Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները չեն շտապում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնել։ Փետրվարի 20-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` պատասխանելով հարցին, թե ինչու երկրի ղեկավարությունը չի ցանկանում իմանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, Փաշինյանը հայտարարեց, որ, փաստորեն, այդ եվրոպական կառույցի աչքի առաջ Հայաստանի նախկին իշխանությունները իրավական չարաշահումներ են թույլ տվել։
«Կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է մի շարք հարցերի պատասխան տա»,– նշեց Փաշինյանը։
Բաղդասարյանի խոսքով` սխալ կլիներ կարծել, որ հանրապետության իշխանությունները Վենետիկի հանձնաժողովի հետ որոշակի առճակատման են գնում։ Փորձագետի խոսքով` վարչապետը կարող էր ավելի մեղմ արտահայտվել, իհարկե, սակայն պետք է հասկանալ, որ հանձնաժողովի կարծիքը վերջին ատյանի ճշմարտություն չէ։ Առավելևս, որ Եվրոպայի խորհրդի խորհրդատվական այս մարմինը ժամանակին աչք էր փակել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
Միևնույն ժամանակ Բաղդասարյանը համոզված չէ, որ կառավարությունը հանձնաժողովից պաշտոնապես որևէ պարզաբանում կպահանջի։
Եթե Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանձնաժողովի աջակցությունը չստանա, ապա, մեր զրուցակցի կարծիքով, հազիվ թե դա որևէ հետևանք ունենա։ Հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական բնույթ է կրում և պարտադիր չէ կատարման համար։ Ըստ քաղաքագետի` հանձնաժողովի դիրքորոշմանն այսօր հաճախ են հղում անում նախկին իշխանությունները, սակայն անում են դա բացառապես քարոզչական նպատակներով։
Փոքր-ինչ այլ է իրավապաշտպան, եվրոպական իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի տեսակետը։ Նա հիշեցնում է, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական և խորհրդատվական կարծիքը տրամադրվում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին։ Այդ խորհրդատվությունը, ըստ էության, բխում է եվրոպական ստանդարտներից։
«Դրանք, իհարկե, իրավական գործիքներ չեն։ Ոչ մի իրավական հետևանք չի լինի, եթե Հայաստանը չհարցնի հանձնաժողովի կարծիքը, սակայն քաղաքական հետևանքներ հնարավոր են։ Մասնավորապես, ԵԽԽՎ–ն կարող է խստացնել դիրքորոշումը Հայաստանի համար զգայուն հարցերի շուրջ», – ասում է Ղազարյանը։
Նրա խոսքով` այստեղ կարող է հարց առաջանալ` արդյո՞ք Երևանին կբավականացնեն քաղաքական ռեսուրսները բացասական հետևանքները չեզոքացնելու համար։ Ըստ Ղազարյանի` որևէ ճնշում չի լինի, բայց Երևանի հետ կապված հռետորաբանության որոշակի փոփոխություններ ակնհայտորեն տեղի կունենան:
Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։ Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Ներկայիս իշխանությունները կարծում են, որ Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել մանիպուլյատիվ սխեմաների օգնությամբ, իսկ եվրոպացիներն` ի դեմս Վենետիկի հանձնաժողովի, այս հարցի վերաբերյալ կարծիք չեն հայտնել։