Կմշակվի Վանաձորի նախկին ճոպանուղու վերագործարկման ծրագիրը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կմշակվի Վանաձորի նախկին ճոպանուղու վերագործարկման ծրագիրը

Լոռու մարզի ղեկավարի առաջարկությամբ կմշակվի մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքի զարգացմանն ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր:

Մարզի ղեկավարի կողմից Վանաձորի զարգացմանն ուղղված հետևողական քայլերը շարունակվում են, և Անդրեյ Ղուկասյանի հրավերով Վանաձորում են եղել Գրանթ Թորնթոն(Grant Thornton) հայաստանյան կազմակերպության ներկայացուցիչները՝ մարզկենտրոնի նախկին ճոպանուղու և Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքն ուսումնասիրելու, ապա նաև դրանց ուղղված բիզնես կոնցեպտ և ծրագիր մշակելու նպատակադրմամբ:

Մարզի ղեկավարի հետ հյուրերը շրջել են նշված տարածքներում՝ իրականացնելով նախնական ուսումնասիրություններ:
ՀՀ կառավարության հետ նախնական համաձայնությամբ արդեն պատրաստի ծրագրերը կներկայացվեն ՀՀ վարչապետին և կառավարությանը:

-Պետությունը պատրաստ է ստանձնելու ճոպանուղու և հարակից ենթակառուցվածքների, այգու պարագայում՝ տարածքի բարեկարգումը: Միաժամանակ արդեն իսկ կան գործարարներ, ովքեր պատրաստ են գումարներ ներդնելու սպասարկման ոլորտը զարգացնելու համար,-ասել է մարզի ղեկավարը:

Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Վանաձորն ունի մի շարք լուրջ առավելություններ անգամ Ծաղկաձորի և Դիլիջանի նկատմամբ, հետևաբար գաղափարի իրականացումը կնպաստի զբոսաշրջային լուրջ հոսքերի ներթափանցմանը: