Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության հարց է. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է
Advertisement 1000 x 90

Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության հարց է. փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է

«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը»,-գրել է Վահան Տերյանը:

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները`1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման:

Լեզվի կարևորության և պահպանության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

«Երբ որևէ ազգ կորցնում է իր լեզուն, հետագայում վերանում է պատմության թատերաբեմից: Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնության մայրենի լեզուն հայերենն է, ուստի Հայաստանում Մայրենի լեզվի միջազգային օրը նշում ենք որպես Հայոց լեզվի՝ ՀՀ պետական լեզվի օր, ինչպես նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուների իրավունքների պահպանության օր: Մեր երկրում ապրում են եզդիներ, ռուսներ, հույներ, ասորիներ և այլ ազգեր, որոնց լեզուները ևս պահպանության կարիք ունեն»,- շեշտեց Գյուրջինյանը:

Նրա խոսքով՝ ժամանակակից հայերենը երկու դրական դրսևորում ունի՝ արևելահայերեն և արևմտահայերեն, և մեր պատմության դաժան ընթացքի հետևանքն է, որ արևմտահայերեն խոսողները զրկվեցին իրենց բնօրրանում ապրելու իրավունքից. մեծ մասը բնաջնջվեց, մի մասն էլ սփռվեց աշխարհով մեկ: «Արևմտահայերենն այսօր վտանգված լեզու է համարվում: Եթե անգամ չընդունենք դա, լավ գիտենք, որ շատ համայնքներում արևմտահայերենը երկրորդ լեզու է և գործածության նեղ շրջանակ ունի»,- նշեց կոմիտեի նախագահը:

Ըստ Գյուրջինյանի՝ արևելահայերենի վիճակն անհամեմատ ավելի լավ է, քանի որ այն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական լեզուն է և վայելում է պետական հոգածություն: Այն պարտադիր է հանրային կյանքի բոլոր ոլորտներում: «Արևելահայերենի խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և նախկին խորհրդային հանրապետություններում կա արևելահայերեն խոսողների մեծ թիվ, որը հայերեն կրթություն չի ստանում, և մի քանի սերունդ հետո լուրջ խնդիր ենք ունենալու հայերենը պահպանելու առումով:

Մեր լեզվի ամենաապահով վիճակը հայրենի հողի վրա է՝ ՀՀ-ում, Արցախում: Բարեբախտաբար, այդպիսի կղզյակ կա Ջավախքում, որտեղ միատարր հայ բնակչություն է, թեպետ այդտեղ էլ են լինում խնդիրներ»,- հավաստիացրեց Գյուրջինյանը:

Նրա համոզմամբ՝ լեզուն պահպանելը միայն պետության խնդիրը չէ, դա նաև ժողովրդի, հանրության խնդիրն է: Եթե ամեն մեկը որոշի սոցիալական կայքերում գրություն թողնել հայերեն, պետք է հասկանա, որ հայերեն խոսքը անհրաժեշտ է գրել մեսրոպյան տառերով: «Ազգային խայտառակություն է, երբ հայերեն գրությունները լատինատառ կամ ռուսատառ ենք գրում: Պետությունը չի կարող գնալ յուրաքանչյուրի տուն, բռնել մարդու ձեռքն ու ասել, որ այդպես չի կարելի: Լեզուն պահպանելն ազգային արժանապատվության և կրթվածության հարց է: Եթե մարդը հեռուստատեսությամբ, ամբիոնից խոսում է հանրության հետ, պետք է ընտրի գրական հայերենը որպես հաղորդակցության միջոց: Պետությունը հռչակում է հայերենը որպես պետական լեզու, բայց յուրաքանչյուրս անելիք ունի այդ ոլորտում: Ամեն մեկն իր տեղում պետք է պաշտպան կանգնի հայոց լեզվին, այլապես մենք չենք կարողանա ապահովել հայերենի լիարժեք գործածությունն ամենուրեք»,- եզրափակեց Դավիթ Գյուրջինյանը:



Նման նյութեր