Հայաստանի հեռահաղորդակցույթան շուկայի խոշորագույն մասնակիցներից մեկը՝ Beeline ապրանքային նշանի տակ գործող ՎԵՈՆ Արեմենիա ընկերությունը, կարող է ամբողջությամբ անցնել մի այլ օպերատորի՝ Յուքոմ ընկերության, սեփականության տակ։
Ինչպիսի՞ հետևանքներ դա կարող է ունենալ շուկայի համար։ Չի տուժի, արդյո՞ք, շուկայական մրցակցությունը։ Ի՞նչ կարող է անել պետությունը շուկայի համակենտրոնացման հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու համար։ Այս վերլուծությունը նվիրված է այդ հարցերի պատասխանները գտնելուն։
…Այսօր շարժական կապի շուկայում նման դիրք ունեցող կարող է համարվել Վիվասել ՄՏՍ ապրանքային նշանի տակ գործող Ղ-Տելեկոմ ընկերությունը, իսկ ամրակցված (ֆիքսված) հեռախոսային կապի շուկայում՝ ՎԵՈՆ Արմենիան։
Ինչպիսի՞ն է իրավիճակը Յուքոմի կողմից ՎԵՈՆ Արմենիայի ձեռքբերման դեպքում։
2019-ին պաշտոնապես հրապարակված ընկերությունների վերջին՝ 3-րդ եռամսյակի, հաշվետվությունների համաձայն՝ Հայաստանում էլեկտրոնային հաղորդակցության շուկաները ունեն հետևյալ կառուցվածքը։
Այդ հաշվետվությունների համաձայն՝ շարժական կապի ընդհանուր բաժանորդների քանակը (չհաշված զուտ ինտերնետ ծառայությունից օգտվողների) կազմում է մոտավորապես 3.5 միլիոն բաժանորդ։
Բաժանորդների թիվը գերազանցում է Հայաստանի բնակչությունը, քանի որ բնակչության մեծ մասն ունի մի քանի շարժական հեռախոսահամար։ Վիվասել ՄՏՍ-ը նշում է 2.2 մլն բաժանորդ, ՎԵՈՆ Արմենիան՝ 965 հազար, իսկ Յուքոմը՝ 475 հազար։
Դատելով շարժական հեռախոսակապի շուկայի պատկերից՝ ՎԵՈՆ Արմենիա ընկերությունը ձեռք բերելու դեպքում անգամ՝ Յուքոմի ընդհանուր բաժանորդների թիվը չի գերազանցի Վիվասել ՄՏՍ ընկերության բաժանորդների թիվը։
Իսկ ֆինանսական ցուցանիշների տեսակետից՝ Յուքոմի ու ՎԵՈՆ-ի համատեղ եկամուտը մոտավորապես 30%-ով զիջելու է Վիվասել ՄՏՍ-ին։
Այնուամենայնիվ, թե՛ բաժանորդների քանակի, թե՛ ծառայությունների մատուցման դիմաց ձեռքբերված եկամտի տեսակետից իրավիճակը փոխվելու է:
Այլ իրավիճակ է ամրակցված (ֆիքսված) կապի շուկայում։
Նույն ժամանակաշրջանի հաշվետվությունների համաձայն՝ Յուքոմի ինտերնետ ծառայություններից օգտվողների թիվը կազմում է 110 հազար մարդ, իսկ ՎԵՈՆ-ի՝ 111 հազար։
Սակայն, ՎԵՈՆ Արմենիայի ձայնային լարային հեռախոսակապի բաժանորդների թիվը գրեթե վեց անգամ մեծ է Յուքոմի բաժանորդների թվից՝ 350 ու 58 հազար համապատասխանաբար։
Շուկայում երրորդ խոշոր խաղացողը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱՆ-ն (Ռոստելեկոմը), ունի ինտերնետ ծառայությունից օգտվող 53 հազար բաժանորդ ու ընդամենը 18 հազար ձայնային լարային հեռախոսակապի բաժանորդ։
Շուկայում գործում են նաև ինտերնետ ծառայություններ մատուցող բազմաթիվ փոքր ընկերություններ, որոնք այս կամ այլ կերպ կախված են խոշոր խաղացողներից և իրենց բաժանորդների քանակը չի գերազանցում 10 հազարը։
Ստացվում է, որ Յուքոմի կողմից ՎԵՈՆ Արմենիա ընկերության ձեռք բերման դեպքում, ամրակցված (ֆիքսված, լարային) կապի շուկայում կառաջանա մեկ խոշոր օպերատոր, որը հսկելու է շուկայի մոտավորապես 70%-ը։
Լարային կապը շատ մեծ նշանակություն ունի ռազմական ու ռազմավարական նպատակների համար։
Ոչ լիարժեք մրցակցությունը սովորաբար հանգեցնում է ենթակառուցվածքների դանդաղ զարգացմանը, ընդհանուր որակի անկմանը և ոլորտի թերի զարգացմանը։
Ինչպիսի՞ն կլինի հանձնաժողովի լուծումը, որը կապահովի շուկայի մասնակիցների իրենց սեփականությանը ազատ տնօրինելու իրավունքը և միևնույն ժամանակ՝ կպաշտպանի շուկայում վերջապես ձևավորված արդար մրցակցությունը։
Տարբերակներից մեկը շարժական կապի համակենտրոնացումը թույլատրելն է՝ պարտադրելով պահպանել լարային կապը որպես շուկայի առանձին սուբյեկտ՝ առանձնացնելով այն թե՛ շարժական, թե՛ Յուքոմին պատկանող ամրակցված ցանցի միջոցով մատուցվող ծառայություններից։
Հույս ունենանք, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի որոշումը հաշվի կառնի այդ փորձը, և Հայաստանը կրկին չի հայտնվի մենաշնորհային ծուղակում։
Դավիթ Սանդուխչյան, իրավաբան
Ամբողջությամբ՝ media.am