Տոնական սեղան, աղի բլիթ. եզդի ժողովուրդը փետրվարի 20-ին տոնում Խդրնաբին
Advertisement 1000 x 90

Տոնական սեղան, աղի բլիթ. եզդի ժողովուրդը փետրվարի 20-ին տոնում Խդրնաբին

Հայաստանում եզդի ժողովրդի համար բոլոր պայմանները ստեղծված են ապրելու, արարելու, ավանդույթներն ու մշակույթը պահպանելու համար:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց  եզդիների հոգևոր առաջնորդ Շեյխ Բրո Հասանյանը:

«Աշխարհի ոչ մի երկրում եզդիներն իրենց այսքան ապահով չեն զգում, որքան Հայաստանում: Մենք ունենք եզդիների լեզվով ռադիոհաղորդում, մի քանի ամսաթերթ հրատարակելու հնարավորություն: Հրատարակել ենք ընտանեկան օրացույց, որտեղ ամփոփվում են մեր հոգևոր տոները: Այնպես որ, մենք ազատ կարողանում ենք ստեղծել, արարել մեր եղբայր հայ ժողովրդի հետ կողք կողքի»,-ասաց Բրո Հասանյանը:

Եզդի ժողովուրդը փետրվարի 20-ին տոնում է իր կարևոր տոներից մեկը՝ Սուրբ զատիկը կամ Խդրնաբին: Այն նման է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սարգսի տոնին: Խդրնաբին եղել է երիտասարդ զորավար, որն իր կյանքն է նվիրել երիտասարդներին: Նա իր բարիությամբ դարձել է երիտասարդների, ընդհանրապես եզդի ժողովրդի կուռքը: Տոնական օրը սկսվում է երեք օր առաջ: Մինչ բուն տոնը լուրջ նախապատրաստական ընթացք է նախատեսված: Եզդի ընտանիքներում կենդանիների զոհաբերություն են անում, երեք օր ծոմ են պահում, ինչը ենթադրում է ճոխ պատրաստություն՝ տոնական սեղանին ունենալով բազմազան ուտեստներ: Մինչև արևածագը եզդիներն արթնանում են, և, տոնական սեղանը պատրաստելուց հետո, սկսվում է տոնը, որի ընթացքում հիշատակվում են նաև հանգուցյալները: Արդեն բուն տոնին՝ փետրվարի 20-ին երիտասարդները ուտում են իրենց պատրաստած աղի բլիթը՝ երազում ապագա կյանքի ընկերոջը տեսնելու ակնկալիքով: Երեխաները ևս տոնի մասնակիցներն են: Ավանդույթի համաձայն, նրանք շրջում են տնետուն, որպեսզի ստանան մրգեղեն ու քաղցրեղեն:

«Տոնը բերում է միասնություն, հոգևոր արժեքների ամրապնդում: Մենք պարտավոր ենք պահպանել մեր հոգևոր արժեքները»,- ասաց եզդիների հոգևոր առաջնորդը: