Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը փետրվարի 16-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1993թ.-ի վերջերին Ադրբեջանը զորահավաք է հայտարարում և բացի ադրբեջանցիներից, ադրբեջանական զինված ուժերը համալրվում են օտարերկրյա վարձկաններով, մասնավորապես թուրքերով և աֆղան մոջահեդներով: Բացի վարձկան կռվողներից Թուրքիայից Ադրբեջան են ժամանում շուրջ 150 ռազմական փորձագետներ, որոնց առջև խնդիր էր դրված լուծել Օմարի հարցը:
Այպիսով ռազմական փորձագետների և խորհրդականների ուղղորդմամբ, վարձկանների և ադրբեջանցիների մասնակցությամբ 1994թ.-ի հունվարից սկսվում է Օմարի լեռնանցքի համար լայնամասշտաբ կռիվը: Ադրբեջանցիներին հաջողվում է առաջ շարժվել դեպի Քարվաճառ: 1994թ.-ի հունվարի 24-ին Չարփլի ավանի մոտ ադրբեջանցիները շրջափակման մեջ վերցրին և գրեթե ամբողջովին ոչնչացրին հայկական գումարտակը: Փետրվարի կեսերին արդեն հասնում են Քարվաճառի մատույցներին:
Փետրվարի 12-ին, երբ սաստիկ ձյուն էր, հայկական զորքը անցնում է հակահարվածի, որին չեն դիմանում ոչ աֆղան վարձկանները, ոչ էլ ադրբեջանցի նորակոչիկները: Մարտերը մղվում էին ծովի մակարդակից 2500-3500 մետր բարձրության վրա, սաստիկ ձյան, բքի և սառնամանիքի պայմաններում: Կենաց և մահու պայքար էր…
Ադրբեջանական զինուժը չի կարողանում դիմադրել և սկսվում է խուճապ , որի արդյունքում կազմալուծվում են և սկսում անկանոն նահանջել: Նահանջի ժամանակ ոմանք անհայտ կորում են այդ ձորերում, , ոմանք ցրտահարվում և մահանում, քանի որ սովոր չէին տեղանքին բնորոշ կլիմայական պայմաններին:
Օմարի լեռնացնքով փախչողներն էլ ընկնում են հայկական կողմի «Գրադի» հարվածների տակ և 1994թ.-ի փետրվարի 18-ին ամբողջությամբ ազատագրվում է Օմարի լեռնանանցքն ու լիակատար հսկողություն սահմանվում մեր կողմից:
Մինչև այսօր և դեռ դարեր շարունակ մերոնք Օմարից հսկում ու հսկելու են Հայոց աշխարհի խաղաղությունը… Հավերժ փառք փառապանծ տղերքին, ովքեր մեզ տվեցին Օմարը վայելելու հնարավորություն…
Նկարը Օմարի լեռնանցքում եմ նկարել 3 395 մետրի վրա…»: