Երևանի օդում փոշու պարունակությունն ավելացել է 1.5 անգամ
Advertisement 1000 x 90

Երևանի օդում փոշու պարունակությունն ավելացել է 1.5 անգամ

Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնը  մայրաքաղաքում դիտարկումներ է իրականացնում  օդային ավազանում։ Արդյունքները մխիթարական չեն։

Մայրաքաղաքում աղտոտվածությունը բավականին մեծ է։ Կանաչապատման ինչ ծրագրեր է նախատեսում քաղաքային իշխանությունը և ինչպես պետք է վերականգնվեն  անտառածածկ տարածքները:

Երևանում տեղակայված 5 դիտակայանների շուրջօրյա դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ վերջին երեք ամիսներին մայրաքաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նախորդ ամիսների հետ համեմատ ավելացել է 1.5 անգամ։

«Բայց այդ ավելացած կոնցետրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցետրացիաներին բնորոշ կոնցետրացիաներ են։ Այսինքն` 2019 թվականի ընթացքում մթնոլորտային օդում փոշու կոնցետրացիան չի ավելացել, սակայն ունենք սահմանային թույլատրելի կոնցետրացիաներից գերազանցումներ։ Սահմանային թույլատրելի կոնցետրացիան 150 միկրո գրամ մետր խորանարդ է, իսկ առավելագույն դիտված կոնցետրացիաները երեք- չորս անգամ գերազանցել են»։

Ըստ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի՝ մտահոգիչ է սահմանված թույլատրելի նորմերից 40 տոկոս գերազանցումների թիվը։ Ստացվում է, որ մթնոլորտային օդում փոշու կոնցետրացիան բավականին մեծ է։ Սակայն տարվա ընթացքում այն էականորեն չի փոխվել։ Մյուս աղտոտիչների՝ ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ չկան։ Եղածներն էլ էպիզոդիկ դեպքեր են, ասում է նախարարության ներկայացուցիչը։

«Քաղաքում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս և Խանջյան խաչմերուկն է, որտեղ դիտակայանում հաճախ ենք ունենում գերազանցումներ»։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ բերված թվերը չեն արտահայտում այն վտանգը, որն առկա է հանրապետությունում։ Օրինակ է բերում գաջի գործարանի հարևանությամբ ապրողներին, որոնք ամեն օր շնչում են օդն աղտոտող վտանգավոր փոշին։ Բնապահպանը նշում է, որ թեև չկան ծծմբի և ազոտի երկօքսիդների մասով գերազանցումներ, սակայն «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» հարակից տարածքներում վտանգավոր արտանետումների էպիզոդները շատ են։

« Դուք մի հատ փորձեք, երբ արտանետում է լինում, մեկ րոպե այնտեղ կանգնել»։

Մեր հանրապետությունում չկա պաշտպանիչ շերտ, որով մարդը կարող է այդ վատ աղտոտված օդը չշնչել։ Կանաչապատ տարածքները Հայաստանում վաղուց վերացել են։

Ամբողջությամբ՝ armradio.am