1927 թվականից Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի որոնման համակարգով թվայնացված տարբերակն արդեն Հայաստանի ազգային գրադարանում է: Արժեքավոր նվիրատվությունը կատարեցին եւ տասը խտասկավառակներն Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանին հանձնեցին «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը եւ հայտնի մատենագիր Արտաշես Տեր-Խաչատուրյանի որդիները՝ Տարոն եւ Զարեհ Տեր-Խաչատուրյանները:
90-ամյա թերթի թվայնացված տարբերակը Ազգային գրադարանին հանձնելու գաղափարը ծնվել էր նոյեմբերին՝ հայ առաջին պարբերականի՝ «Ազդարար»-ի 225-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ: Նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել նաեւ Ազգային գրադարանի կողմից «Ազդակ» օրաթերթի մատենագիտությունը կազմելու վերաբերյալ:
««Ազդակ»-ի մատենագիտություն կազմելը մշտապես եղել է մեր ծրագրերում: Ցավոք, Սփյուռքում այսօր չկան մատենագիրներ, որ կկարողանան զբաղվել այդ գործով եւ Արտաշես Տեր-Խաչատուրյանի գործը իր լրումին հասցնել: Ազգային գրադարանի նախաձեռնած գիտաժողովն առիթ դարձավ նման պայմանավորվածություն ձեռք բերելու համար եւ, Արտաշեսի ընտանիքի հետ խորհրդակցելով, որոշեցինք այս նվիրատվությունն անել: 90-ամյա էլեկտրոնային արխիվը հատկացնում ենք Հայաստանի ազգային գրադարանին՝ ակնկալելով, որ մատենագիտություն կազմելու բարդ, երկարամյա աշխատանքն ամենափայլուն կերպով կկատարվի: Ուրախ եմ, որ գիտաժողովի ժամանակ ծավալված քննարկումները գործնական արդյունք տվեցին, որից պիտի շահի Հայաստանի եւ սփյուռքի մամուլի համատեղ աշխատանքը»,- նշում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Հայրս՝ Արտաշես Տեր-Խաչատուրյանը, սկսել էր կազմել «Ազդակ»-ի մատենագիտությունը: Ցավոք, ժամանակից շուտ հեռանալով կյանքից, չհասցրեց ի կատար ածել երազանքը: Այսօր մենք ուրախ ենք, որ «Ազդակ»-ի խմբագրակազմի հետ համաձայնության գալով, կարող ենք օրաթերթի թվայնացված խտասկավառակները նվիրել Ազգային գրադարանին եւ վստահ ենք, որ այստեղ ամենայն պատասխանատվությամբ եւ սիրով կվերաբերվեն պարբերականի մատենագիտությունը կազմելու դժվար աշխատանքին: Մի քանի տարի հետո մենք կունենանք «Ազդակ»-ի լիարժեք մատենագիտությունը, որը մեծ լուսամուտ կբացի սփյուռքի մամուլի հետ»,- ավելացնում է Տարոն Խաչատուրյանը:
«Ազդակ» օրաթերթի մատենագիտությունը կազմելու համար կստեղծվի աշխատանքային խումբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչեւ պարբերականի 100-ամյակը:
«Շատ կարեւոր մի իրադարձության մեկնարկն ազդարարվեց այսօր: Թվում, թե մամուլն այսօր տպագրվեց, գնաց պատմության գիրկը, բայց կարեւոր է այդ պատմությունը փրկելը, յուրաքանչյուր հոդված հասանելի դարձնելը: Հատկապես կարեւորում եմ սփյուռքահայ մամուլի մատենագիտություններ կազմելը, քանի որ տարբեր գաղթօջախներում լույս տեսնող մամուլը Խորհրդային տարիներին լիովին դուրս է մնացել ուշադրությունից: Մենք գիտակցում ենք, որ չափազանց կարեւոր այս գործը նաեւ բարդ է լինելու իրականացնել, քանի ուր 1927 թվականից լույս տեսնող պարբերականի մասին է խոսքը, բայց վստահ եմ, որ Ազգային գրադարանի աշխատակիցներն ամենայն պատասխանատվությամբ կմոտենան գործին եւ պարբերականի 100-ամյակին, «Ազդակ»-ի լիարժեք մատենագիտությունը պատրաստ կլինի»,- նշում է գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը: