Երեկ կատարվեց հերթական ողբերգությունը՝ սպանվեց կամ ինքնասպանություն գործեց երկրի նախկին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը: Նա ընդամենը 39 տարեկան էր, քաղաքական ակտիվ գործընթացների մեջ չկար, անձնական մոտիվացիա ինքնասպանության համար նույնպես չէր նշմարվում: Բացի այդ դեպքի վայրում ենթադրյալ ինքնասպանվողը հաստատ մոտ 40 փամփուշտ չէր օգտագործի: Իսկ կոնյակի շշի առկայությունը շատ նման էր այն դրվագին, երբ իբր քոչարյանականը փորձում էր կաշառել մարտի մեկից տուժողին՝ ձեռքի հետ խոստանալով, որ «… մոտ ապագայում հեղաշրջում է տեղի ունենալու և քեզ համար էլ լավ կլինի…» թեմայով: Իսկ, որպեսզի այս «չար ուժի» ներկայացուցիչը իր ամբողջական կերպարով հանդես գա կողքին հատուկ «թաքնված կամերաների» համար ավտոմատ պիտի ցուցադրեր: Այս պատկերը և սցենարը հատուկ «պողոսների» համար էր:
Նույնն էլ այստեղ կոնյակի շիշը «պողոսների» համար էր նախատեսված, որպեսզի, եթե պիտի «աշխատացվի» «ինքնասպանության» վարկած այն համոզիչ լինի:
Սակայն այստեղ արժե վերլուծել, թե ինչ մթնոլորտում եղավ այս ողբերգական դեպքը:
Այս օրերին Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը հանդես է գալիս մի հոդվածով, որում փաստացի մեղադրում է նախկին ԱԱԾ պետ Վանեցյանին, որ նա «… պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել երկրում…»: Սակայն զարմանալիորեն այդ հոդվածին հրաժարվում են արձագանքել նույնիսկ Փաշինյանի քաղաքական թիմակիցները: Հետո, որպես հոդվածին լրացում Վանեցյանի հասցեին մեղադրանքներով են հանդես գալիս վարչապետի դուստրն ու աներորդին: Սակայն նույնիսկ դրանից հետո, Փաշինյանի թիմակիցները հրաժարվում են աջակցել իրենց շեֆին: Մամուլում գրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից մոտ 20 պատգամավոր ուզում է դուրս գալ: Դրան զուգահեռ սկսվում է խոսել այն մասին, որ Վանեցյանը պատրաստվում է ակտիվ գործողություններ սկսել քաղաքական դաշտում: Այս ամենին գումարած նույն ակտիվությամբ սկսում է գործել նաև Ծառուկյանը, ով ունի մեծ ռեսուրսներ և կուսակակցություն, որը սփռված է երկրով մեկ և պատգամավորական խմբակցություն:
Փաշինյանը ի պատասխան Ծառուկյանին ավելի քան 50 բիզնես միավորների հաշիվների վրա կալանք է դնում: Սրան գումարած քաղաքական դաշտում սկսում են ծնվել նոր կուսակցություններ, որոնք կայանում են հենց Փաշինյանի քննադատության հիման վրա: Այս ամենի հետ մեկտեղ ակտիվանում են ՀՀԿ-ականները, Քոչարյանի աջակիցները և դաշնակցականները:
Իսկ այս ամենի ֆոնին կրկին սոցիալական տարբեր շերտերի բողոքները նոր թափ են հավաքում:
Հասկանալի է, որ այս իրավիճակը հաստատ Փաշինյանի համար բարենպաստ չի կարելի համարել: Այսպիսի իրավիճակներում է, որ կատարվում են դասական տիպի ներքին հեղաշրջումներ: Ինչը կարող է գոնե ժամանակավոր լիցքաթափել իրավիճակը: Կարծում ենք, որ ցանկացած քաղաքագետ գիտի դրա պատասխանը: Վախի մթնոլորտ մտցնելու փորձը երկրում: Դրա դասական տարբերակը զանգվածային ռեպրեսիաներ իրականացնելն է: Սակայն Հայաստանը ինքնաբավ երկիր չէ, և մանավանդ 21 դարում այդպիսի գորըծնթաց չի հանդուրժվի ոչ մեկի կողմից: Եվ այս ամենից հետո կրակում են Կուտոյանի ուղղությամբ: Ավելին՝ ցինիկաբար նախազգուշացնում են Վանեցյանին, թե իբր «սևերին է շահավետ դա»: Նույնիսկ հանրության ամենաթերզարգացած հատվածի համար էլ ակնհայտ է, որ այս ամենի նպատակը բոլորին վախեցնելն է, սկսած Վանեցյանից և վերջացրած իշխող ուժի ներկայացուցիչներով:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ մինչ այս պահը Փաշինյանը չի չցավակցեց Կուտոյանի հարազատներին: Տեսնես ի՞նչն է պատճառը: Չ՞է որ Կուտոյանը ոչ մի քրեական գործով չէր անցնում, և ուրեմն գոնե քաղաքական տեսանկյունից Փաշինյանի համար ամոթ չէր լինի ցավակցել նրա հարազատներին:
Մեկնաբանությունը թողնենք մեր ընթերցողներին:
Հ.Գ. 1993 թ. ԱԱԾ նախկին տնօրեն Մարյուս Յուզբաշյանի և Գրողների միության նախկին ղեկավարի սպանություններից հետո 1996 թ. տեղի ունեցած նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճանը ռիսկ չարեց դնել իր թեկնածությունը, միայն այն բանից հետո 1998 թ.-ին, երբ այդ իշխանությունը փոխվեց Դեմիրճանը վերադարձավ քաղաքական կյանք և տպավորիչ արդյունքներ գրանցեց: Կարծում ենք, որ այստեղ ևս զուգահեռներ անցկացնելուց հետո մեկնաբանություններն ավելորդ են: