Իտալիայում կտրուկ աճել է կորոնավիրուսով հիվանդացածների թիվը
Վերջին մի քանի օրվա ընթացքում Իտալիայում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակով հիվանդացածների թիվը։ Վերջին տվյալների համաձայն՝ հիվանդությունը հայտնաբերվել է 132 մարդու մոտ, նրանցից երկուսը մահացել է, 50-ից ավելի մարդ հոսպիտալացվել է, 26-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Այս մասին, Ինչպես հաղորդում Է ANSA գործակալությունը, լրագրողներին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին։
Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Իտալիայի հյուսիսում, որտեղ այժմ ընթանում է երկու խոշոր միջոցառում՝ Միլանի նորաձևության շաբաթն ու Վենետիկի կառնավալը: Ամենից շատ հիվանդացել են Լոմբարդիայում, որտեղ է՛ Միլանը (մոտ 90 մարդ) և Վենետո շրջանում, որը ներառում է Վենետիկը (ավելի քան 20 մարդ):
Կորոնավիրուսի արագ տարածումը կանխելու համար Իտալիայի իշխանությունները արտակարգ միջոցներ են ձեռնարկում։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին ասել է, որ իրենք պատրաստ են հիվանդացածներին տեղավորել երկրի զինված ուժերի օբյեկտներում, որտեղ կարանտին կսահմանվի: Այդ նպատակների համար արդեն պատրաստվել է ավելի քան 5000 տեղ զորանոցներում։ Լոմբարդիայում կարանտին է հայտարարվել, փակվել են բոլոր դպրոցները։ Բացի այդ, մարզի ղեկավար Ատտիլիո Ֆոնտանան արգելել է ցանկացած զանգվածային ցույցերի անցկացումը: Նմանատիպ միջոցներ են նախատեսում ձեռնարկել նաև Էմիլիա-Ռոմանիայի իշխանությունները։ Պիեմոնտում մեկ շաբաթով փակվել են բոլոր համալսարանները։
Գործնականում մեկուսացվել են երկու քաղաքներ, որոնք համարվում են կորոնավիրուսի տարածման օջախներ՝ Միլանից ոչ հեռու գտնվող Կոդոնյո և Պադուի նահանգի Վո քաղաքները: Կարանտինի տակ են ևս ինը կոմունաներ՝ Կոդոնյոյի շուրջը, որտեղ ապրում է շուրջ 50 000 մարդ:
Վենետոյի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են չեղարկել Վենետիկի կառնավալի հետագա անցկացումը, հաղորդում Է La Repubblica-ն: Այս տարի այն անցկացվում է փետրվարի 8-ից մինչև 25-ը և պետք է ավարտվեր երեքշաբթի՝ մեծ տոնակատարությամբ:
Միլանում կորոնավիրուսի պատճառով Ջորջո Արմանիի ցուցադրությունը տեղի կունենա փակ դռների հետևում: Մոդելյերի թիմը որոշել է դեֆիլե անցկացնել առանց հանդիսատեսի։ Այն կարելի է դիտել ուղիղ եթերում Armani կայքում։
Միլանի «Լա Սկալա» թատրոնը հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով չեղյալ է հայտարարում բոլոր ներկայացումները՝ մինչև իշխանությունների հատուկ կարգադրությունը: Արտակարգ կարգով փակվել է նաև Միլանի խոշորագույն պատկերասրահներից մեկը՝ Բրերան։
Միլանից ոչ հեռու գտնվող Թուրինում չեղյալ են հայտարարել «Տորինոյի» և «Պարմայի» միջև ֆուտբոլի Իտալիայի առաջնության խաղը: Այն պետք է կայանար փետրվարի 23-ին, սակայն վերջին պահին հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ավելի վաղ Իտալիայի հյուսիսում հետաձգվել էին մի շարք ֆուտբոլային հանդիպումներ:
Իտալիայի իշխանությունները պատրաստ են կիրառել կորոնավիրուսին զսպելու «վուհանյան» մոդելը: Այն նախատեսում է սանիտարական հսկիչ անցագրային կետերի սահմանում, ինչպես նաև «ստերիլ» միջանցքների ստեղծում ՝ տուժած շրջաններ պարենի և դեղորայքի մատակարարման համար:
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019-ի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգում։ Բացի Չինաստանից, կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր են գրանցվել 28 երկրներում: Վերջին տվյալների համաձայն՝ վարակվել է մոտ 80 000 մարդ, մոտ 2500-ը մահացել է։
Կորոնավիրուսի վարակից մահվան մի քանի դեպք է արձանագրվել Հայաստանի հարևան Իրանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկու շաբաթով փակվելու է Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը։