Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում անցորդներին նվիրեց հայ և արտասահմանյան գրականության ներկայացուցիչների ստեղծագործություններ: Նա մասնակցեց Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին և հեքիաթ կարդաց փոքրիկների համար:
Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասաց, որ տոնավաճառից ստացված հասույթն ուղղվելու է «Կողբ» հիմնադրամին, որը սահմանամերձ շրջաններում կրթամշակութային կարևոր ծրագրեր է իրականացնում: «Կարծում եմ, նման ավանդույթները մեծացնում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը»,-ասաց նախարարը:
Անդրադառնալով այն գրքերին, որոնք պատրաստվում է նվիրել իր հարազատներին` նախարարը նշեց, որ դեռ շրջելու է տոնավաճառում և փորձելու է ընտրություն կատարել: «Այսօր շատ գրքեր եմ նվեր ստացել. «Փոքրիկ իշխանը», Թումանյանի գործերից մի քանիսը, Հրանտ Մաթևոսյանի գրքերից մեկը, որը նոր է լույս տեսել: Պետք է խոստովանեմ, որ վաղուց գիրք չեմ ընթերցել, որովհետև մշտապես ստիպված եմ տարբեր զեկույցներ և օրենքների նախագծեր կարդալ: Գեղարվեստական գիրքը հաճույքով կարդալու համար մտքերը պետք է մի քիչ ազատ լինեն»,-շեշտեց նա:
Տոնավաճառի «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում Արայիկ Հարությունյանը փոքրիկ ընթերցասերների համար կարդաց Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն»: Երեխաները անգիր գիտեին այն, և մինչ Հարությունյանը կընթերցեր, ներկա փոքրիկները մեծ ոգևորությամբ ներկայացրին հայտնի ստեղծագործության սկիզբը:
Նախարարը դպրոցականներին հորդորեց շատ ընթերցել և ասաց, որ կարդալը գիտելիք է, որը կյանքում շատ անհրաժեշտ է: Հարությունյանը մաղթեց լինել ընկերասեր, հանդուրժող միմյանց նկատմամբ: