Կինոռեժիսոր Հենրիկ Հովհաննիսյանը նեղ աստիճանավանդակում միկրոֆոնը մեկնում է ռոյալի տակ ճկռած բեռնակիրներին ու իբրեւ լրագրող՝ հարցնում. «Խնդրեմ՝ երկու խոսք սոցիալիստական երջանկության մասին»:
Սա վաղամեռիկ ռեժիսորին վերագրվող նրա ընկերների պատմած բազմաթիվ հանաքներից մեկն է: Նույնիսկ երիտասարդները երեւի տեսած կլինեն «3+2»՝ խորհրդային ժամանակների համար քաղաքականապես անշառ նրա ֆիլմը: Աստիճանավանդակում համերգային, խոշոր դաշնամուրը բարձրացնողներին տրված հարցի էֆեկտը կարելի է պատկերացնել մասնավորապես բեռնակիրների կատարմամբ:
Ինչեւիցե, եթե հիմա հարցը հնչում է, ուրեմն կա կամ ենթադրվում է, որ կա դրա տեղն ու ժամանակը, հնարավորությունը՝ դաշնամուրով կամ՝ առանց: Պետք է ասել՝ բարեբախտաբա՞ր: Առավել եւս, որ անծանոթներ չենք աստիճանների վրա, չասենք՝ ռոյալի…
Բայց գուցե հարցը ոչ թե որոշ չափով արդեն տաք տեղից է գալիս, այլ հենց երջանկության համար տարածություն բացելու համար է առաջ նետվում: Առաջ է նետվում, ասես, Իթաքացու վահանը՝ որպես ոտք դնելու տեղ օտարի ափին, ոչ՝ գետնին, առաջինը ցատկելով վրան՝ յուրայինների առաջխաղացման արգելքը հաղթահարելու հնարամտությամբ:
…Երբ Ջեյմս Լիփթոնը Նյու Յորքի «Արտիստ ստուդիոյի» իր հեղինակային հաղորդաշարում հյուրընկալել էր հոլիվուդյան օսկարակիր դերասան Թոմի Լի Ջոնսին, հարցրեց, թե ինչպես է, որ արտիստը ե՛ւ դերասանական հաջողակ կարիերա, ե՛ւ բազմանդամ համերաշխ ընտանիք ունի, ե՛ւ պատկառելի կարողություն՝ ռանչո Տեքսասում, ձիեր եւ այլն: Թոմի Լի Ջոնսը պատասխանում է, որ սովորել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարկանիշով համալսարաններից մեկի իրավաբանական ֆակուլտետում եւ ներգրավված է եղել ռեգբիի թիմում, որին վիճակվել է խաղալ պրոֆեսիոնալ լիգայի չեմպիոնների հետ, եւ այդ խաղը, չլսված բան, ավարտվել է իրենց հաղթանակով: «Այդ ժամանակ ես բերանքսիվայր փռվեցի գետնին ու ընդունեցի, որ խոտը կանաչ է եւ երկինքը՝ կապույտ»,- ասաց Թոմի Լին:
Լիփթոնի հարցում ենթադրվող բավարարվածության ու գոհունակության գիտակցումն անմիջապես չեմ նույնացնում երջանկությանը, բայց կրկնակի հաստատումը, որքան էլ պաթետիկ, այնուամենայնիվ, երջանկության համար վճռական պարագա է՝ ի տարբերություն ավելի համեստ պայմանի, որը մի երեխա, ի պատասխան երջանկության մասին հարցի, պատկերացնում է այսպես. «Երջանկություն է, եթե ատամդ չի ցավում»:
«Ատամի չցավելը» համարենք երջանկության մինիմալ շեմը: Հոգսի թեթեւացումն ընկալվում է որպես երջանկաբույր պատեհություն: Իսկ Թոմի Լի Ջոնսի հոժարությունը նախախնամության շնորհից է սերում՝ չի կապվում կարիքի, ցավի բացակայության, որեւէ պակասի հետ: Պատահական չէ, որ բացասող ոգին հենց միայն տառապանքի հետ հակադրության մեջ է պատկերացնում բերկրանքը: Առաջինը, իհարկե, շատ ավելին է, քան երբ «ատամը չի ցավում», առավել եւս, որ «ատամը» սկզբունքորեն միշտ է ցավում, պարզապես հարցն այն է, թե այդ «ատամը» քեզնից ինչքան հեռու է տվյալ պահին: Չափի հարց է. խալխի հոգսով խոժոռ, դարդիման կեցվածքը՝ հավերժ մտահոգ, թե ում համար է հնչում զանգը, կասկածելի է որոշ իմաստով, հատկապես, երբ բաց դաշնամուրի առաջ ես: Ուստա, չալե՛ Ձոնն Ուրախության… Այնուամենայնիվ, ավելի հրատապ մի տարվածություն, մի առաջնահերթություն ետին պլան է մղում անգամ անտանելի թվացող «ատամնացավը»: Մարտավարական կամ ռազմավարական հաշվարկներն արվում են փաստերի ու ինքնությունների հիման վրա: Իսկ հաստատումը սերում է բերկրանքից: Հաստատումն ինքնությանը վերագրելը խարդախություն է եւ տանում է բռնության:
Ճարտարապետ Միսակ Խոստիկյան.
Անձնական երջանկություն
«Есть минуты, когда не тревожит
Роковая нас жизни гроза.
Кто-то на́ плечи руки положит,
Кто-то ясно заглянет в глаза…
И мгновенно житейское канет,
Словно в тёмную пропасть без дна.
И над пропастью медленно встанет
Семицветной дугой тишина…
И напев заглушённый и юный
В затаённой затронет тиши
Усыплённые жизнию струны
Напряженной, как арфа, души…»:
Մի տեսարան կա, որ նկարագրել եմ «Զանգվի բարդույթ» գործում. հերոսն ստիպված է գիշերն անցկացնել ձյան մեջ կորած ծայրամասային մի կայարանում՝ բետոնին գամված մի կոշտ նստարանի վրա, գնչուների հարեւանությամբ, որոնց վերագրվող անցանկալի հակումները չէր կարելի բացառել: Երկաթգծերն ամբողջովին թաղված են ձյան մեջ, երթեւեկություն չկա: Եվ հանկարծ ձյան մեջ բացվող արեւի կաթում իր համար էլ անսպասելի անսահման երջանկություն է զգում:
Երջանկությունը՝ որպես ապրում, կարող է շատ պատահական իրադարձություններում լինել՝ անսպասելի հանգամանքներում, մեկուսի:
Խոսում էի երջանկությունից՝ սկզբում որպես գոհացում, բավարարվածություն, հիմա՝ զգացական ապրում, բայց, իհարկե, կա նաեւ երջանկության այլ՝ անտիկ պատկերացում, ըստ որի՝ մարդն ինքը չէ, որ կարող է գիտակցել իր իսկ երջանիկ լինել-չլինելը. այդ մասին վստահ կարող են ասել միայն ետմահու՝ նայած, թե ինչպիսին էր այդ մարդու կյանքը համայնքի աչքին:
Ամբողջությամբ՝ armtimes.com