«Օրինակ` բանկերի ու վարկային կազմակերպությունների համար մենք կարող ենք հստակ նորմատիվ սահմանել, որպեսզի վարկառուների մոտ ամսական եկամուտի որոշակի տոկոսը չգերազանցի վարկի մարումը։ Կամ, օրինակ, հիփոթեքային վարկերի դեպքում` վարկ/գրավ հարաբերակցություն, որպեսզի հաճախորդը ևս ունենա անհրաժեշտ ապահովվածություն` վարկը ձեռք բերելու համար»,– պարզաբանեց Գրիգորյանը։
Հարցին, թե ինչու են բանկերը նման ռիսկի դիմում, Անդրանիկ Գրիգորյանը պատասխանեց. «Բանկի գործը ռիսկի դիմելն է։ Հենց այդ ռիսկի համար էլ իրենք ստանում են համապատասխան եկամուտ։ Բանկի տոկոսը հենց այդ ռիսկի դիմաց փոխհատուցումն է։ Որքան ռիսկը մեծանում է, այնքան տոկոսն ավելանում է»։
Անդրանիկ Գրիգորյանի խոսքով` վարկ տրամադրելուց առաջ բանկերը նախ և առաջ հաշվի են առնում հաճախորդի վարկունակությունը։ Մյուս կողմից քաղաքացիները հակված են անհամաչափ պարտքի բեռ վերցնելու` գայթակղվելով «էժան վարկերի» առաջարկներով։ «Մենք շատ ունենք դեպքեր, երբ հաճախորդները վարկի տակ են, պարտքի տակ են, բայց էլի են դիմում վարկ ստանալու։ Դրա համար բանկերն իրականացնում են մոնիթորինգ, հետևում են իրենց հաճախորդների ֆինանսական վիճակին։ Ու, բնականաբար, եթե պարտքի բեռն անհամաչափ մեծանա, դա կարող է ռիսկեր առաջացնել։ Հատկապես երկարաժամկետ վարկերի դեպքում, ինչպիսին հիփոթեքն է, բանկերը շատ ավելի հաճախ են իրականացնում մոնիթորինգ»,- ասաց Գրիգորյանը։
Բանկերն էլ վարկառուներին մերժում են միայն այն դեպքում, երբ համոզված են, որ նա ի վիճակի չի լինելու այն վճարել։ Ինչ վերաբերում է արագ զարգացող ու մեծ պահանջարկ ունեցող հիփոթեքային շուկային, Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, այն այս պահին վտանգ չի ներկայացնում ո՛չ բանկերի, ո՛չ պետության ֆինանսական համակարգի համար։ Գաղտնիքը` գրավադրված գույքն է։ Եթե հաճախորդը չկարողանա վերադարձնել վարկը, կզրկվի բնակարանից։ Եվ նման դեպքեր, Անդրանիկ Գրիգորյանի խոսքով, այսօր Հայաստանում ևս գրանցում են։ Հիփոթեքային վարկերի ներկա ծավալը, պաշտոնական տվյալներով, գերազանցում է 360 մլրդ դրամը։