Ապահովագրական ընկերությունները շուտով կսկսեն գյուղատնտեսության ոլորտում ևս երեք մշակաբույսի ապահովագրական փաթեթի վաճառքի գործընթացը: Դրանք են հացահատիկային մշակաբույս՝ ցորեն և գարի, ինչպես նաև խնձոր ու դեղձ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում նշեց Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալության փոխտնօրեն Նարեկ Հովակիմյանը:
«Այս երեք մշակաբույսերի ապահովագրության վաճառքը հասանելի կլինի Հայաստանի բոլոր մարզերում: Ապահովագրական այս փաթեթի վաճառքն ունի ժամկետներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք: Կներկայացնենք նաև պայմանները, այն է՝ ապահովագրական վճարը, ապահովագրական ծածկույթը և այլն»,-ասաց Նարեկ Հովակիմյանը:
Նրա խոսքով, ամեն դեպքում այս մշակաբույսերի ապահովագրությունն ունենալու է այն նույն տրամաբանությունը, ինչն առկա է ներկայում խաղողի և ծիրանի համար վաճառվող ապահովագրական փաթեթներում: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրով վաճառքի հանված առաջին փաթեթները վերաբերում են հենց խաղողին ու ծիրանին: Այս ուղղություններով գործընթացն ակտիվ փուլում է: Նշված մշակաբույսերի ցրտահարության ռիսկի համար ապահովագրության վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել ընթացիկ տարվա փետրվարի 15-ը: Կարկուտի և հրդեհի ռիսկի համար վաճառքի վերջնաժամկետ է սահմանվել մինչև մարտի 25-ը:
«Մենք այս ընթացքում գյուղացիական տնտեսությունների շրջանում լայնածավալ իրազեկման աշխատանքներ ենք կատարել: Ներկայացրել եք ապահովագրական գործընթացի հնարավորությունները: Ասեմ, որ հետաքրքրությունը մեծ է, շարժ նկատվում է, վաճառքի տվյալներն ամեն օր փոխվում են, թեպետ, մենք սպասում ենք, որ ավելի ակտիվ պետք է լինեին»,-ասաց Նարեկ Հովակիմյանն՝ ընդգծելով, որ ծրագրի հաջողությունը կախված է հենց գյուղացիական տնտեսությունների ակտիվ մասնակցությունից: Մարզային այցերի ընթացքում գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հետաքրքրվել են ինչպես ծրագրի պայմաններով, մշակաբույսերի տեսակների ավելացմամբ, այնպես էլ վնասի փոխհատուցմամբ: Նարեկ Հովակիմյանն ընդգծեց՝ պետությունն ամեն ինչ անում է, որ պայմանագրերը լինեն մաքսիմալ հասանելի, իսկ փոխհատուցումը՝ մաքսիմալ շոշափելի:
Նշված մշակաբույսերի ապահովագրական փաթեթը մի շարք հնարավորություններ է տալիս: Մասնավորապես, ապահովագրության փաստացի գումարի 50 տոկոսի չափով տալիս է պետությունը: Վնասի դեպքում ապահովագրական ընկերությունը, օրինակ, ցրտահարման պարագայում փոխհատուցում է 60 տոկոսի չափով: Նարեկ Հովակիմյանը ներկայացրեց հետևյալ օրինակը:
«Ենթադրենք այգին գտնվում է երրորդ ռիսկային գոտում, գյուղացին ձեռք է բերել ամենաբարձր ապահովագրական ծածկույթի 1 մլն 800 հազար դրամի պայմանագիր: Խաղողի մեկ հեկտարի համար պետք է վճարի 42 հազար 300 դրամ, մյուս 42 հազար 300 դրամը կվճարի իր փոխարեն պետությունը: Այսինքն՝ իրականում պայմանագրի արժեքը 84 հազար 600 դրամ է, որի կեսը սուբսիդավորում է պետությունը: Եվ եթե տեղի ունենա դեպք և այգին 70 տոկոսով վնաս կրի, ապա գյուղացուն կփոխհատուցվի 1 մլն 80 հազար դրամ: 1 մլն 800 հազար դրամի 70 տոկոսը դառնում է 1 մլն 200 հազար դրամ, դրանից հանում ենք 10 տոկոս չփոխհատուցվող գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ 1 հա խաղողի այգու համար, վճարելով 42 հազար 300 դրամ, վնասի դեպքում գյուղացին կստանա 1 մլն 80 հազար դրամ փոխհատուցում»,-ասաց նա: Նարեկ Հովակիմյանը նշեց, որ եթե գյուղացիական տնտեսության ներկայացուցիչը ձեռք չբերեց ապահովագրությունը, ապա վնասի դեպքում ֆինանսական կորուստները կրելու է ինքը:
Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից գյուղատնտեսության ապահովագրության ընթացիկ կառավարումն իրականացնելու համար, դրանց մեջ է մտնում պրոդուկտների մշակումը, սուբսիդավորման հայտի ստուգումը, վնասի գնահատման համակարգի ստեղծումը, վնասը գնահատողների լիցենզավորումը, ինֆորմացիոն բազայի կազմումը, կրկնակի բողոքների ստուգումը, վերապահովագրությունը և այլն: Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ապահովագրության ծրագիրն իրականություն է դարձել KFW՝ Գերմանական զարգացման բանկի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցության շնորհիվ: