Եկեք անկեղծ լինենք: Երբ շատ գեղեցիկ բաներ ենք ասում, օրինակ` փողի մեջ չէ երջանկությունը, հարստությունը երջանկություն չի բերում և այլն, հրաշալի հասկանում ենք, որ մի փոքր խեղաթյուրում ենք իրականությունը:
Հիշո՞ւմ եք հանրահայտ սովետական կինոնկարի այն դրվագը, երբ Օստապ Բենդերը հարցնում է՝ «Շուրա, որքան փող է ձեզ պետք լիակատար երջանկության համար»։ Ու Բալագանովը միանգամայն անկեղծորեն սկսում է մտքում թվաբանական բարդ հաշվարկներ կատարել ու արտաբերում է բավական համեստ մի թիվ:
Իսկ դո՞ւք երբևէ նման հաշվարկ կատարել եք: Կարո՞ղ եք գոնե մոտավորապես ասել՝ ինչ եկամտի դեպքում դուք ձեզ եթե ոչ լիակատար երջանիկ, գոնե պարզապես բավարարված կզգաք:
Միացյալ Նահանգներում մի քանի տարի առաջ նման հետազոտություն իրականացվել է: Փրինսթոնի համալսարանի մասնագետները հսկայածավալ աշխատանք են կատարել՝ երկու տարվա ընթացքում հարցում են անցկացրել 450 հազար ամերիկացիների շրջանում: Պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե կես միլիոն մարդու են հարցուփորձ արել: Ու ստացել են շատ կոնկրետ մի թիվ: Պարզվում է, որ եթե Օստապ Բենդերն իր հարցն ուղղեր միջին ամերիկացուն, կստանար շատ հստակ պատասխան՝ 75 հազար դոլար տարեկան: Այսինքն՝ ամսական 6 հազար դոլարից մի փոքր ավելի:
Տեսեք: Խոսքն այն մասին չէ, որ այդ 75 հազարը ամերիկացիների երազանքների վերին սահմանն է: Ուղղակի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ դրանից ավելի փող ստացողների մոտ կյանքից բավարարվածության, երջանկության զգացումը գրեթե չի ավելանում: Այսինքն՝ դուք կարող եք նաև տարեկան 1 միլիոն ստանալ, բայց ներքուստ ավելի երջանիկ չեք լինի, քան նա, ով 75 հազար է ստանում:
Իհարկե, կարող եք հակադարձել՝ բայց այդ ո՞ր մի հիմարը կհրաժարվի մեկ միլիոնից ու կասի. «Ինձ 75 հազարն էլ է բավարարում»: Կա այդպիսի մարդ: Ու ինքը ամենևին էլ հիմար չէ: Ամերիկացի Դեն Փրայսը դեռ 19 տարեկանում հիմնեց իր ընկերությունը՝ «Գրեվիթի փեյմենթս», որը զբաղվում է բանկային և այլ քարտերով ու ծաղկում է: Միջին աշխատավարձն այնտեղ տարեկան 48 հազար դոլար էր։ Դա մոտ է ամերիկյան միջինին: Իսկ ինքը՝ Դեն Փրայսը, որն իր իսկ հիմնադրած ընկերության գլխավոր տնօրենն է, ստանում էր տարեկան մեկ միլիոն դոլար:
Մենք` հայաստանցիներս, սոցիոլոգիական հարցումներին հաճախ լուրջ չենք վերաբերվում: Իսկ այդ ամերիկացին ծանոթացավ Փրինսթոնի համալսարանի հետազոտությանը և եկավ հետևյալ եզրակացության՝ եթե 75 հազար տարեկան եկամտից հետո մարդը, միևնույնն է, ավելի երջանիկ չի դառնում, այսինքն՝ մեկ միլիոն ստանալով` ես ավելի երջանիկ կյանքով չեմ ապրում, քան նա, ով 75 հազար է ստանում, ապա ինչի՞ս է պետք այդ մեկ միլիոնը:
Երևի կռահում եք, թե ինչ արեց: Այո, Դեն Փրայսը հավաքեց աշխատողներին ու հայտարարեց՝ ես իմ աշխատավարձը մեկ միլիոնից իջեցնում եմ մինչև 75 հազար ու դրա հաշվին բարձրացնում եմ ձեր աշխատավարձները: Այդ ընկերության խոսնակը ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ արդյունքում էապես բարձրացվեց 120 աշխատողներից 70-ի աշխատավարձը, ընդ որում 30-ինը՝ երկու անգամ: Պատկերացնում եք՝ ձեր աշխատավարձը բարձրանա ոչ թե ինչ-որ տոկոսով, որը չես էլ զգում, այլ միանգամից երկու անգամ: Նման հաճույք մեզ մոտ վայելում են միայն նրանք, ովքեր պարբերաբար հսկայական պարգևավճարներ են պարգևում իրենք իրենց։
Բայց էլի կարող եք ասել՝ միայն բարձր աշխատավարձը չէ, որ գրավում է աշխատողին: Այո, մասնագետներն են պնդում, որ աշխատողի համար կա հինգ հիմնական խթան, որոնցից ընդամենը մեկն է փողը: Մյուսը՝ լավ ղեկավարություն ունենալն է: Երրորդը՝ արդարացի վերաբերմունքը քո նկատմամբ: Չորրորդը՝ թե որքանով է հեռանկարային այդ քո աշխատանքը: Եվ հինգերորդը՝ երբ դու հստակ տեսնում ես քո տեղն ու դերը տվյալ ընկերության, կոլեկտիվի այդ հեռանկարային ծրագրերի իրականացման գործընթացում:
Կան, իհարկե, բազմաթիվ այլ գործոններ: Օրինակ` թե որքանով է հեռու աշխատավայրս իմ բնակության վայրից և այլն, բայց, գիտեք, եթե ես ապրում եմ Նորքի 9-րդ զանգվածում, ես, այնուամենայնիվ, երեք տակ ծալված վիճակում երթուղայինով ամեն օր «Բանգլադեշ» կհասնեմ, եթե իմանամ, որ հիմնական հինգ պայմաններն այնտեղ ապահովված են: