ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՉՊԱՏՄԵՐ
Մարզասրահում, որտեղ ես պարապում եմ, ինձ հետ միևնույն ժամերին մարզվում են նաև ազգությամբ հնդիկ եղբայրներ։ Երկու սուպեր–սիրալիր, սուպեր–բարեկիրթ ու փիս խարիզմատիկ սևուկ–սևուկ տղաներ։ Երկուսի հետ էլ բավականին մտերմացել եմ։ Երկուսն էլ զարմանալի վարժ տիրապետում են հայերենին։ Ինչ–որ սովորում են Երևանում, ինչ–որ նաև աշխատում են։ Ճիշտն ասած՝ էդ ուղղությամբ լավ տեղեկացված չեմ, որովհետև սովորություն չունեմ անձնական տիրույթի հարցեր տալ նոր ծանոթներիս։ Հիմնականում շփվում ենք ֆիթնեսի թեմաներով՝ մկաններ, ջլեր, կրեատին–խույատին բան ման։ Հա։
Էսօր նույնպես շփվում էինք։ Սկզբում սովորականի պես, իսկ հետո, չգիտեմ ինչու, խոսք գնաց հնդիկ եղբայրների արտակարգ լավ հայերենից։ Ավագ եղբայրը համեստորեն ընդունեց, որ դեռ բարելավելու տեղ ունի, ես էլ կատակեցի, թե որ մի քիչ էլ բարելավի՝ ինձանից լավ կխոսի։ Նրանք գնահատեցին իմ հումոր–հաճոյախոսությունը, խնդացին, ֆրանսերենով ասեցին՝ մերսի։ Սակայն դրանից անմիջապես հետո կրտսեր եղբայրը կտրուկ մռայլվեց ու անսպասելի վրա բերեց, թե՝ Ես կուզեի չիմանալ ձեր լեզուն։
Ի՞ՆՉ
Զարմանքից աչքերս չռեցի։ Հենց էդ պահին պատրաստվում էի տրիցեփսս մարզել, բայց փոխարենը իջեցրի գանտելը հատակին ու փորձեցի հասկանալ, թե ինչու՞ է հնդիկը հրաժարվում «ոսկեղենից»։
Ու նա պատմեց։ Ավելի լավ է չպատմեր։
«Ամեն օր մետրոյում, ավտոբուսի մեջ ու խանութներում տասնյակ անգամներ մենք լսում ենք հայ կանանց ու աղջիկների կատարմամբ «ՅԱ՜ԽԿ ՀՆԴԻԿ» ու «ՓՆԹԻ ՀՆԴԻԿ» արտահայտությունները, իսկ տղաները մեզ տեսնելիս՝ իրար մեջ հաճախ օգտագործում են ԲՈԶԻ ՏՂԱ ՀՆԴԻԿ քֆուրը։ Պատահում է, որ մտնենք ռեստորան, տեղավորվենք սեղանի շուրջ, իսկ հայերը ցուցադրաբար փոխեն իրենց տեղը, որպեսզի չնստեն մեր կողքին։ Լինում են դեպքեր, որ ակնհայտ զզվանքով են սպասարկում մեզ ՝ կրկին բարձրաձայնելով ռեպլիկներ մեր մաշկի, հիգիենայի, մտավոր կարողությունների մասին։ Ես ու ախպերս գիտենք հայերեն. ի տարբերություն շատ ուրիշ հնդիկների՝ մենք հասկանում ենք, երբ մեզ վիրավորում են։ Մենակ մի բան չենք հասկանում», – ծանոթս դադար վերցրեց, նայեց աչքերիս մեջ ու իր նուրբ ակցենտով հարցրեց,– «Խի՞ եք մեզ էդպես ատում»։
Ըըը…
Ընկերներ, իմ կյանքում պատահել են դեպքեր, երբ հայտնվել եմ անհարմար իրավիճակներում, բայց երդվում եմ՝ բոլոր նախկին դրվագներում խոսքս չէր դավաճանել ինձ։ Միշտ հաջողացրել եմ ինչ–որ կերպ շտկել դրությունը։ Էս անգամ չկարողացա։
ԵՍ ԼՌՎԵԼ ԷԻ…
Դա սոսկալի ամոթի զգացողություն էր։ Այդպիսի ամոթ երբեք չեմ ապրել։ Դու քեզ զգում ես ոչնչություն ու գաղափար չունես, թե ինչպես մեղմացնես էդ գարշելի զգացողությունը։
Լացս եկել, կանգնել էր կոկորդիս, բայց զսպում էի ինձ։
Ի՞նչ անեի։
Ձեռքս դրեցի կրտսեր եղբոր ուսին ու կիսաձայն ասեցի՝ Կներե՛ք, տղերք։
Ասեցի ու գլուխս կախ գնացի հանդերձարան։
Ռուբեն Վարդազարյանի ֆեյսբուքյան էջից: