Հովհաննես Այվազովսկուն համարում են ռուս ծովանկարիչ և դա քննարկման թեմա չէ։ Անշուշտ, նա ռուսական արվեստի, գեղանկարչական դպրոցի ու միջավայրի ծնունդ է։ Նա, իրավամբ պատկանում է ռուսական մշակույթին, սակայն նկարչի ստեղծագործական դեմքն ու դիմագիծն, անկասկած, յուրօրինակ ու հետաքրքիր է դարձնում նրա ազգությունը։ Հայկական արմատներն ու հայի նրա տեսակն ամենուր է։
Այվազովսկին իր հուշերում գրում է.
Երբ ես ութ տարեկան էի, հայրս պատմեց, որ կա երկիր, որտեղ ծով չկա։ Ես սարսափելի վախեցա ու լաց եղա։ Ինչպե՞ս կարող է այդպիսի մղձավանջ, ապրել առանց ծովի…Իսկ նավե՞րը…նավերն առանց ծով ոչ մի կերպ չեն կարող լինել։ Իսկ մարդը՞։ Մարդն առավել ևս…։
Մանկության տարիներին սարսափելի թվացող առանց ծովի երկիրն, արդյո՞ք բացահայտեց Հ. Այվազովսկին։ Ոչ ոք չգիտի…Որոշ աղբյուրներ պատմում են, որ նա Անդրկովկաս ճամփորդելիս եղել է նաև Հայաստանում, սակայն որևէ հիշատակություն կամ հետք այդ այցից չի հասել մեզ։ Միակ հետքերը նրա Հայաստանին ու հայերին նվիրված իր նկարներն են: Մեծ ծովանկարիչը բազմիցս անդրադարձել է իր անծով հայրենիքին: Նա պատկերել է Սևանա լիճը, Արարատը, Արարատյան դաշտը, հայկական կենցաղն ու հայ մարդուն։ Հայոց պատմության բազմաթիվ դրվագներն ու աստվածաշնչյան թեմաները նույնպես գրավել են Այվազովսկու ուշադրությունը։
Դավանելով Հայ Առաքելական եկեղեցուն, նա ողջ կյանքում հավատարիմ է մնացել իր եկեղեցուն ու հավատքին։ Դրա վկայություններից մեկն էլ Թեոդոսիայի Սբ. Սարգիս հայկական եկեղեցին է, որտեղ ոչ միայն գրանցել են Հովհաննես Այվազովսկու ծնունդը, այլ նաև այստեղ է մկրտվել, պսակադրվել ու թաղվել մեծ ծովանկարիչը։
Այվազովսկու հայկական ակունքների ու հայկական տեսակի մասին է խոսում նաև նրա ծայրահեղ հյուրասեր ու հյուրընկալ բնավորությունը։ Նրա ղրիմյան տան հյուրերն են եղել կայսրուհուց սկսած, մինչև գեներալներ ու պետական գործիչներ, աշխարհահռչակ արվեստագետներ ու մտավորականներ։ Սակայն, նա առանձնակի գորովանքով է հյուրընկալել իր հայրենակիցներին։ Այստեղ օրերով ու ամիսներով ապրել են նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանը, Վարդգես Սուրենյանցը, Վարդան Մախոխյանը, Արսեն Շաբանյանը, Էմանուել Մահտեսյանը, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, դերասան Պետրոս Ադամյանը և էլի շատ հայորդիներ։ Նրանց բոլորին Այվազովսկին օգնել ու աջակցել է յուրովի։ Մեկին ֆինանսապես, մյուսին հոգեպես, երրորդին խորհուրդներով…բոլոր նրանք, ովքեր որևէ խնդրանքով դիմել են Այվազովսկուն, երբևէ անպատասխան չեն մնացել։
Ամբողջությամբ՝ vnews.am