Խորվաթիայի «Կուտինահայ վարպետների գիրն ու գիծը» խորագրով կրթական ծրագիրն անցկացվեց նոյեմբերի 29-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Ծրագրի թիրախային խումբը 8-12 տարեկան երեխաներն էին: «Քանի որ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Կուտինայի հայկական հախճապակու արվեստին, մտածեցինք նման կրթական ծրագիր անցկացնել: Երեխաներին հախճապակու ար վեստին ծանոթանալու, պատմական դարաշրջանը, հայկական համայնքը լավ ճանաչելու հնարավորություն ենք տալիս: Անպայման խոսելու ենք վարպետների արձանագրությունների և զարդանախշերի մասին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի վարիչ Նաիրի Խաչատրյանը:
Հայ վարպետները Կուտինայում բազմաթիվ նմուշների վրա հայերենով արձանագրություններ են գրել, ստեղծել ոչ միայն բուսական, երկրաչափական, այլև կենդանիների, հրեշտակների պատկերներով նախշեր:
Ծրագրի շրջանակում երկու խաղ անցկացվեց: Մեկի միջոցով երեխաները կարողացան թերթիկի վրա նկարված պատկերները գտնել իրական ցուցանմուշերի վրա, այնուհետև լրացնել տեղեկատվական հարցաթերթիկը, իսկ երկրորդի դեպքում ստեղծված խաղագրքույկի մեջ երեխաները կապգրերի միջոցով իրենց անունները գրեցին և ծանոթացան զարդանախշերին:
Տասներկուամյա մասնակից Արևիկ Կորգինյանը նշեց, որ հեշտությամբ է գտնում նախշերը, շատ է սիրում նկարել և հաճույքով մասնակցում այս ծրագրին:
«Միշտ հետաքրքրվել եմ տարբեր հին նկարազարդումներով և թանգարաններ գնալիս շատ ուշադիր եմ դիտել բոլոր ցուցանմուշները: Այստեղ եմ եկել նկարելու, հախճապակու մասին շատ բան իմանալու նպատակով»,-ասաց տասներկուամյա մասնակից Սեդա Պատվականյանը:
Երեխաները բացահայտեցին Կուտինայի հախճապակու արվեստի պարզ ոճը, կախարդական գույներն ու կերպարները, խաղի միջոցով ծանոթացան այդ դարավոր արվեստի նմուշներին, ապա ստեղծագործելով հայտնվեցին վարպետների զարդանախշերի ու արձանագրությունների աշխարհում: