Մարիամ Փաշինյանն անկեղծ է։
Երբ նա երկրորդում է ՀԺ–ի հոդվածին ու պատասխանում է ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին, դա անում է ոչ թե որպես Նիկոլ Փաշինյանի աղջիկ և ոչ էլ որպես ՀՀ վարչապետի աղջիկ, այլ որպես Հայաստանի թագավորի աղջիկ, այսինքն՝ որպես արքայադուստր։
Մարիամ Փաշինյանն իրեն զգում է որպես Հայաստանի սեփականատեր թագավորի աղջիկ, ու որպես ընտանեկան սեփականության փայատեր է քննադատում Վանեցյանին։
Միայն Հայաստանը որպես տնամերձ բոստան, իսկ իրեն որպես բոստանի թագավոր զգացողի աղջիկը կարող է ԱԱԾ նախկին ղեկավարին դիմել անունով, նախատել իրենց ընտանիքին «դավաճանելու» համար և մուննաթ գալ, թե բա մենք ձեր ընտանիքը որպես ենթակա չենք ընդունել, այլ որպես ընկեր։ Ասել է թե՝ Նիկոլի համար իր թիմում կան հավասարներ ու ավելի հավասարներ։ Նիկոլը նեղանում է, երբ ավելի հավասարներն իր քմահաճույքներն ու ապօրինի հրահանգները չեն կատարում։ Դե տնեցիներն էլ են, բնականաբար, նեղանում, քանզի թագավորական ընտանիքն իրավունք ունի նեղանալու հատուկ ծառայության ղեկավարից, քանզի հատուկն իրենք են ու ծառայությունն էլ իրե՛նց պետք է մատուցվի։
Մարիամի գրառումն, ակնհայտորեն, Նիկոլի ցուցմամբ կամ առնվազն գիտությամբ է եղել։ Կամ էլ գործ ունենք երրորդ տարբերակի հետ՝ նիկոլենց տանն այնպիսի մթնոլորտ է, որ շատ բնական է Մարիամի գերակտիվությունը, քանզի թագավորի աղջիկը հենց այդպիսին պետք է լինի։
Մարիամ Փաշինյանին այդ առումով շնորհակալություն պետք է հայտնել։ Նա գաղտնիք է բացահայտել։ Նա ցույց է տվել, որ իր հոր խոսքերը ժողովրդավարության, մարդու իրավունքների ու նմանատիպ այլ «թիթիզ» բաների մասին զուտ ձևականություն են։ Նիկոլն իրեն թագավոր է զգում և բնական է, որ թագավորությանը վայել հպատակություն է պահանջում իր ենթականերից ու հատկապես կատաղում է նրանց վրա, որոնց շատ է վստահել ու ահագին «բացվել»։
Մ. Փաշինյանից պետք է շնորհակալ լինել նաև այն բանի համար, որ նա «մանկան շուրթերով» բարձրաձայնեց այն մասին, որ մեզանում սահմանադրական կարգ է տապալվել է ու հանրությունը դարձել է միապետություն, ընդ որում՝ հակասահմանադրական միապետություն։
Ի դեպ, Նիկոլն այդ առումով օրիգինալ չէ։ Բոլոր հեղափոխականներն էլ բոլոր ժամանակներում հայտարարել են պայքար ավտորիտար ռեժիմների դեմ, բայց իշխանության գալուց հետո ձգտել են տոտալիտար ռեժիմ կառուցել, խոսել են կոռուպցիայի դեմ, բայց թաղվել են գերկոռուպցիայի մեջ, խոսել են սիրո, հանդուրժողականության, եղբայրության մասին, բայց ատելություն են տարածել։ Սա էլ կանցնի, անշուշտ։ Խնդիրը գնի մեջ է։