Հայաստանում թեև շատ քիչ, բայց կառուցվել և պահպանվել են ոչ հայկական ճարտարապետական կոթողներ, որոնց մի քանիսի մասին շատերը, վստահ եմ, նույնիսկ չեն էլ լսել։ Իմ կարծիքով այս կոթողները պիտի գտնվեն պետության առանձնահատուկ ուշադրության ներքո, որովհետև հայկական և քրիստոնեական ժառանգության կողքին, սրանք հավասարապես Հայաստանի Հանրապետության հարստությունն են։
1. Երևանի Կապույտ մզկիթ (1766)։ Սա թերևս Հայաստանի ամենահայտնի ոչ քրիստոնական կոթողն է, միակ գործող մզկիթը Հայաստանում։
2. Կոնդի Թափաբաշի մզկիթը (1687) պակաս հայտնի է, չնայած ավելի հին կառույց է։ Գմբեթը կանգուն է եղել մինչև 1980-ականները։ Մզկիթի վերականգման մասին խոսվել է, բայց առայժմ ոչինչ արված չէ։ Սա մասնավոր գույք է, որը պիտի գնել, վերականգնել և դարձնել Կոնդի ու Երևանի կարևոր տեսարժան վայրերից մեկը։ Աններելի կլինի դա չանելը։
3. Ագարկի մզկիթի մասին լայն շրաջանկերում գրեթե ոչ ոք չգիտի։ Արագածոտնի մարզի Ագարակ գյողում գտնվող մզկիթը կառուցվել է 17-րդ դարում։ Ես հարցուփորձով գտա, քանի որ չկա ոչ մի ցուցանակ, աղբավայրի մեջ կորած փլատակ է, բայց բավականին պահպանված մասեր ունի։ Ինչ-որ կերպ պիտի գտնել ելքը, համագործակցել Իրանի հետ, գտնել մասնավոր շահագրգիռ մարդկանց ու վերականգնել այն։
4. Դաշտադեմի ամրոց (Քաղենիի ամրոց) 10-19-րդ դարեր՝ Արագածոտնի մարզ։ Վերջին անգեմ եղել եմ մի տաս տարի առաջ, ամրոցը վերականգնման փուլում էր։ Հուսամ լիովին վերականգնվել է։
5. Կարա-Կոյունլուների դամբարան Արգավանդ գյուղում կառուցվել է 15-րդ դարում։ Կարծեմ վերանորոգվել է 90-ականներին։ Նորմալ վիճակում է։
6. Կավարտի հունական եկեղեցի՝ 19-րդ դար Սյունիքի մարզ։ Ես չեմ եղել, բայց դատելով նկարներից վթարային վիճակում է։ Շատ ափսոս կլինի, եթե այդպիսի կոթողը անտերության մատնվի և փլվի։ Անհրաժեշտ է փրկել այս եկեղեցին։
7. Հանքավանի հունական եկեղեցի՝ 19-րդ դար։ Մի տարի առաջ եմ եղել, գտնվում է հիանալի վիճակում և արտակարգ խնամված է։ Նախկինում Հանքավանը լրիվ հունաբնակ էր, հիմա 4-5 հույն ընտանիք է մնացել, որոնցից մեկն էլ, մի ծեր հույն տատիկ այդ եկեղեցին խնամում է։ Բանալին իր մոտ է։ Հույս ունեմ ողջ և առողջ է։
8. Եղեգիսի հրեական գերեզմանատուն։ Սա լրիվ ունիկալ բան է, հայտնաբերվել է 1997 թվականին։ 13-14-րդ դարերի հրեական արձանագրություններով տապանաքարեր են։ Ըստ մամուլի երբեմն հրեա զբոսաշրջիկներ են գալիս տեսնելու այս գերեզմանատունը։
9. Ակնալիճի եզդիական տաճար, կառուցումը ավարտվել է 2019-ին։ Ես մի տարի առաջ եմ գնացել, երբ դեռ անավարտ էր։ Հոյակերտ տաճար է (կողքին ավելի փոքր տաճար կա, որ մի քանի տարի առաջ էր կառուցվել)։
10. Գյումրու Պլպլան ժամը։ Սա այնքան հայտնի կառույց է, որ կարծում եմ ավելորդ է որևէ բան գրելը։
11. Գյումրու Սուրբ Արսենի եկեղեցի (1870)։ Գտնվում է Կազաչի պոստի տարածքում, անխնամ վիճակում։
12. Ռուսական Սուրբ Նիկոլայ հրաշագործ եկեղեցի, գյուղ Ամրակից, Լոռու մարզ, Ստեփանավանի մոտ։ Այս հիասքանչ եկեղեցին սպիտակի երկրաշարժից հետո վթարային խարխուլ վիճակում գոյատևում է մինչև այսօր։ Արտաքինից տպավորություն է, որ ամեն պահի կարող է փլվել։ Մի՞թե հնար չկա այս կառույցը փրկելու։
13. Քանաքեռի ռուսական եկեղեցի (1916)։ Հայաստանի Ռուս Ուղղափառ գլխավոր եկեղեցին է, գործող է, շատ լավ վիճակում։
Սրանք իմ հիշած ոչ քրիստոնեական կոթողներն էին Հայաստանի տարածքում, որոնք մեր՝ հայերիս հարստությունն են։ Դրանցից քանի՞սն էին ձեզ անծանոթ։ Եթե գիտեք ոչ քրիստոենական այլ կոթողներ, խնդրում եմ գրեք։
Կապույտ մզկիթը
Կոնդի Թափաբաշի մզկիթը, որը վերածված է բնակելի տան և ունի սեփականատեր
Ագարակի մզկիթը, Արագածոտնի մարզում
Դաշտադեմի ամրոցը
Արգավանդի մուսուլմանական դամբարանը
Կավարտի հունական եկեղեցին, Սյունիքի մարզ
Հանքավանի հունական եկեղեցին, Կոտայքի մարզ
Եղեգիսի հրեական գերեզմանները
Ակնալիճի եզդիական տաճարը, դեռ անավարտ վիճակում։ (Կառուցումը ավարտվել է 2019-ին)
Գյումրու «պլպլան» ժամը
«Կազաչի պոստ»-ի եկեղեցին, Գյումրի
Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցին
Քանաքեռի ռուսական եկեղեցին
Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից: