Թե ինչպես ռեժիսոր Վահեն դարձավ Հայաստանում առաջին ու միակ խխունջաբույծ ֆերմերը. armeniasputnik.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թե ինչպես ռեժիսոր Վահեն դարձավ Հայաստանում առաջին ու միակ խխունջաբույծ ֆերմերը. armeniasputnik.am

Ամիսներ առաջ Բյուրականում հիմնադրվեց Հայաստանում առաջին և դեռևս միակ խխունջաբուծության ֆերման։ Հիմնադիրը մասնագիտությամբ ռեժիսոր է, որը լրիվ պատահականությամբ իր համար բացահայտեց ագրարային բիզնեսի այս նոր ճյուղն ու խխունջների սպառման անսահման մեծ և եկամտաբեր շուկան։

Ռեժիսորից խխունջաբույծ դառնալու պատմությունը սկսվեց ընդամենը մեկ զանգից։ Հեռուստառեժիսոր Վահե Հախվերդյանը պատրաստվում էր ընտանիքի հետ տեղափոխվել և բնակություն հաստատել այլ երկրում։ Մի օր արտասահմանում բնակվող լավ բարեկամներից մեկը զանգահարեց ու խնդրեց հետաքրքրվել՝ արդյոք Հայաստանում խխունջաբուծական ֆերմա կա՞։ Ասաց, որ ընկերը հետաքրքրված է այդ գործով։ Լավ ռեժիսորը պետք է հետաքրքրասեր ու պրպտող լինի, հետևաբար, Վահեն չբավարարվեց միայն պարզելով, որ Հայաստանում խխունջաբույծներ չկան։ Սկսեց համացանցում փնտրել, թե ինչ է խխունջաբուծությունն ու իր համար մի նոր աշխարհ հայտնաբերեց։

«Հիվանդացա խխունջաբուծությամբ»,- կարճ ու կոնկրետ ձևակերպում է նա։

Սովորելու համար երբեք էլ ուշ չէ։ Այդպես, խխունջաբուծության մասին երբևէ չլսած մարդը սկսեց համացանցում տեղեկատվություն, մասնագիտական հոդվածներ ու հոլովակներ փնտրել և գտնել։ Պարզվեց, որ սա զարգանալու անսահմանափակ հնարավորություններ ու սպառման հսկայական շուկա ունեցող գյուղատնտեսական ուղղություն է։ Վահեի խոսքով՝ եվրոպական տարբեր երկրներում փոքրիկ ֆերմաներ եղել են, բայց ոլորտի համակարգված զարգացումը նոր է նույնիսկ Եվրոպայի համար։

Ինչպես ժամանակին Հայաստանում բնական տարածքում ապրող խեցգետինների սպանդ է իրականացվել, այդպես էլ եվրոպական տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ազատ տարածքում ապրող խխունջների սպանդ է եղել։ Հիմա այդ երկրներում նույնիսկ արգելված է բնության մեջ ապրող խխունջների որսը։ Կակղամորթների պահանջարկն այնքան մեծ է, որ եվրոպացիները հատուկ խխունջաբուծական դասընթացներ են կազմակերպում ու խխունջաբուծության տեխնոլոգիան արտահանում դուրս՝ լրացնելու համար եղած պահանջարկը։

Ուկրաինան ընդամենը 5 տարի առաջ է սկսել խխունջաբուծությամբ զբաղվել, բայց այնպիսի մեծ թափով, որ աշխարհի ամենամեծ խխունջաբուծական ֆերման այնտեղ է։ 2019 թվականին պետական կես միլիոն դոլար ներդրումով խխունջաբուծական առաջին ֆերման է հիմնվել նաև հարևան Վրաստանում։ Խխունջաբուծությամբ զբաղվում են Հարավային Ամերիկայից, Եվրոպայից մինչև Ասիա և Աֆրիկա։ Չինաստանն, օրինակ, ամենամեծ արտահանողն է։

Արտագաղթելու և այլ երկրում նոր կյանք սկսելու համար մի կողմ դրված խնայողությունները դարձան ներդրում սեփական երկրում նոր գործ հիմնելու համար։

«Իրար հետևից անհաջողություններից հետո կինս առաջարկեց, որ մեկնեմ Եվրոպա ու տեղում սովորեմ։ Լավագույն դասախոս-խորհրդատուներից մեկին գտա Հունաստանում ու մեկնեցի»,- պատմում է Վահեն։

Գնաց, սովորեց, կապեր հաստատեց, վերադարձավ Հայաստան, Բյուրականում հիմնեց ֆերմա։ Սովորական խոտի փոխարեն որպես խխունջներին կերակուր եվրոպական տարատեսակ կանաչիներ ցանեց, Եվրոպայից ներմուծեց երկու տեսակի խխունջների՝ Aspersum Muller և Aspersum Maxima –ի մայրացուներ ու սկսեց բուծել։

«Խխունջներից տարբեր բաղադրատոմսերով կերակուրներ են պատրաստում, մարինադ դնում, հատուկ ձևով պատրաստում են գարեջրի հետ ուտելու համար, պահածոյացնում և այլն։ Խխունջների մեծածախ գինը 1 կգ-ի համար 2,5-ից 7 եվրո է, իսկ խխունջների ձուն՝ խավիարը, բազմապատիկ թանկ է՝ 1 կգ 2000 եվրո արժե»,- նշում է Վահեն՝ խոսելով բիզնեսի եկատմաբերության մասին։ Որպես սնունդ օգտագործելուց բացի խխունջները նաև կոսմետիկայի արտադրության մեջ են լայնորեն օգտագործվում։

Ֆերմայում խխունջների թիվն արագ է ավելանում, հերմոֆրոդիտ են, ձվադրում են տարեկան 2 անգամ՝ յուրաքանչյուրը 80-140 ձու է դնում։ Հետևաբար, ամեն ինչ ճիշտ անելու դեպքում ակնկալվող եկամուտներն իրենց երկար սպասեցնել չեն տա։

«Գյուղացիներ են գալիս, ասում են՝ մենք խխունջ աճեցնենք, կգնե՞ս։ Ասում եմ՝ այո, կգնեմ, բայց գիտե՞ս, թե ինչպես աճեցնել։ Ասում են՝ քո գործը չէ, մեզ խխունջները տուր, մենք կաճեցնենք։ Դե արի ու բացատրիր, թե քանի անգամ եմ ինքս անհաջողություն ունեցել, մինչև մեկնել եմ, տեղում սովորել, ուսումնասիրել եմ, հիմա էլ անընդհատ սովորում եմ, կապ եմ պահում մասնագետների հետ։ Հնարավոր է` այնպիսի խնդիր լինի, որ երկու օրում ամբողջ ֆերմադ կորցնես՝ վնասատուներ, հիվանդություններ, ջերմաստիճան և այլն։ Խխունջաբուծությունը դժվար գործ չէ, սովորել է պետք»,- ասում է Վահեն։

Հիմա Վահեի արտասահմանցի խխունջները դեռ քնած են, պասիվ շրջանում են, գարնանը նա հատուկ ջերմային վերմակները կբացի և կտեսնի խխունջների ձվադրության արդյունքները։ Չի բացառում, որ գարնանն էլ հենց առաջին բերքահավաքը լինի, բայց, ինչպես ինքն է ասում, աստծուց և ժամանակից առաջ չի ընկնում, աշնանն էլ լինի` վատ չէ։ Իրացման մասին չի անհանգստանում, շուկան անսահման է։

Վահեն ուսումնասիրել է նաև մեր տեղական խխունջները։ Դրանք ևս իրացման հնարավորություններ ունեն, բայց լրիվ այլ տեխնոլոգիայի կիրառում է պահանջում։ Մեր խխունջները հարմարեցված են հայաստանյան կլիմայական պայմաններին, խեցին ավելի ամուր է և այլն։ Օրինակ` եթե ներմուծված խխունջները եփվում են 15-20 րոպեում, ապա «տեղացիները»՝ գրեթե 4 ժամում։

Ի դեպ, Հայաստանն անցյալ տարի ստացել է նաև խխունջ արտահանելու եվրոպական հավաստագիր։ Վահեի կարծիքով՝ արտահանելուց բացի Հայաստանում էլ սպառման շուկան կլինի թե՛ կոսմետիկայի համար, թե՛ ռեստորաններում որպես դելիկատես։

Հիմա Վահեն մտածում է վարկ վերցնել՝ ֆերման ընդլայնելու համար։ Վստահ է՝ Հայաստանի ամբողջ տարածքում հնարավոր է զբաղվել խխունջաբուծությամբ, միայն թե յուրաքանչյուր տարածաշրջանում պետք է հաշվի առնել տեղական կլիմայական պայմաններն ու համապատասխան ձևը կիրառել։

armeniasputnik.am