Դեպի Հայաստան չվերթ իրականացնող «դասական» ավիաընկերությունները դժգոհ են, որ լոուքոսթերները շուկա են մուտք գործել։ Սակայն հարցը միայն առողջ շուկայական մրցակցությունը չէ, կասկածներ կան, որ իշխանությունը «համաձայնության է եկել» բյուջետային ընկերությունների հետ։
Նշենք, որ իռլանդական Ryanair ավիաընկերությանը հայկական ավիաշուկա է մուտք գործել 2020 թվականին։ Հայաստանից Հռոմ և Միլան ուղղություններով թռիչքները իրականացվում են հունվարից: Իսկ 2020 թվականի հունիսի 1-ից Wizz Air հունգարական բյուջետային ավիաընկերությունը նոր՝ Երևան- Լառնակա (Կիպրոս)-Երևան երթուղով չվերթ կիրականացնի։
Մինչդեռ հայտնի է, որ Tarom ռումինական ավիաընկերությունը դադարեցրել է չվերթերը դեպի Երևան։ Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը բողոքում է անառողջ մրցակցությունից ու լուոքոսթերներին չափազանց շատ արտոնություններ տրամադրելուց։
«Բոլորս էլ մրցակցային շուկայի կողմնակիցներ ենք, բայց անընդունելի է, երբ մի ընկերություն անում է բոլոր վճարումները, իսկ մյուսը օդանավակայանի կողմից 90% զեղչ է ստանում»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ հայկական շուկա մուտք գործելիս Tarom ընկերությունը օդանավակայանում մեկ տարով զեղչ էր ստացել, բայց 15%-ով։ Ընդ որում` ընկերությունը միշտ «օդի հարկ» է վճարել։
Մուրադյանը պնդում է` իշխանության այն հայտարարությունները, որ լոուքոսթերների հայտնվելու պես զբոսաշրջիկների հոսքը մեծանալու է, այդպես էլ չիրականացան ու չեն էլ իրականանա, իսկ բյուջեն շարունակելու է կորուստներ ունենալ։
Ըստ կատարված հաշվարկների` լոուքոսթերները զբոսաշրջիկների պետք է ներգրավեն, օրինակ՝ իտալացիների:
«Սակայն մեկ ամսվա ընթացքում իտալացիներ Հայաստան չեն եկել, 5-10 զբոսաշրջիկը հաշիվ չէ։ Հարուստ իտալացիենրը լոուքոսթերներից չեն օգտվում։ Հիմնականում Հայաստան են եկել այն հայերը, որոնք տոմսերի բարձր գնի պատճառով 10-15 տարի Հայաստան չէին եկել։ Դա իհարկե լավ է, բայց նրանք չեն գալիս գումար ծախսելու։ Այսինքն՝ բյուջեն իր նախատեսած գումարը չի ստանում»,- նշեց Մուրադյանը։
Ուրիշ երկրներում լոուքոսթերներն այլ կերպ են աշխատում։ Օրինակ`իսպանական Ալիկանտեում յուրաքանչյուր զբոսաշրջիկ, անկախ նրանից՝ ինչ տրանսպորտով է քաղաք հասել, հյուրանոցում համար վարձակալելու համար քաղաքապետարանին գումար է վճարում։
«Ամեն օրվա համար հյուրանոցը պայմանական 5 եվրո է փոխանցում քաղաքի բյուջե։ Տարվա վերջում քաղաքապետարանը այդ գումարի մի մասը փոխանցում է լոուքոսթերներին, որ դրանք էժան գնով զբոսաշրջիկների բերեն քաղաք»,- ասաց Մուրադյանը։
Մուրադյանը նաև նշեց, որ իրեն հասած լուրերի համաձայն, հենց Wizz air-ը սկսի չվերթեր իրականացնել ու Երևանից Վիեննա չվերթերի համար արտոնություններ ստանա, Austraian Airlines-ը հայկական իշխանությանը բողոք է ուղղելու։ Հնարավոր է նույնիսկ, որ վերլուծելով լոուքոսթերների գները, դրանք մինչև ամառ աշխատեն ու փակվեն։
Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել Մոսկվայում գտնվող Austraian Airlines –ի ներկայացուցչի հետ։ Ավիաընկերությունը դեռ չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով մեր հարցմանը։
LOT լեհական ավիաընկերության շահերը ներկայացնող Աղվան Գրիգորյանն իր հերթին նշեց, որ չի կարող ընկերության անունից խոսել։
«Երկու բառով ասեմ։ Նորմալ տաքսիներ կային, հիմա «Յանդեքս» ու GG հայտնվեց։ Ի՞նչ պետք է անել` կա՛մ հարմարվել խաղի փոխված կանոններին ու աշխատել, կա՛մ փակվել»,- ասաց Գրիգորյանը։
Ի դեպ, LOT լեհական ավիաընկերությունն հիմնականում տարանցումային ուղևորափոխադրումներով է զբաղվում, իսկ լուոքոսթերները մի կետից մյուս կետն են թռչում։ Այդ առումով ընկերությունները միմյանց չեն խանգարում։
Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև Air France ու Aegean Airlines ընկերությունների հետ։ Մեկը արտասահմանում է, մյուսը մի քանի օր «օֆիսում չի լինելու»։
Sputnik Արմենիան դիմել է նաև «Զվարթնոց» օդանավակայան՝ լոուքոսթերներին տրամադրվող արտոնությունների մասին տեղեկություն ստանալու խնդրանքով։
«Օդանավակայանում բոլոր ավիաընկերությունների համար հատուկ սակագնային արտոնություն կա, որոնք միանգամից մի քանի ուղղությամբ կսկսեն չվերթեր իրականացնել ու հետագայում կավելացնեն դրանց քանակն ու հաճախականությունը»,- մեզ պատասխանեցին «Զվարթնոցի» մամուլի ծառայությունից։
Ինչ վերաբերում է Tarom-ի հայտարարություններին, ապա Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ այսպես արձագանքեց։
«Թե ինչու՞ է Tarom-ը շուկայից դուրս եկել, Հայաստանի հետ փոխկապակցված չէ: Դա իր ֆինանսական խնդիրների հետ է կապված, և գաղտնիք չէ, որ ընկերությունը մեկ տարում իր ղեկավարությունը փոխել է արդեն 6 անգամ: Եվ միայն Հայաստանի հետ կապված չէ, Վրաստանի հետ էլ խնդիրներ կան»,- ասել է Ռևազյանը։
Նա նշել է նաև, որ Արարատ Մուրադյան ընկերության անունից խոսելու իրավունք չուներ, այդ իսկ պատճառով իրենք կապ են հաստատել ընկերության կոմերցիոն տնօրենի հետ։
Sputnik Արմենիայի թղթակիցը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է ավիացիոն փորձագետ, Հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի նախկին անդամ Լևոն Ղազարյանի հետ։ Նա առաջարկեց հաշվել՝ ինչ արժե լոուքոսթերների համար Հայաստանից Եվրոպա չվերթ իրականացնելը։
Օրինակ` Երևան-Միլան չվերթը 3 ժամ է տևում (կայքում 4 ժամ 10 րոպե է նշված)։ Միջին արագությունը 750-800 կմ/ժ է։ Ընկերությունն օգտագործում է A-320 ինքնաթիռները, որոնք նախատեսված են 150 մարդու համար, բայց փոփոխված են և կարող են մինչև 180 ուղևորի տեղափոխել։
«Այդ ինքնաթիռները մեկ ժամում միջինը հինգ տոննա վառելիք են սպառում․ ամեն շարժիչը մոտ 2,2 – 2,4 տոննա։ Ստացվում է՝ երեք ժամվա մեջ 15 տոննա։ Մեկ տոննա վառելիքը 950-1000 դոլար արժե։ Այսինքն՝ մեկ չվերթի ծախսերն ինքնաթիռի համար 12-13 հազար դոլար են կազմում», – ասաց Ղազարյանը։
Ենթադրենք` ինքնաթիռը երկու ուղղությամբ էլ ամբողջովին լցված է գնում, բայց եթե 12-13 հազարը բաժանում ենք 180-ի մեկ տոմսի դիմաց 67-72 դոլար ենք ստանում։
Ինչպես ընկերությունը կարող է 50 դոլարով տոմս վաճառել։ Էլ չենք խոսում այլ ծախսերի մասին։
«Թող թատրոն չսարքեն։ Դա կա՛մ հատուկ «դիվերսիա» է, կամ գաղտնի գործարք, ուրիշ բան լինել չի կարող։ Չեմ կարծում, որ Ryanair-ը որոշել է եվրոպացի հարկատուների հաշվին Հայաստան չվերթեր իրականացնել։ Անվճար պանիրը միայն թակարդում է լինում»,- նշեց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական ընկերություններն այլ կերպ են աշխատում։ Դրանք պետությունից հսկայական դոտացիաներ են ստանում, պարտքերը ներվում են, վառելիք գնելիս արտոնություններ են տալիս և այլն։
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն` նոր և արդեն գործող ավիափոխադրողներին երեք տարով հարկային արտոնություններ է տրամադրվել, իսկ եթե դրանք նոր ուղղություններ էլ բացել, ապա դրանց համար չեղարկվել է «օդի հարկը», որը գանձվում է 1997թ–ից և կազմում է 10 հազար դրամ։
Իշխանությունն ասում է, որ ոչ մի կոնկրետ ընկերության լրացուցիչ կամ առանձին արտոնություններ չեն տրամադրվում։