Ի՞նչ են թաքցնում օվկիանոսները, ծովերը, լճերը…
Դարեր ի վեր մարդկությունը ջրերի խորքն ուսումնասիրելու ուղիներ է փնտրել, ի սկզբանե մարգարիտներ, խորտակված նավեր ու գանձեր որոնելու, հետո՝ ջրասույզ հուշարձաններ ու նույնիսկ բնակավայրեր, ավելի ռոմանտիկները՝ մի ամբողջ երկիր՝ Ատլանտների երկիրը:
Մեր օրերում սուզորդներից շատերը գնում են հետաքրքիր զգացողությունների հետևից, տեսնելու այն, ինչը շատերին անհասանելի է՝ հեքիաթային աշխարհ հիշեցնող գունեղ մարջաններ, զբոսանք ձկնիկների, դելֆինների, ծովային կենդանիների հետ: Հայ սուզորդներից ոմանք էլ ավելի հետաքրքրված են ջրասույզ հայկական նավերի, բնակավայրերի ու հուշարձանների փնտրտուքով:
Վանա լճի մակարդակը դարերի ընթացքում հետզհետե բարձրացել է` ջրասույզ անելով ու միաժամանակ պահպանելով հայոց պատմական հուշարձանների մի կարևոր մաս:
Վասպուրականի 5-րդ գահերեց իշխանի՝ Գագիկ Արծրունու կառուցած պարիսպների ու դեռ 10-րդ դարում արհեստական նավահանգստի նկարագիրն է տալիս հայ մատենագիրներից Թովմա Արծրունին:
«Իր պարսպած բազմաթիվ ամրոցներից հատկապես երկուսը գրավում են դիտողին՝ ստիպելով ակնապիշ նայել: Մեկը Ոստան ավանն է՝ ծովեզերքին, Ռշտունյաց գավառում… Պարսպում է նաև ծովակողմը զորավոր վեմերով` հիմքերը դնելով անհնարին խորության մեջ, իսկ պարսպի վերևում՝ ծովի առջև շինում է մի ճեմադահլիճ` զարդարված ոսկեզարդ ու պես-պես ներկերով: Կազմում է կամարաձև, օդաբեր, զովացնող դռներ, միաժամանակ նաև շողարձակ լուսամուտներ, որոնք արեգակի ծագման ու մայրամուտի պահերին փայլատակելով ծովի վրա՝ դահլիճի սրտի մեջ են գցում իրենց շողերը և պես-պես գույներով շրջելով դրոշմված պատկերներն ու զանազան հորինվածքները, ապշեցնում են դիտողներին»:
Մատենագրի հաջորդ վկայությունը Աղթամար կղզում կառուցված արհեստական նավահանգստի նկարագիրն է, ինչը բնորոշ էր ժամանակի առաջադեմ երկրների ճարտապետական մտքին։
«Հրաման տվեց բազմաթիվ արհեսավորների և անթիվ մարդկանց կտրել ծանր ու դժվարակիր վեմ քարեր և գցել ծովի անհնարին խոր հատակը: Այսպես մեծն արքան ջանքեր թափեց ու անսպասելիորեն կանգնեցվեց ծովից 5 կանգուն բարձրությամբ քարահատակ ամբարտակ, որը մտքի աչքերով, ինչպես ցամաքի վրա, հաստատուն կերպով դրեց մեծ քարերի շարքով: … Ծովի խորահատակ հիմքերի բերանին նա դրեց ահավորատես, հաստահեղույս, բևեռապինդ դռներ: Այսպիսով ծովի մի մասն առնելով կղզու կողմը նա հրաշալիք գործեց և ստեղծեց խաղաղ ու անքույթ նավահանգիստ՝ նավերի խմբի համար: Հրաշակերտից ավելի լավ, քան արել էր Ալեքսանդրը՝ Մակեդոն քաղաքից»:
Գագիկ Արծրունու թողած պատմական ժառանգությունն այժմ ննջում է Վանա լճի հատակին։
Ամբողջությամբ՝ armradio.am