ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ մի շարք օրենքներում` հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունն ապահովելու համար։ Օրենսդրական կարգավորումների փաթեթեն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ոչ հոժարակամ բուժումն իրականացվում է այն դեպքում, երբ անձի վարքագիծը վտանգ է ներկայացնում իր և շրջապատող անձանց նկատմամբ` դատարանի որոշման հիման վրա, որն էլ կայացվում է բուժում իրականացնող կազմակերպության դիմումի հիման վրա»,– պարզաբանեց Արսեն Թորոսյանը` հավելելով, որ դա բխում է հենց այդ անձի ու հասարակության շահերից։
Նախարարի համոզմամբ` այս կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ որոշ դեպքերում միայն հոժարակամ բուժման մեխանիզմները բավարար չեն հանրության լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ այս կարգավորումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքին։
Քննարկումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրեց 2019թ–ին տեղի ունեցած երկու սպանությունները, երբ հոգեբուժարանում հաշվառված որդիները սպանել էին իրենց ծնողներին։
«Երկուսն էլ հաշվառված հիվանդներ են եղել, երկուսն էլ կարճ ժամանակ առաջ են հոգեբուժական հիվանդանոցից դուրս գրվել` լավացում ախտորոշմամբ։ Կոնկրետ այդ դեպքերը ցույց են տալիս, որ բացի իրավական կարգավորումներից, նաև այդ հիվանդների հետ տարվող առողջապահական աշխատանքները բարվոք վիճակում չեն եղել։ Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հիվանդանոցից «լավացում» ախտորոշմամբ դուրս գրվել ու օրերի ընթացքում մորը սպանել»,– ասաց Դավթյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հոգեբուժական հաստատությունները համարվում են փակ հաստատություններ ու տարիներ շարունակ ծառայել են մարդկանց մեկուսացնելու նպատակին։
«Խորհրդային Միության տարիներին հայտնի բռնաճնշումների շրջանում ամենալեգիտիմ ձևն է եղել մարդուն մեկուսացնելու` պիտակը կպցնել, որ հոգեկան հիվանդ է, ու տանել հոգեբուժական հիվանդանոց ու փակել»,– ասաց նա։
Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ այսօր հոգեբուժարաններն այլևս ռեպրեսիվ մեքենաներ չեն, որտեղ մարդուն պատժում են։ Դրանցում, բացի պետական վերահսկողությունից, ստեղծվելու է հասարակական խորհուրդ, որը ցանկացած պահի իրավունք է ունենալու այցելելու ու տեսնելու, թե այդ պահին ներսում ինչ է կատարվում։ Թորոսյանը նշեց նաև, որ նախարարությունն աշխատանքներ է տանում հոգեբուժարաններում սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, բուժման որակի բարձրացման ուղղությամբ։
Երկարատև քննարկումներից հետո կառավարությունն ի վերջո ընդունեց Թորոսյանի առաջարկած օրենսդրական փաթեթն ու այն ուղարկեց Ազգային ժողով` ընդունելու համար։