Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի… կոչումներ, որոնք շատերի համար երազանք են եղել ու շարունակում լինել, սակայն այս մասնագիտությունները յուրացրած Լյուսի Հայրապետյանը նշում է՝ դա այն չի եղել, ինչի մասին ինքը երազել է մանկուց: Մոդելը վստահ է՝ կնոջ ամենակարեւորը «մասնագիտությունը» մայր լինելն է:
NEWS.am STYLE-ը Լյուսիի հետ զրուցել է մոդելինգի, սկզբունքների, մոդելների մասին կարծրատիպերի, էքստրեմալ նախասիրությունների եւ սիրելիին չբացահայտելու մասին:
Լյուսի, մոդել լինելը շատ աղջիկների համար առավելություն է, ինքնավստահություն է փոխանցում. քո դեպքում ե՞ւս այդպես է:
Մոդել լինելն առաջին հերթին պատասխանատվություն է, զգոնություն, նախանձ «ընկերուհիներ»-ի մեծ բանակ եւ ամուր նյարդեր (ծիծաղում է):
Ըստ իս` մոդել-առավելություն-ինքնավստահություն բառերը ոչ մի ընդհանրություն չունեն: Եթե գտնվեն հակառակը պնդողները, ուղարկեք մոտս` հակառակը ապացուցեմ: Այնքան մոդել ցույց տամ, որ մինչեւ կյանքի վերջ երեւի չհասցնեն ինքնահաստատվել եւ իրենցից առհասարակ ինչ-որ բան ներկայացնել:
Այսքան տարի մոդելինգի ոլորտում ես. մոդելինգը բնավորությանդ մեջ ինչ–որ գծեր ձեւավորե՞լ է:
Ախ այդ տարիները…(ժպտում է):
Այո, իհարկե. մոդելինգը ե´ւ տարել է, ե´ւ տվել: Դրա շնորհիվ ես այժմ «միշտ պատրաստ եմ», ապրում եմ թեթեւ: Կարող եմ գնալ երեկո վարելու եւ վերջին պահին միտքս փոխել ու հագնել այլ զգեստ, մազերս քանդել ու հենց այդպես քանդած գնալ, դիմահարդարումից շատ բաներ ուղղակի մաքրել: Հասկացել եմ, որ ամեն ինչ ու ամեն ոք անցողիկ է: Կանք հիմա եւ այստեղ: Մոդելինգի տարիներից սովորեցի մարդկանց չվստահել (ցավոք, թե բարեբախտաբար), լավություն անել ու ջուրը գցել, ավելի գնահատել ընտանիքս եւ կիսվել միայն մտերիմներիս հետ: Հասկացա, որ սա այն ասպարեզն է, ուր կա նախանձ ու չարություն` շատ կա, բայց ուշադիր ու նրբանկատ լինելու դեպքում կարող ես գտնել գեղեցիկն ու բարին մեկում: Հասկացա, որ հաջողություններովդ կիսվելը այնքան էլ լավ գաղափար չէ… Իրականում մոդելինգն այն ասպարեզը չէ, որտեղ լինելն այնքան հաճելի է, որքան թվում է: Բեմում բոլորն են «բարձր» երեւում, բեմը շոու է ինքնին, իսկ մենք ապրում ենք Աստծո բեմում:
Եղե՞լ է, որ կյանքում բախվես մոդելների մասին կարծրատիպերից որեւիցե մեկին ու դա քեզ բարկացնի: Այդ պարագայում ինչպե՞ս ես արձագանքում:
«Լուս, տենցն են չէ՞ բայց» ձեւակերպումը պատահել է: Ինձ հարցնում են մերոնց մասին. 99% դեպքերում վատ կարծիքներ… Գիտե՞ք, թե ինչ եմ անում. համաձայնվում եմ` ի տարբերություն նախորդ տարիների: Ամեն տեսակ մարդ կա մեր աղջիկների մեջ՝ ինչու՞ բարկանամ: Ամեն ոք ինքն է որոշում իր «բավականն» ու «էլի»-ն: Ինձ հաճախ ասում են .«Լուս, դու ոնց-որ հեչ մոդել չլինես հա, դու մի տեսակ խելացի ես, ուղեղ ունես»: Անկեղծ՝ ուրախանում եմ. երեւի նրա համար, որ ունեմ կայուն արժեհամակարգ եւ բնավորություն: Ինձ պես էլի աղջիկներ կան մերոնց մեջ, վստահ եղեք: Այդ վատ որակավորումները կապ չունեն մոդել լինելու հետ. վերջիվերջո, գյուղ չկա շուն չլինի:
Մոդել, հաղորդավարուհի, երբեմն` նաեւ դերասանուհի… Մասնագիտություններ, որոնց մասին շատ աղջիկներ երազում են մանկուց: Սրանք մտե՞լ են քո մանկության երազանքների մեջ:
Ոչ (ծիծաղում է): Իրականում մանկության այդքան շատ հնչող հարցին.«Մեծանաս ի՞նչ ես դառնալու» ես շատ տրամաբանական պատասխան եմ միշտ տվել` մամա:
Մայրիկը կնոջ ամենակարեւոր մասնագիտությունն է, եթե, իհարկե, հասկանում ես այդ կոչման ամբողջ բովանդակությունը:
Ամբողջությամբ՝ style.news.am