1in.am-ը գրում է. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Հակոբյանի գործի դատական քննությունը:
55-ամյա Մարինե Հակոբյանն աշխատել է Հրազդանի բժշկական կենտրոնում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բժիշկ-մանկաբույժ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:
Ըստ դատական ակտի՝ Մարինե Հակոբյանը նշված բժշկական կենտրոնում աշխատում է 1985 թվականից:
2015 թվականի փետրվարի 4-ին բժշկական կենտրոն է տարվել 40 օրական Մանե Հարությունյանը: Ընտանեկան բժշկի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտենստինալ սինդրոմ» նախնական ախտորոշման պայմաններում բժշկուհի Մարինե Հակոբյանը «դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները, հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, թե հիվանդանոցն անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ: Այդպիսով, Մ. Հակոբյանը բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության ու սպասարկման հիմնական ու միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան, որի դեպքում հնարավոր կլիներ երեխային ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն, ինչը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված գործողությունները և կանխել չարորակ, արագ ընթացքի արդյունքում Երևանի բժշկական կենտրոն տեղափոխվող երեխային անզգուշությամբ պատճառված մահը»:
Դատարանում Մարինե Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե նախաքննության ընթացքում իրեն «հորդորել են», որ ընդունի մեղքը, իրեն մեղավոր ճանաչի, ինչը մեղմացուցիչ հանգամանք է: Ինքն այդպես էլ գրել է: Սակայն իրականում ինքը երեխայի մահվան համար մեղավոր չէ:
2015 թվականի փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իրեն զանգահարել է Հրազդանի բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ շտապօգնության բժշկուհի Բարեղամյանը, ասել է, թե երեխայի են բերել, հարցրել է՝ ի՞նչ անեն:
Ինքը պատասխանել է, որ նախ պետք է զննեն երեխային: Բժշկուհին ասել է, որ երեխային ծնողներն են բերել, ովքեր ասում են, թե երեխան անհանգիստ է, նախորդ օրը նշվել է երեխայի 40 օրականը:
Նման օրերին, սովորաբար, մայրերը «խառնում են կերակուրները, անհանգիստ վիճակ է առաջանում, որը փոխանցվում է կրծքով կերակրվող երեխային…
Ինքը բժշկուհուն ասել է՝ ստուգեն, եթե վտանգի նշաններ չգտնեն, հնարավոր է՝ երեխան գազերից անհանգիստ լինի, կարելի է գլիցերինի մոմիկ դնել… Բժշկուհին ասել է, թե վտանգի նշաններ չկա, երեխան անհանգիստ է, մոմիկը կդնեն… Հետո իրեն այլևս չեն զանգահարել»:
Առավոտյան ինքը գնացել է հիվանդանոց՝ աշխատանքի: Իրեն զանգահարել է երեխայի ընտանեկան բժշկուհի Եղիազարյանը, ասել է, որ իր մոտ հսկողության ու հետազոտության է ուզում ուղարկել 40 օրական երեխայի: Ինքն ասել է՝ հավանաբար գիշերվա երեխան է:
Եղիազարյանն ասել է, թե երեխան 37,5 ջերմություն ունի:
Ինքն ասել է՝ եթե այդ ջերմությունից բացի ուրիշ բան չկա, անհանգստանալու պատճառ չկա: Միաժամանակ ասել է՝ եթե ախտորոշման մեջ չի կողմնորոշվում, թող ուղեգրի Երևան:
Ինքն այդպես է ասել, քանի որ նախ պետք էր գտնել հիվանդությունը, իսկ իրենք երեխաներին հետազոտելու «ոչ մի լուրջ պայման չունեն… Բացի այդ, եթե ընթացքում երեխան վատանա, պետք է իրենց ամբողջ գործը թողնեն, զբաղվեն այդ երեխայով, տեղափոխեն Երևան…
Ինքը հարցրել է՝ երեխան վա՞տ է, բժշկուհին ասել է՝ ոչ, ինքն էլ ասել է՝ քանի որ վատ չէ, անհրաժեշտ է միանգամից ուղեգիր տալ դեպի Երևան…»:
Իրեն կանչել է թերապևտիկ բաժնի վարիչը, հարցրել է՝ ինչո՞ւ չի ընդունում երեխային: Ինքը հիշեցրել է իրենց սուղ պայմանները, ասել է՝ հիմա երեխան վատ չէ, բայց հետո կարող է վատանալ, հանկարծ կարող է ունենան ռեանիմացիայի կարիք, զբաղվեն ժամերով, մեքենա կանչեն կամ հապճեպ իրենք տեղափոխեն: Քանի դեռ երեխան վատ չէ, նպատակահարմար է ուղեգրել Երևան՝ հսկողության տակ հետազոտելու համար…
Ինքը Եղիազարյանի սենյակում առաջին անգամ տեսել է երեխային, որը բարուրով փաթաթված՝ բազմոցին քնած էր: Մայրն ու տատն էլ հանգիստ նստած էին սպասողական վիճակում: Բժշկուհին լրացնում էր վարդագույն ուղեգիրը, որով կարող են գնալ բոլոր հիվանդանոցները՝ ստացիոնար բուժման… Ինքը խորհուրդ է տվել, որ երեխային տանեն «Մուրացանի հիվանդանոց», եթե հարկ լինի՝ նրանք կտեղափոխեն Նորքի ինֆեկցիոն…
Ինքը հարցրել է՝ երեխան ֆիզիոլոգիական դեղնուկ ունի՞: Եղիազարյանն ասել է՝ ոչ, երեխան ոչ մի բան էլ չունի, շատ լավ երեխա է: Ինքն էլ հանգստացել ու ասել է՝ «որ շատ լավ երեխա է, ավելի լավ է գնա Երևան, ինքն էլ այնքան գործեր ունի, իր գործերը չի թողնի ու զբաղվի նրանով՝ պահեն, բարդացնեն, վատացնեն, հետո էլ ընկնեն մեքենաների հետևից… Ինքը հասկացել է, որ երեխային ուղարկում են համապատասխան վայրում հսկվելու, հետազոտվելու, ոչ թե՝ նա կյանքի խնդիր ունի, մի քանի ժամ հետո պետք է մահ գրանցվի…»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: