Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները
Advertisement 1000 x 90

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում ավելի քան 32 000 պոտենցիալ դոնոր կա, 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները

Այսօրվա դրությամբ «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր» բարեգործական հիմանադրամում ավելի քան 32 000 դոնոր է կամավորագրվել։ Ռեեստր դիմած 5980 հիվանդի հետ նախնական համընկնող 5232 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 34-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Պոտենցիալ դոնորների թիվը վերջերս համալրվեց 70 երիտասարդ արվեստագետներով։

Ոսկրածուծի Դոնորների Հայկական ռեեստրը և հիմնադրամի բազմամյա գործընկեր Թերլեմեզյանի Անվան Գեղարվեստի Պետական Քոլեջը համատեղ միջոցառում-դոնորահավաք անցկացրեցին՝ նվիրված մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա խորհրդին, որը նշվում է փետրվարի 15-ին: ՈԴՀՌ-ի կամավոր դոնորների շարքերը համալրեցին մոտ 70 երիտասարդ արվեստագետներ՝ արտահայտելով իրենց պատրաստակամությունը՝ սատար կանգնելու փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին: Այսպիսի միջոցառումները կարևոր են երիտասարդների շրջանում տեղեկացվածության բարձրացման հարցում:

Ցողունային բջիջների փոխպատվաստումը այսօր կիրառվում է որպես նորարարկան եւ բարձր էֆֆեկտիվություն ապահովող բուժման մեթոդ արյան մի շարք հիվանդությունների ժամանակ։ Ըստ գիտական տվյալների՝ այդ միջամտությունը բուժվելու մոտ 60 տոկոսանոց շանս է տալիս այն պացիենտներին, որոնց համար բուժման այլ մեթոդները արդյունավետ չեն եղել։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

med.news.am