Իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները գործի է դնում, որպեսզի Իջեւանում քաղաքապետ ընտրվի Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Հայկ Ղալումյանը։
Անցած տարի աշնանը՝ հոկտեմբերին, իշխանությունը ոչ բռնի, թավշյա քրեական գործի միջոցով հեռացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով, ի դեպ, «քավորի» ոչ այնքան հեռավոր ազգականն է։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր Հայկ Ղալումյանը նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ենթադրվում էր՝ կառավարությունը շատ արագ կգործի, որպեսզի Ղալումյանը ժամանակավորից դառնա հիմնական քաղաքապետ, ու հենց դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացվի։ Բայց դեկտեմբերն անցավ, ընտրություններ այդպես էլ չեղան, կանցնի նաեւ մարտը՝ ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը, ու էլի Իջեւանում ընտրություններ չեն լինի։ Բանն այն է, որ իշխանությունը մտավախություն ունի իր թեկնածուի հաղթանակի հարցում եւ այդ պատճառով է հետաձգում ընտրությունների անցկացումը։
Հիշեցնենք, որ անցած ամռանն Իջեւանում տեղի ունեցած անտառային պատերազմը մեծապես ազդել է իշխանության վարկանիշի վրա, եւ քաղաքապետի ԺՊ-ն էլ ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում, այդ պատճառով հնարավորինս հետաձգում են ընտրությունները եւ զուգահեռ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ցանկալի թեկնածուին կարողանան անցկացնել։
Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է Իջեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը՝ հունիսի 14-ին։ Այս մասին մեզ հայտնեց Հայկ Ղալումյանի պատգամավոր եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը։ Հիշեցնենք․ ամիսներ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց թվում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակն ակնհայտ է՝ նախ հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կկանխեն տապալումը։ Խոշորացման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ կառավարությունը «քավորին» աջակցելու հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։