Կինոռեժիսոր, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել էր Արցախում գտնվող իր ռեստորանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված սկանդալի մասին:
Նա պատմել է, որ վարչապետն իր ընտանիքով այս կիրակի եկել էր Արցախ՝ տեսակցելու բանակում ծառայող որդուն և ընտանիքի հետ ճաշել է իրենց ռեստորանում, ինչից հետո Փաշինյանը պահանջել է ՀԴՄ և աշխատակիցներն ասել են, որ ՀԴՄ տպող սարքը չի աշխատում: Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյան սկանդալ է սարքել ռեստորանում, աշխատակիցներին մեղադրել է «զինվորի հաց ուտելու» մեջ, ապա զանգահարել է Արցախի Պետնախարարին և պահանջել, որպեսզի տուգանեն ռեստորանի սեփականատիրոջը:
Ըստ Արշակ Զաքարյանի, ռեստորանը հարկերը վճարում է հաստատագրված վճարով և ՀԴՄ չտրամադրելը չի կարող հարկ թաքցնել համարվել: Բանակի մասին հաղորդման հեղինակ և Արցախում հաստատված գործիչն ասում է՝ պատրաստ է շատ ավելի մեծ տուգանք վճարել, բայց ինքը վիրավորվել է վարչապետի պահվածքից և իրենց «զինվորի հաց ուտելու մեջ» մեղադրելուց:
«Ես և իմ ընկերները շատ չեմ խորանա՝ ինչեր ենք արել բանակի համար, մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «Քաղաքացիական պայմանագիրն» էլ զինվորին հաց տվողն էին, հա՞: …Այդպիսի աղմուկ բարձրացնելն ու մեզ զինվորի «հաց ուտող» անվանելն ուղղակի վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային, վայել չէ ՀՀ վարչապետին ու ընդհանրապես տղամարդուն: Նախ, քանի որ այդ ՀԴՄ-ով ոչինչ չի լուծվում, մենք հաստատագրված հարկ ենք վճարում: Մենք ապրում ենք սարերում, այստեղ բիզնես դնելը հեշտ չի, եթե որևէ բան է պատահում մոտակա խանութը Սոտքի վտանգավոր ոլորաններով պետք է 65 կիլիոմեր գնաս, որ մի բան գնես: Պետք է հասկանալ իրավիճակը, ոչ թե մանիպուլյատիվ օգտագործել այդ ճղճիմ ու շատ ամոթալի ձևակերպումը: Ես այս մասին չէի խոսի, եթե մեզ չմեղադրեին «զինվորի հաց ուտելու մեջ», մենք զինվորին հաց տվող ենք: Նման ճղճիմ պահվածքն ամոթալի է», – ասաց Զաքարյանը՝ շեշտելով իր վրդովմունքը պայմանավորված է միայն վարչապետի հասցված անձնական վիրավորանքով:
Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է միջադեպի մասին լուրը: Facebook-ի իր էջում նա գրել է. «Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում:
Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու տեսնելով, որ կտրոնը չեն բերում, ես ինքս մոտեցա: Տեսնեմ՝ մի քանի աշխատողներով հավաքվել են ՀԴՄ-ի գլխին ու չեն կարողանում կտրոն խփել (նման բան պատահում է այն դեպքերում, երբ օբյեկտի աշխատողները սարքի հետ առնչվելու պրակտիկա չեն ունենում):
Այդ ընթացքում իմացել էի, որ քաղաքացիների խումբ է եկել, որ ինչ-որ հարց է ուզում ինձ հետ քննարկի: Ռեստորանից դուրս եկա, երեւի մի քսան րոպե զրուցեցի քաղաքացիների հետ: Զրույցն ավարտելուց հետո հետաքրքրվեցի. ՀԴՄ կտրոնը բերեցի՞ն: Ոչ ոք տեղյակ չէր: Ներս մտա, հարցրեցի. ի՞նչ եղավ ՀԴՄ կտրոնը: Սկսեցին ինչ-որ բան պատմել, որ ՀԴՄ-ն նոր են փոխել եւ այլն եւ այսպես շարունակ ու այդպես էլ կտրոն չտվեցին:
Աշխատողին ասացի՝ բայց Դուք հեռուստացույց չեք նայու՞մ, չեք տեսնու՞մ, որ ամբողջ օրը խոսում ենք ՀԴՄ կտրոնի, դրա կարեւորության մասին, ասում ենք, որ ՀԴՄ կտրոն չխփողը զինվորից է գողանում: Հիմա Դուք կոնկրետ դրանով եք զբաղված ու ես հիմա դեպքի մասին ահազանգելու եմ Արցախի հարկային մարմիններին, որ ընթացք տան: Այդպես էլ վարվեցի ու կարծում եմ, որ բոլոր ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ի դեպ, չնայած Արցախի Հանրապետությունում հանրային սննդի օբյեկտները հաստատագրված հարկ են վճարում, ՀԴՄ կտրոնի թողարկումը ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:
Հիմա այս դեպքից հետո ռեստորանի սեփականատերը աղմուկ է բարձրացրել, թե վարչապետը հարկայինն ուղարկել է ինձ վրա: Ուզում եմ պաշտոնապես ասել, որ բոլոր նման դեպքերում նույն կերպ եմ վարվելու եւ նույն կերպ վարվելու կոչ եմ անում Հայաստանի եւ Արցախի բոլոր քաղաքացիներին»: