածում գլխավոր հերոսի անունը փոխված է, մյուսներինը նշված չեն ընտանիքի ցանկությամբ։  Քանի դեռ երեխան տանը չէ, ընտանիքը չի ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել, առանց այն էլ սթրեսն ու լարվածությունն այս օրերին չափից շատ են։

armeniasputnik.am



Նման նյութեր