
Բարմենի աշխատանքը ուրախ է. շփում, զգացմունքներ, ստեղծագործություն։ Հենց այդպես են մեր զրուցակիցները բնութագրում իրենց գործը։ Բարմենի միջազգային օրը Sputnik Արմենիան զրուցել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք պատմել են իրենց մասնագիտության մասին։
«Առանց կաթի լատե» և «սպիտակ բակարդի, բայց միայն բլեք». սա այն ամենը չէ, ինչ կարելի է լսել բարի մատուցասեղանի հետևից։ Եթե սպիտակ բակարդին մի քիչ անսովոր է հնչում, ապա առանց կաթի լատեն ժպիտ է առաջացնում ինձ` սովորական լրագրողիս մոտ։
Ես ժպտում եմ, որովհետև հաճախորդի չիմացության հետևանքով ստեղծված շիլաշփոթից պետք է գլուխ հանեն և նրան չնեղացնեն բարմեններ Մուշեղ Վարդանը և Արսեն Սարգսյանը։

– Եվ ինչպե՞ս դուրս եկաք այս իրավիճակից, – հարցնում եմ Մուշեղին` ենթադրելով, որ հավանաբար նա բացատրել է հաճախորդին, որ սխալը բան է ուզել կամ ասել, որ իրենց մենյուի մեջ նման բան չկա։
– Կաթն առանձին մատուցեցի, էքսպրեսոն` առանձին, – ժպտալով պատասխանեց Մուշեղը և հավելեց` որպեսզի չնեղացնեմ։
Մուշեղը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Դեռ ուսանողական տարիներից բարմեն է աշխատել։ Նրան միշտ դուրս է եկել համերի հետ խաղը`խառնել, նոր բան ստանալ։ Տղան զգացել է, որ դա ամենալավն է ստացվում իր մոտ և չի սխալվել։
– Ֆիզիկան օգնո՞ւմ է, – հարցնում եմ երիտասարդ ֆիզիկոսին։

-Օգնում է, այն էլ ինչպես։ Ավելի արագ ես բալանս գտնում խիտ, թունդ և թույլ խմիչքների միջև, գիտես` ինչպես ճիշտ վառել սպիրտը, որ դեպքում այն ավելի երկար կվառվի և այլն, –ասում է MBG Hospitality ընկերության ավագ բարմեն Մուշեղ Վարդանը։
Բարի սեղանիկը թույլ է տալիս նրան ոչ միայն ստեղծագործել, այլ նաև շփվել հաճախորդների հետ։ Նրանցից շատերն այնքան են բացվում, որ անձնական գաղտնիքներ են պատմում։ Ի դեպ, աղջիկներն ավելի հեշտ են շփման մեջ մտնում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am