Ասում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ հանդիպեցինք բացօթյա սրճարաններից մեկում. նա եկավ միայնակ՝ վարորդի ուղեկցությամբ, առանց թիկնապահների: Մինչ մեր հանդիպումը պատմում էին, որ նա հրաժարվել է որևէ թիկնազորից: Շատ անմիջական և կենսուրախ, ջերմ կին է: Կյանքի դժվարին երևույթներին թեև փորձում է հումորով վերաբերվել, բայցև չափազանց զգայուն է: Համատեղում է և՛ Առաջին տիկնոջ, և՛ կնոջ, և՛ մոր ու տատիկի դերերը միաժամանակ:
Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962թ. մարտի 6-ին՝ Ստեփանակերտում, զինծառայողի ընտանիքում: Նա երաժշտական կրթություն ունի, երկար տարիներ աշխատել է Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում` որպես երաժշտության դաստիարակչուհի: Սարգսյաններն ունեն երկու դուստր՝ Անուշը և Սաթենիկը, և մեկ թոռնիկ՝ Մարիամը:
Անուշը ծնվել է 1984թ. Ստեփանակերտում, սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում: Այնուհետև սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը և մագիստրատուրան: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Իսկ Սաթենիկը ծնվել է 1986թ., սովորել է նույն դպրոցում: Սովորել և ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը և մագիստրատուրան` միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությամբ: Այժմ աշխատում է ՀՀ Առողջապահության նախարարությունում` որպես տնտեսագետ:
Ռիտա Սարգսյանը, որպես ՀՀ Առաջին տիկին, իր գործունեությունը ծավալում է առողջապահության, սոցիալական, կրթական և մշակութային ծրագրերի, բարեգործական նախագծերի շրջանակներում:
Ռ. Սարգսյանի համոզմամբ՝ մեր հասարակության մեջ կնոջ առաջնային դերը առողջ ընտանիքի ստեղծումը և երեխաների դաստիարակությունն է: Բայցև բարձր է գնահատում հասարակական-քաղաքական կյանքում կին գործիչների դերակատարումը։ «Աշխարհն ամեն օր փոփոխվում է, կնոջ կերպարի, դերի մասին ընկալումները` նույնպես: Պատմության ընթացքում միշտ էլ կանայք որոշակի դերակատարում ունեցել են, ավելին` երկրներ են կառավարել: Այդ իմաստով` չեմ կարող չգնահատել, չհարգել նաև Մարգարետ Թետչերի, Անգելա Մերկելի պես կին քաղաքական գործիչներին»,- «3 Միլիոնի» հետ զրույցում ասաց ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, Բելլա և Ռոբերտ Քոչարյանները, Սերժ և Ռիտա Սարգսյանները:
– Ինչպե՞ս հարմարվեցիք նախագահական պրոտոկոլին, չէ՞ որ դա պարտադրում է, սահմանափակում է նախկին սովորույթները:
-Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ և հաճախ մոռանում եմ կարգավիճակիս մասին: ՀՀ նախագահի երդմնակալության արարողության օրը հասկացա, որ այլևս ինքս ինձ չեմ պատկանում: Իհարկե, Սերժ Սարգսյանը միշտ բարձր պաշտոններ է զբաղեցրել, և որքան բարձր է ամուսնու պաշտոնը, այնքան կնոջ, ընտանիքի անդամների պատասխանատվության զգացումը ավելի մեծ է: Մենք շատ խստապահանջ ենք ինքներս մեր նկատմամբ: Ես և երեխաներս միշտ գիտենք, որ մեր կողմից արված որևէ սխալ արարք, քայլ կարող է անդրադառնալ իրենց հայրիկի և իմ ամուսնու հեղինակության վրա: Եվ ընդհանրապես մենք մեր երեխաներին այնպես ենք դաստիարակել, որ որպես մարդ իրենք պատասխանատվության զգացում ունենան, հարգեն դիմացինին, և իրենց որևէ մեկից բարձր չդասեն: Եվ, վերջապես, կարևոր չէ, թե նրանք ում երեխաներն են՝ բարձրաստիճան պաշտոնյայի՞, նախագահի՞, թե՞ շարքային որևէ քաղաքացու:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան. հանդիպում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա տիկնոջ հետ:
– Հասարակության «աչքը» շա՞տ պահանջկոտ է:
– Առհասարակ մեր հասարակությունը, հատկապես՝ կանայք, շատ պահանջկոտ են: Նրանց սուր աչքից ոչինչ չի վրիպում, նրանք նկատում են ամեն ինչ՝ խոսքը, պահվածքը, մազերը, հագուստը: Իհարկե, այդ «աչքը» շատ կարևոր և անհրաժեշտ դեր էլ ունի: Այն նաև ստիպում է ավելին անել, պարտավորեցնող և օգտակար է: Ես ինքս էլ, սովորաբար, ինքնաքննադատաբար եմ ինձ վերաբերվում: Օրինակ, շատ էի անհանգստանում հատկապես Ռուսաստան կատարած պաշտոնական առաջին այցի ժամանակ: Կարծես իմ առաջին քննությունը լիներ: Որպես ՀՀ Առաջին տիկին՝ առաջին անգամ էի մասնակցում պաշտոնական այցի: Շատ պատասխանատու օր էր ինձ համար, քանի որ գիտակցում էի այցի կարևորությունը և գիտեի, որ պետք է իմ երկիրը պատշաճ ձևով ներկայացնեմ:
– Ձեզ դո՞ւր է գալիս, երբ Ձեզ հաճոյանալու համար հաճախ հաճոյախոսում են:
– Ոչ, ընդհակառակը, ես ուղիղ մարդ եմ, և ավելի շատ ընդունում եմ ճիշտ, տեղին արված քննադատությունները, կարծիքները, մարդկային անկեղծությունը, քան հաճոյախոսությունները:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղյան շարժման ակտիվիստներից էր և մշտապես երկրի համար խիստ պատասխանատու և բարձրաստիճան պաշտոններ էր զբաղեցնում (թվարկենք այդ պաշտոններից մի քանիսը միայն՝ 1989-93թթ. ղեկավարել է ԼՂՀ Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, 1993-95թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96թթ. եղել է ՀՀ Պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ Ազգային անվտանգության նախարար, 96-99թթ.՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 2000-2007թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-08թթ.՝ ՀՀ վարչապետ, և 2008թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ):
Ռիտա Սարգսյանը զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ, բոլորի պես կրում պատերազմի արհավիրքները: Նրանք բոլոր այդ տարիներին ապրել են Ղարաբաղում: Այսօր նա պատերազմի ծանր տարիների մասին խոսելիս թեև փորձում է հիշել միայն հումորային, զավեշտալի պատմությունները, սակայն չի ստացվում:
– Մեր տունը 1959թ. կառուցված սեփական տուն էր, որը նկուղ չուներ: Իսկ նկուղները պատերազմի տարիներին դարձել էին բոլորիս ապաստարանները. թաքնվում էինք՝ պաշտպանվելով ռմբակոծումներից, կրակահերթերից: Ամեն օր երեկոյան մեծ աղջկաս՝ Անուշիկի հետ գնում էինք իմ ընկերուհու տան նկուղ, և առավոտյան ժամը 7-ից շուտ պետք է հասցնեինք վերադառնալ տուն: Ժամը 7-ին, որպես կանոն, սկսվում էր կրակահերթը, ասում էինք՝ «Թուրքերը բարի լույս են ասում»: Երեխաներից մեկին ուղարկել էինք իմ ծնողների տուն՝ մտածելով, որ եթե ինչ-որ բան պատահի, գոնե մեկը ողջ մնա: Ռազմական այդ գրադ-կայանքները 40 հարված էին հասցնում՝ իրար հետևից, հետո 15 րոպե էր պահանջվում այն կրկին լիցքավորելու համար: Դա արդեն անգիր գիտեինք. հաշվում էինք, և հենց որ 40-րդը հարվածում էր՝ այդ 15 րոպեների ընթացքում շատ արագ պետք է հասցնեինք տուն հասնել: Մի անգամ, չեմ մոռանա, Անուշիկի հետ (այդ ժամանակ առաջին դասարանում էր սովորում) տուն էինք վազում վայրկյանները հաշվելով, մեկ էլ հանկարծ երեխան կանգնեց, գրպանից հանեց պլաստմասսե մի խաչ ու սկսեց «Հայր Մերը» կրկնելով՝ վազել: Մտածում եմ՝ որտեղի՞ց նրան այդ խաչը, ե՞րբ է սովորել աղոթել: Թատրոնի շենքում գտնվող Կուլտուրայի տանը պատերազմի այդ տարիներին փոքրիկ աղոթատեղի էր ստեղծվել, որտեղ մարդիկ աղոթելու էին գնում, մոմ էին վառում: Հետո իմացա, որ բակի երեխաների հետ Անուշիկը գնացել է այնտեղ, աղոթել է սովորել, և իրեն խաչ են նվիրել: Մեր փողոցը շատ զոհեր տվեց, քանի որ շատ մոտ էր գտնվում կրակակետին: Ոմանք հեռացան քաղաքից, ընտանիքներով տեղափոխվեցին: Երբ Սերժ Սարգսյանը տուն էր գալիս, նայում էի դեմքին ու հասկանում, որ խոսքերն ավելորդ են. «Մենք պիտի մնանք ու օրինակ ծառայենք մյուսներին»: Ավելին, հաճախ ստիպված էինք ցուցադրաբար շրջել քաղաքում, որպեսզի մարդիկ տեսնեն, որ մենք չենք լքել քաղաքը, ապրում ենք իրենց հետ:
Սարգսյանների կրտսեր դուստրը՝ Սաթենիկը:
Անուշը՝ իր դստեր՝ Մարիամի հետ:
Պատերազմի տարիներին. Անուշիկը, Դավիթ Տեր-Պետրոսյանը, Սաթենիկը և երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը:
Ռիտա Սարգսյանը նույնիսկ ձայներից լավ տարբերակում էր պատերազմի տարիներին գործածվող տեխնիկան.
– Հրաշալի գիտեինք արդեն՝ որով՝ երբ են կրակում, նույնիսկ երեխաներն էին տարբերակում: Մի անգամ «ալազանի» հերթական գնդակոծումներն էին սկսվել, Սերժ Սարգսյանը տանն էր, իսկ մեր փոքրիկ դուստրը՝ Սաթենիկը, բակում էր: Հայրը նրան տուն կանչեց, իսկ երեխան, շարունակելով իր խաղը, պատասխանեց. «Մի վախեցի, սրանք վտանգավոր չեն, էն գրադն ա վտանգավոր…»: Մի օր էլ աշխատանքից տուն էի գալիս, մանկապարտեզից մի երեխա՝ 3-ամյա Միլենան, փամփուշտը ձեռքին ինձ հարցնում է. «Ռիտա Ալեքսանդրովնա, էս AKM ա՞, թե՞ AKC»: Քամու սուլոցի պես ամեն օր բոլորիս գլխավերևում կրակահերթեր էին:
– Որքան հայտնի է՝ հենց այդ տարիների ընթացքում Ձեր մեջ ինքնաթիռների նկատմամբ վախ առաջացավ, և Դուք գրեթե չեք նստում ինքնաթիռ:
– Մինչ այսօր էլ սարսափում եմ ինքնաթիռի շարժիչի ձայնից, հատկապես, երբ այն ցածր է թռչում: Մարմինս փշաքաղվում է: Այո այդ վախը մնացել է պատերազմի տարիներից: Այն ժամանակ ամենասարսափելին ինքնաթիռներից ռմբակոծումներն էին: Չես կարող չվախենալ, երբ անմիջապես կողքիդ հարևանի տունն ամբողջությամբ ավերվում է այդ ռմբակոծումներից. հղի կինը և երկու երեխաները տեղում մահացել էին: Ես այդ օրը սարսափից ծանր ապրումներ ունեցա: Նույնիսկ հիմա չեմ կարող ասել՝ երկրորդ անգամ կկարողանայի՞ դիմանալ այդ ամենին:
– Ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը միշտ Ձեր պատրաստած ճաշերն էր սիրում ուտել՝ նույնիսկ աշխատանքային օրվա ընթացքում:
– Ընդհանրապես ես սիրում եմ պատրաստել, հյուրասիրել, հյուրեր ընդունել: Հաճախ նաև հյուրասիրում եմ Կառավարական ամառանոցի աշխատակիցներին: Հետո նրանց հետ կատակում եմ, թե իրենց գլխավոր խոհարարը Առաջին տիկինն է:
Ինչ վերաբերվում է Նախագահին, այո, նա սիրում է իմ պատրաստած ճաշերը նաև այն պատճառով, որ ես պատրաստում եմ իր մայրիկի ձևով: Անկեղծ ասած` ամեն ինչ անում եմ այնպես, ինչպես անում էր իր մայրիկը` չափազանց զուսպ, համեստ և իմաստուն տիկին Նորան, իմ սիրելի սկեսուրը: Ես նրանից շատ բան եմ սովորել: Պատերազմի ժամանակ նա ոչ մի րոպե չլքեց մեր տունը, ու ես հաստատ գիտեի, թե ինչու` որպեսզի անհրաժեշտ պահին լիներ իր որդու կողքին: Հիշում եմ, երբ մի օր Սերժ Սարգսյանը նրան առաջարկեց որևէ տեղ պատսպարվել, նա պատասխանեց. «Ի՞նչ է, իմ կյանքը քոնից թա՞նկ է»: Տիկին Նորան միշտ տաք ճաշով սպասում էր որդուն: Ճիշտ է, նա ամեն օր չէր գալիս, բայց, միևնույն է, մայրը սպասում էր…
Ռիտա Սարգսյանի լուսանկարը՝ Եկատերինա Ռոժդեստվենսկայայի հեղինակային հավաքածուից: Ներքևի լուսանկարում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տիկինը՝ Գոհար Սարգսյանը, Եկատերինա Ռոժդեստվենսկայան, Ռիտա Սարգսյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երևանյան ցուցահանդեսում:
– Ինչպիսի՞ն է Սերժ Սարգսյանն ընտանիքում:
– Ընտանիքում շատ ավանդապաշտ է: Առհասարակ քչախոս է, երբ որևէ հարց եմ տալիս՝ հաճախ միայն գլխի շարժումով է պատասխանում: Բնավորությամբ շատ հանգիստ մարդ է, նույնիսկ նկատողություն անելիս՝ երբեք ձայնը չի բարձրացնում: Ընդհանրապես համոզվել եմ, որ միայն թույլ մարդիկ են անկարողությունից ձայնը բարձրացնում, գոռում, ավելորդ էմոցիաներ ցուցադրում, քանի որ չեն կարողանում ասելիքը ձևակերպել, կառավարել իրավիճակը:
-Տանը ընդհանրապե՞ս քաղաքականությունից չեք խոսում:
– Ոչ, տանը քաղաքական թեմաներ չենք քննարկում, բայց չեմ կարող իմ նկատած կամ լսած որևէ բան չպատմել` «Ասում են, թե….»: Ինքս էլ շատ եմ շփվում մարդկանց հետ, լսում եմ նրանց դիտողությունները, կարծիքները: Ղեկավար մարդկանց կողքին, կարծում եմ, միշտ պետք է լինեն մարդիկ, ովքեր նրան կհասցնեն հասարակության ցավոտ այն խնդիրները, որոնց մասին նա կարող է տեղյակ չլինել: Առհասարակ, երբեք չպետք է կտրվել իրականությունից:
– Իսկ ընդհանրապես բանավեճեր լինո՞ւմ են ձեր միջև:
– Զրուցում ենք, բայց նրա հետ բանավիճել հնարավոր չէ: Այն իմաստով, որ եթե ինչ-որ բան ասում ես, ապա նա այնպիսի հակափաստարկ է բերում, որ անհնար է լինում որևէ բան պատասխանելը: Համբերատար է, դիմացինին լսում է, դա, իմ կարծիքով, իր ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Երբ երեխաները նրանից խորհուրդ են հարցնում՝ նա իր կարծիքն արտահայտում է, բայցև միշտ հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշում կայացնել: Մի անգամ Անուշիկը մի հարցի շուրջ հայրիկից խորհուրդ հարցրեց, նա պատասխանեց. «Ես այդպես չէի անի, բայց արդեն մեծ աղջիկ ես, եթե որոշել ես՝ արա»: Չի մերժում, բայցև ցույց է տալիս իր վերաբերմունքը տվյալ հարցի նկատմամբ, ասում իր կարծիքը:
Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2009 թ. մայիսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ՌԴ Առաջին տիկնայք՝ աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակ» բալետի պրեմիերային: Այն տեղի է ունեցել Ռիտա Սարգսյանի և Սվետլանա Մեդվեդևայի բարձր հովանու ներքո:
ՀՀ և Վրաստանի Առաջին տիկնայք դիզայներ-ոսկերիչ Նուռի արվեստանոցում:
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի պաշտոնական ընդունելությունը ՀՀ-ում:
– Ինչպե՞ս է անցկացնում նախագահն իր ազատ ժամանակը:
– Գրքեր է ընթերցում, շախմատ է խաղում ընկերների հետ: Հատկապես հմուտ է սեղանի խաղերում: Նաև հաճախ թենիս է խաղում: Եթե ժամանակ է ունենում, երբեմն նաև շաբաթը գոնե երկու օր լողավազան է հաճախում:
– Իսկ Դուք ունե՞ք հանդերձանքի հարցերով օգնող իմիջմեյքեր, որը Ձեզ խորհուրդ կտա՝ երբ և ինչ հագնել:
Գյումրիի «Թռչունյանց» տուն մանկատան 32 երեխաները Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի երեխաների և Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ:
Երևանի մանկատների սաների համար կազմակերպված Ամանորյա միջոցառումը՝ ՀՀ նախագահական նստավայրում:
– Իմ հագուստը մշտապես և այժմ էլ ինքս եմ ընտրում: Կարծում եմ՝ ամենալավը ես եմ ինձ ճանաչում: Իհարկե, մշտապես հետևում եմ նորաձևությանը, կարդում-հետաքրքրվում եմ:
– Կա՞ն ընկերուհիներ, որոնց հետ շփվում եք մանկությունից, դպրոցական-ուսանողական տարիներից:
– Մանկության, երիտասարդության տարիների իմ բոլոր ընկերուհիների հետ հարաբերություններս պահպանվել են: Բոլուրի հետ մինչ օրս ընկերություն եմ անում, ես չեմ փոխվել: Ուրախ եմ, որ Երևանում էլ շատ ընկերներ-ընկերուհիներ ձեռք բերեցի, որոնք միշտ կողքիս են, և կարելի է ասել` շատ հարցերում իմ հենարանն են:
Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները՝ ՀՀ Առաջին տիկնոջ հետ:
– Ձեր թութակի արկածների մասին շատերից ենք լսել:
– Անունը Կեշա է: Իհարկե, նրանով ոչ ոք հատուկ չի զբաղվում, բայց շատ ընդունակ է՝ շատ արագ իրեն մատչելի բառերը սովորում է, երգում է, ձայներն ու արտահայտությունները շատ արագ սովորում-նմանակում է:
Երկար տարիներ Քոչարյանների հետ ապրել ենք հարևանությամբ: Մի անգամ տիկին Բելլան զանգեց մեր տուն, և ծիծաղելով ասաց. «Քո թութակը իմ ու սկեսուրիս մեջ կռիվ է գցել…»: Ի՞նչ պարզվեց: Ռոբերտ Քոչարյանի մայրը՝ Էմմա տատիկը, մի օր դուրս է գալիս զբոսնելու, իսկ Կեշան այդ պահին պատշգամբում է լինում: Բելլան պատմում է. «Տանն էի, ասեցի՝ գնամ Ռիտայի մոտ, տիկին Էմման, թե՝ բայց հենց նոր էիր այնտեղ: Ասացի՝ այսօր ե՞րբ եմ գնացել, չեմ տեսել Ռիտային»: Տիկին Էմման ասում է՝ «Բելլա ջան, ես հո չե՞մ ասում` մի գնա, բայց երբ զբոսնում էի` դու իրենց տանն էիր ու լա՜վ էլ ծիծաղում էիր, լսում էի քո ձայնը»: Բելլան ասում է՝ «Դա ես չէի, Կեշան էր»: Տիկին Էմման էլ, թե՝ «Ուրեմն ես քո ծիծաղը չե՞մ ճանաչում…»:
Երբ մի քանի օրով Ղարաբաղ էի գնում, Կեշային թողնում էի ընկերուհուս մոտ: Ամուսինն ու տղան պատշգամբում ծխելիս են լինում: Ներքևից մի կին է անցնում, Կեշան սուլում է, կինը գլուխը բարձրացնում է ու երկու տղամարդկանց տեսնելով՝ անպատվում: Խեղճ մարդիկ որքան փորձում են բացատրել, որ իրենք չեն դա արել, միևնույն է, կինը չի հավատում:
Ընկերուհուս շենքի բակում Կոնսերվատորիայի օպերային մի երգիչ էր ապրում, պատուհանները բաց՝ պարապում էր: Կեշան արագ սովորում է «դասը» ու նրան հավասար կրկնում: Մյուս հարևանին երգիչը բողոքում է՝ «Ի՞նչ անեմ էս ապուշի հետ, չի թոնում` պարապեմ»: Հարևանը, թե՝ գնա բողոքի: «Ո՞ւմ բողոքեմ, ոչ հեր ունի, ոչ մեր»,- պատասխանում է երգիչը: Կեշայի արկածներն անսպառ են:
Սուրբ Զատիկի արարողությանը:
– Հայտնի է, որ մշակութային բազմաթիվ նախագծեր եք հովանավորել: 2008թ. հոկտեմբերին էլ Ձեր աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ ռուս լուսանկարիչ Եկատերինա Ռոժդեստվենսկայայի լուսանկարների ցուցահանդեսը, ով հայտնի մարդկանց, երկրների առաջին դեմքերի, նրանց տիկնանց, մշակութային գործիչների հեղինակային լուսանկարների շարք է անում իր ուրույն ոճով: Վերջերս նա լուսանկարել էր նաև Շառլ Ազնավուրին: Երևանյան ցուցահանդեսում նա ներկայացրեց նաև Ձեր լուսանկարը: Ինչպե՞ս եղավ, որ Ռոժդեստվենսկայայի մասնավոր կոլեկցիայում նաև Ձեր լուսանկարը հայտնվեց:
– Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ դեսպան Արմեն Սմբատյանի կինը` Ելենան, ինձ ասաց, որ Կատյան ցանկանում է ինձ հետ հանդիպել: Մենք հանդիպեցինք նրա ստուդիայում, և նա առաջարկեց ինձ լուսանկարել: Սկզբում չհամաձայնեցի, քանի որ հնարավորինս խուսափում եմ լուսանկարվելուց: Նա ասաց. «Ես Ձեզ կապացուցեմ, որ այն կդառնա Ձեր ամենահաջող լուսանկարը»: Եվ նա ճիշտ էր, այդ լուսանկարը դարձավ իմ ամենահաջողված լուսանկարներից մեկը: Այնուհետև պայմանավորվեցինք իր հավաքածուն երևանյան հանդիսատեսին ներկայացնելու մասին:
– Որպես ՀՀ Առաջին տիկին՝ գործունեության ո՞ր ոլորտներն եք նախընտրում:
– Տարիներ շարունակ հովանավորել եմ անհատական տարբեր անհատական նախաձեռնություններ, մասնակցել եմ տարբեր նախագծերի՝ առաջնորդվելով զուտ իմ անձնական ցանկությամբ, իմ ունեցած համակրանքով, բայց հիմա բոլորովին այլ կարգավիճակ է: Ինքս չեմ սիրում հաճախ երևալ տեսախցիկների առջև, բայցև հասկանում եմ, որ երբեմն պետք է ներկայացնել կատարած աշխատանքները: Չեմ ուզում որևէ առանձին ոլորտ վերցնել: Փորձում եմ աջակցել և առողջապահության, և սոցիալական, և մշակութային ծրագրերին: Կարծում եմ՝ Հայաստանի մշակութային կյանքում լուրջ իրադարձություն էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում մայիսի 5-ին կայացած Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերան՝ աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրմամբ: Այն իրականացավ իմ և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի տիկնոջ՝ Սվետլանա Մեդվեդևայի հովանու ներքո:
Այսօր անպաշտպան են ծերերը, երեխաները, հաշմանդամները, որոնց մշտապես անհրաժեշտ է մեր ուշադրությունը: Սակայն այդ ուշադրությունը չպետք է սահմանափակվի միայն այցելություններով: Հունվարին այցելել էի Գյումրիի «Թռչունյանց տուն» մանկատուն, որի գործունեությանը աջակցում են սփյուռքահայ բարերարները: Երեխաների մոտ հյուր գնացողներ միշտ շատ են լինում: Մտածեցի՝ իսկ միգուցե մի ծրագիր նախաձեռնենք, որի շնորհիվ այդ երեխաները կարող են հյուր գալ Երևան, մի քանի օր ապրել իրենց հասակակիցների տներում, շրջել մայրաքաղաքում, թանգարաններ այցելել, նոր ընկերներ ձեռք բերել: Այս գաղափարը քննարկեցինք Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի (Վալդորֆյան դպրոցի) ղեկավարության և ուսուցչական խորհրդի հետ: Այս դպրոցը նման փորձ ուներ եվրոպական կրթահամալիրների հետ: Գաղափարը հավանության արժանացավ, և երեք օրով «Թռչունյանց տուն» մանկատան երեխաները մայիսի 15-ից հյուրընկալվեցին «Արեգնազանի» սաներին, ապրեցին նրանց ընտանիքներում: Շատ լավ ծրագրի սկիզբ դրվեց, որը մշտապես կարելի է շարունակել: Դա ոչ միայն դաստիարակչական մեծ դեր ունի մանկատան երեխաների, այլև Երևանում նրանց ընդունող երեխաների համար: Վստահ եմ` նրանք հաճախակի կհանդիպեն, կշարունակեն սկսված ընկերությունը: Ավելին, արդեն գիտեմ, որ շուտով տեղի կունենա նրանց երկրորդ հանդիպումը: Եվ եթե այս նախագծով Երևանի մյուս դպրոցները կհետաքրքրվեն` կարող են դիմել մեզ, և մենք կաջակցենք նրանց: Պարզվում է՝ Հայաստանում երկկողմանի ծնողազուրկ երեխա գրեթե չկա, հիմնականում թեկուզև միակողմանի՝ մայր կամ հայր ունեն, որոնք պարզապես լքել են նրանց, կամ սոցիալական ծանր պայմանների պատճառով ժամանակավոր են ապրում մանկատներում: Ցավալի փաստ է դա: Այսօր աջակցության կարիք ունեն նաև լավ սովորող, շնորհալի երիտասարդները. նրանք են մեր պետության վաղվա օրը: Տարեցների համար մենք պարտավոր ենք նորմալ ծերություն ապահովել, նրանք այլ պայմաններում են մեծացել-ապրել, և այսօր չեն կարողանում հարմարվել աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ռիթմին: Այսօր առավել քան կարևոր են երեխաների կրթությանը վերաբերող խնդիրները: Պետք է նաև աջակցել մանկատների, սոցիալապես անապահով ընտանիքների խելացի, շնորհալի երեխաներին, որպեսզի շարունակեն ուսումը բարձրագույն հաստատություններում: Ամիսներ առաջ այցելել էի Վանաձորի մանկատուն: Քիչ անց տնօրենն ասաց` «Տիկին Ռիտա, Դուք չեք հիշում, բայց մեր մանկատան և Ձեր ընկերությունն արդեն 9 տարվա պատմություն ունի»: Զարմացած ասացի. «Բայց ես առաջին անգամ եմ այստեղ»: Տնօրենը հիշեցրեց, որ իրենց սաներին 9 տարի առաջ մեր տանն ենք հյուրընկալել: Անմիջապես հիշեցի այդ օրը: Ու ինձ մոտեցավ մի աղջիկ, ձեռքի մատը պարզեց ու ասաց. «Ձեր նվիրած այս մատանին այն օրվանից մատիցս չեմ հանել…»: Հիշեցի փոքրիկ Տիգրանուհուն, ով արդեն մեծ աղջիկ էր դարձել: Տիգրանուհին շատ լավ է սովորում և ուզում է ուսումը շարունակել Բարձրագույն ուսումնական հաստատությունում: Եվ ես որոշեցի, որ անպայման պետք է նրան աջակցեմ:
– Այսօր կա՞ն կոնկրետ նախագծեր, գաղափարներ, որոնցով մտահոգված եք:
– Յուրաքանչյուր հայ ընտանիքի այսօր մտահոգում է կրթության, երեխաների զբաղվածության, ապագայի հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, խորհրդային տարիներին պրոֆտեխուսումնարաններ կային, և այն երեխաները, որոնք կրթական ասպարեզում առաջադիմություն չունեին, այդ ուսումնարաններում մասնագիտություն էին ձեռք բերում, արհեստներ սովորում, ու դառնում էին շատ լավ, մեծ պահանջարկ ունեցող և հարգանք վայելող մասնագետներ, վարպետներ: Բազմաթիվ մասնագիտություններ ոչ միայն մոռացվում են, այլև հանրապետությունում նման մասնագետների խիստ պակաս է զգացվում` թե քաղաքային տնտեսության, թե շինարարության, թե գորգագործության, թե մեքենաշինության, թե խոհարարության ասպարեզներում: Եվ մատների վրա կարելի է հաշվել այդ և բազմաթիվ այլ ոլորտների մասնագետներին: Մի օրինակ նշեմ, պարզվում է՝ հանրապետությունում վերելակ վերանորոգող մասնագետների խիստ պակաս կա. այնքան քիչ են այդ մասնագետները, որ նույնիսկ չեն հասցնում սպասարկել: Իսկ արդյո՞ք վերելակ վերանորոգող մասնագետը կամ լավ շինարարության ոլորտի մասնագետները պակաս կարևոր գործ են անում, քան, ասենք, բժիշկը կամ ուսուցիչը: Նրանք նույնպես մարդկային կյանքի հետ գործ ունեն: Եվ պարտադիր չէ, որ բոլորը բարձագույն կրթություն ստանան: Սա շատ կարևոր հարց է նաև մարզերի համար, մանկատների երեխաների համար: Երեխաները միջին կրթություն ստանալու, մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն չունեն: Այս հարցն ինձ իսկապես մտահոգում է, և այդ առնչությամբ բազմաթիվ անելիքներ կան:
-Եվ վերջին հարցը. ինչպե՞ս եք վերաբերվում ղարաբաղցի-հայաստանցի տարանջատմանը:
– Նման տարանջատումն արհեստական է: Ոմանց դա ձեռնտու է: Ես չեմ հավատում, որ մարդիկ, որոնք 1988-ին պատրաստ էին իրենց կյանքը տալ Ղարաբաղի համար, այսօր կարող են բոլորովին ուրիշ մտածելակերպ ձեռք բերել: Ես լավ հիշում եմ նաև, որ այդ տարիներին յուրաքանչյուր երկրորդ հայ իրեն ղարաբաղցի էր համարում: Ղարաբաղում էլ շատ երջանիկ էին, որ վերջապես կմիանան Հայաստանին:
1988-ին ռուսական զորքերի հատուկ նշանակության ջոկատը հսկում էր Ստեփանակերտը: Քաղաքում ցույցեր, հանրահավաքներ էին: Ես, փոքրիկ Սաթենիկը (նա այդ ժամանակ մոտ 2 տարեկան էր), մի խումբ ուղևորների հետ կանգառում էինք, որտեղ կանգնած էին նաև «օմոնական» երկու զինծառայողներ: Մեկ էլ հանկարծ` երեխան, որ նույնիսկ չէր կարողանում բոլոր հնչյունները ճիշտ արտասանել, ձեռքի փոքրիկ բռունցքը վեր բարձրացրեց ու գոչեց. «Անջատո’ւն, միացո’ւն , Արցա’խ, Հայաստա’ն…»: Այնքան էր լսել այդ խոսքերը, որ տպավորվել էր նրա մեջ: Մի կին, լսելով երեխային, շրջվեց դեպի զինծառայողները և ռուսերենով, որպեսզի նրանք հասկանան, հպարտորեն ասաց. «Слышали? Так вот знайте, если на свете останется хоть один такой маленький карабахец, он все равно будет “миацум” требовать»: Մենք շատ էինք սպասում այդ միացմանը:
Այդ կապակցությամբ մի դեպք էլ պատմեմ: Դեռ 70-ականներն էին, Հայաստանից ԼՂԻՄ էին այցելել մի խումբ կինեմատոգրաֆիստներ, դերասաններ. հայկական ֆիլմերի ցուցադրություն էր: Նրանց թվում էր նաև մեր բոլորի շատ սիրելի Մհեր Մկրտչյանը: Ստեփանակերտի «Ռոսիա» կինոթատրոնում կազմակերպվել էր նրանց հետ հանդիպումը: Եվ այդ հանդիպումից իմ հիշողության և գիտակցության մեջ խոր հետք է թողել Մհեր Մկրտչյանի պարզ ու խորիմաստ հետևյալ խոսքերն` ուղղված հավաքվածներին. «Այ իմ հայեր, իմ կորած հայեր…»: Նա չասաց` ղարաբաղցիներ, այլ ասաց` իմ հայեր… Նա հուզվեց, նրա հուզմունքը փոխանցվեց բոլորին…
Վստահ եմ, որ Մհեր Մկրտչյանի պես մտածողները շատ են, որովհետև մենք միասնական ենք` մեր պատմությամբ, մեր մշակույթով, մեր հոգսերով և, վերջապես, դժվարությամբ ձեռք բերած մեր հաղթանակով:
«3 Միլիոն»
9 Հուլիս, 2009