Բժշկական դիմակները թանկացե՞լ են. հանձնաժողովը դեղատներ է մտել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բժշկական դիմակները թանկացե՞լ են. հանձնաժողովը դեղատներ է մտել. armeniasputnik.am

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում բժշկական դիմակների գները չեն «թռել»։

Շուկայի մանրակրկիտ ուսումնասիրության համար զգալի ժամանակ է պետք, բայց գները թեկուզ թռուցիկ ստուգելու համար հանձնաժողովի աշխատակիցներն այցելել են մի քանի դեղատուն և ստուգիչ գնումներ կատարել։ Գևորգյանի խոսքով` պարզվել է, որ առանց զտիչի սովորական դիմակների մեկ հատը 30-35 դրամ արժե։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ դիմակները տարբեր տեսակի են (մի քանի շերտանի զտիչով կամ առանց դրա), այդ պատճառով էլ գինը կարող է տարբեր լինել։

Նկատենք, որ մի շարք դեղատներ սովորական դիմակներն (առանց զտիչի) արդեն վաճառում են 180 դրամով, քանի որ մատակարարներն են սկսել բարձրացնել գները։

Բացի այդ, ՏՄՊՊՀ–ն տեսել է միայն ընթացիկ գները, իսկ ամբողջական պատկեր ստանալու համար, ըստ Գևորգյանի, պետք է ուսումնասիրել վերջին մեկ ամսվա գները, երբ կորոնավիրուսի տարածման հետ կապված աղմուկ բարձրացավ։

«Մենք կպարզենք նաև` դեղատները պահեստներում բավարար քանակի դիմակներ ունեն, թե ոչ»,- ավելացրեց նա։

Այս ուսումնասիրությունները արտապլանային էին, նպատակը` հանրությանը հուզող հրատապ հարցին պատասխանը տալը։ Իսկ տարվա ընթացքում հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի դեղերի շուկան։

Կստուգվեն դեղատների ցանցերի շրջանառությունը, ինչպես նաև դեղորայքի խոշորացված խմբերը (Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման համաձայն)։

Նշենք, որ ամեն տարի ավելի քան 100 մլն դոլարի դեղորայք է ներմուծվում Հայաստան (2017-ին` ավելի քան 160 մլն, 2018-ին` ավելի քան 130 մլն)։

armeniasputnik.am