Նոր մասնագիտություն, նոր մարտահրավերներ, շրջադարձային և կարևոր որոշումներ, որոնք դառնում են ճակատագրական ու լուրջ փոփոխություններ բերում: Հայրենիք վերադառնալու, երազանքն իրականություն դարձնելու բեկումնային կետն այստեղ գտնելու, իր ոգեշնչման և հաջողության գաղտնիքի մասին պատմում է Kilejian’s Beauty Lounge-ի հիմնադիր, «գեղեցկության ինժեներ» Արթուր-Հարութ Քիլեջյանը:
Առաջին անգամ, երբ մկրատ վերցրի ձեռքս, 3 տարեկան էի
Մանկական առաջին հիշողությունս սա է, ու մանկության տարիների հետ կապված որևէ այլ դեպք այսչափ չի տպավորվել: Առաջին «հաճախորդս» մեր հարևանն էր, իհարկե, իր ցանկությամբ չէր նստել աթոռին (ծիծաղում է-խմբ): Այն ինչ ստացվեց վերջում, դժվար է ասել, որ լավ էր, բայց այդ պահին զգում էի, որ դա իմ տարերքն է: Զգում էի, որ ամբողջ կյանքում հենց դրանով եմ ուզում զբաղվել:
Մեծամտել չեմ սիրում, բայց իմ մեջ եղած տաղանդը վաղուց եմ զգացել: Սակայն ստիպված էի այն խեղդել, երբեք չբարձրաձայնել դրա մասին, մինչև ինձ համար շրջադարձային 27 տարեկանը: Ճիշտ ժամանակին կայացրած ճիշտ որոշումը փոխեց կյանքիս ընթացքը: Դպրոց, հետո համալսարան, «հաջողված» աշխատանք իմ երազածից ծայրահեղ տարբերվող մասնագիտությամբ և կարիերա ստեղծելու ճանապարհին ամենաորոշիչ քայլն արեցի՝ հրաժարվեցի այդ ամենից: Այն, ինչ կատարվում է մեզ հետ, մեր որոշումների արդյունքն է:
Իսկ մինչ այդ վարսահարդար դառնալու մասին խոսելն արգելված թեմա էր
Միայն մայրս գիտեր, թե իրականում ինչով եմ ուզում զբաղվել: Երբ մի անգամ ասացի, որ շատ եմ ուզում վարսահարդարում սովորել, խնդրեց, որ մոռանամ և այլևս ոչ մի անգամ ու ոչ մի տեղ չբարձրաձայնեմ այդ մասին. վարսավիրությունը Հալեպի հասարակությունում անհարկի գործ և մասնագիտություն էր համարվում: Դիմահարդարմամբ, վարսահարդարմամբ զբաղվող տղամա՞րդ: Մեր հասարակությունում՝ կտրականապես ո՜չ:
Այնուամենայնիվ սովորել պետք էր
Ես ընդամենը 17 տարեկան էի, դպրոցն էի ավարտում: Այդ տարիքում պետք է չափազանց ինքնուրույն լինես, որ թողնես ամեն բան, հեռանաս ընտանիքից և սկսես զբաղվել նրանով, ինչով դու ինքդ ես ուզում: Դպրոցում գերազանց արդյունքներ ունեի, ինչը թույլ էր տալիս ցանկացած բարձրագույն հաստատությունում շարունակել ուսումս: Հորս օգնելու և ընտանեկան գործը շարունակելու համար ընտրեցի ինժեների մասնագիտությունը: Գերազանցությամբ սովորել և ավարտել եմ Հալեպի պետական համալսարանը: Շատ սիրեցի ինժեներիան, բայց իմ երազած գործով զբաղվելու կիրքը չէր մարել: Հաճախ, երբ մայրս գնում էր որևէ սրահ, և հետ վերադառնում ինչ-որ տարօրինակ սանրվածքով, սկսում էի իմ պատկերացմամբ ձևափոխել:
Համալսարանն ավարտելուց հետո երեք տարի աշխատեցի հորս գործարանում: Ինժեների մասնագիտությունը շատ եմ սիրել և սիրում, այն ևս ստեղծագործելու հնարավորություն էր տալիս:
Հետո սկսվեց պատերազմ՝ շատ բարդ շրջան հատկապես Սիրիայի համար: Պայմանների բացակայության պատճառով բազմաթիվ գործարաններ, այդ թվում և մերը, փակվեցին:
Հայրենադարձությունից հետո փոխվեց ամեն ինչ
2015 թվականին կնոջս հետ վերադարձա հայրենիք: Հայաստան վերադառնալուց հետո որպես ինժեներ աշխատեցի ընդամենը մեկ ամիս: Հենց այդ մեկ ամսվա ընթացքում արդեն հասունացել էր վարսահարդար դառնալու որոշումս: Իմ վաղեմի երազանքի մասին անգամ կինս չգիտեր: Վախենում էի ասել, չգիտեի՝ ինչպես կարձագանքի: Ի զարմանս ինձ առաջին և ամենամեծ ոգևորումը հենց նրանից ստացա. հորդորեց անմիջապես սկսել սովորելը:
Բայց ես դեռ չգիտեի, թե ինչից պետք է սկսել
Նոր էինք վերադարձել Հայաստան, ոչ մի նման վայր չգիտեի, պատկերացում անգամ չունեի, թե որտեղ կարելի է դիմել: Համացանցում փնտրեցի և գտա վարսահարդարման ակադեմիա: Ուսուցիչս պետք է հանգստի մեկներ, իսկ ես 15 օր շարունակ անգործ մնալ չէի կարող: Մտքերով քայլում էի, ճանապարհիս Schwarzkopf-ի գրասենյակն էր. աշխատանք գտնելու ակնկալիքով ներս մտա: Հասկանալու համար իմ փորձն ու կարողությունները առաջադրանք տվեցին, արդյունքում տպավորվեցին և զարմացան, երբ իմացան, որ փորձ չունեմ: Անգամ խորհուրդ տվեցին ոչ ոքի չասել, որ նոր եմ սովորում, որովհետև հմտություններս ու կարողություններս թույլ են տալիս վստահորեն աշխատել ցանկացած գեղեցկության սրահում: Հենց իրենք էլ ուղղորդեցին «Իմիջ կոդ»:
Ամբողջությամբ՝ style.news.am