Հայաստանը տարեցտարի ավելի է հետաքրքրում արշավների, լեռնագնացության սիրահարներին։ Մեր երկիրն ունի «top destination» դառնալու բոլոր հնարավորությունները։ Համակցված տուրերի դեպքում էլ հաճախ զբոսաշրջիկները Հայաստանը հարևան երկրներից ավելի շատ են հավանում։
Սկսեց Արա լեռից, հասավ մինչև Հիմալայներ ու Կիլիմանջարո։ Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանը գրեթե 9 տարի է` նվաճում է հայաստանյան ու աշխարհի հայտնի լեռնագագաթները։ «Նվաճել» բառի հետ Գևորգը համաձայն չէ։ Լեռնագնացներն ասում են` լեռնագագաթները չեն նվաճվում։ Դրանք թույլ են տալիս մի քանի րոպե կանգնել, ապա ձյունը կամ քամին մաքրում են բոլոր հետքերը։
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Արարատ լեռ
Ամեն ինչ սկսվեց արշավներից. հանգստյան օրերին Գևորգն ընկերների հետ Հայաստանում արշավներ էր կազմակերպում։ Այնքան սիրեց, որ մտածեց` անասնաբուժությանը զուգահեռ նաև տուրիզմով զբաղվել։ Իր սերն արշավների նկատմամբ որոշեց ավելի պրոֆեսիոնալ հիմնավորել, մասնակցեց համապատասխան դասընթացների ու որոշեց նաև որպես գիդ աշխատել։ Արշավներին զուգահեռ մեկնարկեց նաև Գևորգի «լեռնային ուղին»։
Գևորգ Գասպարյանն ու ընկերները, Նեմրութ
Արա լեռ, Արագած, Գեղամա լեռներ, հետո հասավ Արարատ։ Այստեղից սկսվեց Գևորգի` «համաշխարհային լեռնագագաթների նվաճման պատմությունը»` Կազբեկ, Մոնբլան, Էլբրուս, Հիմալայներ, իսկ ընդամենը օրեր առաջ Տանզանիայից է վերադարձել։ Աֆրիկայի ամենաբարձր կետը` Կիլիմանջարոն, գումարվեց այն լեռնագագաթների թվին, որոնք Գևորգին «թույլ են տվել» կանգնել այդ բարձունքում
Գևորգ Գասպարյանն ու ընկերները բարձրանում են Արարատ լեռ
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am