Ասում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկինը՝ Բելլա Քոչարյանը
ՀՀ նախկին Առաջին տիկին Բելլա Քոչարյանի մասին միջազգային մամուլն իր հրապարակումներում գրում էր` զուսպ, ինտելիգենտ, էլեգանտ: 2001թ. ռուսաստանյան մի լրատվամիջոցի հետ հարցազրույցում տիկին Բելլան ասել էր՝ «Ինձ համար շատ կարևոր է, որ հայ կանայք ինձ ընդունեն»: «3 Միլիոնը» այս օրերին հանդիպեց Բելլա Քոչարյանի հետ: Ինչպիսի՞ն էր ՀՀ նախկին Առաջին տիկնոջ ուղին:
– Սկզբում ինձ ուղղակի նախագահի կին էի զգում: Բոլորովին նոր, անծանոթ վիճակ էր, ժամանակ էր պետք նոր իրավիճակին ծանոթանալու, գործունեություն ծավալելու համար: Իսկ երկրում այդ ժամանակ դժվարին և լարված տարիներ էին. անելիքները շատ էին, պատասխանատվությունը մեծ էր: Կարծում եմ՝ իմ մասին, որպես Առաջին տիկին, հասարակության կարծիքը ձևավորվեց հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում: Հասարակության կողմից ընդունվելու համար երկարատև, քայլ առ քայլ, համբերատար աշխատանք է պահանջվում: Պետք չէ շտապել: Կամ, ինչպես չինացիներն են ասում՝ պետք է դանդաղ շտապել: Այնպես չէ, որ գաս-ասես՝ «Բարև Ձեզ, ես Ձեր Առաջին տիկինն եմ, սիրեք ինձ», ու քեզ ընդունեն: Այդպես չի լինում, պիտի աշխատես, պետք է նվաճես այդ հարգանքը, սերը: Շատ կարճ ժամանակ անց զգում, գիտակցում ես, որ այլևս ինքդ քեզ չես պատկանում: Ես, իհարկե, իմ ես-ի զգացումը միշտ ունեի՝ իմ կարծիքը, իմ հայացքները այս կամ այն հարցի-երևույթի նկատմամբ, բայց շատ հաճախ պետք է հեռանաս այդ ես-ից: Կան գրված և չգրված օրենքներ, որոնց պետք է հետևես: Երկիր ներկայացնելը չափազանց մեծ պատասխանատվություն է:
Մատների ծայրերով դու պետք է զգաս, թե որտեղ է պետք կանգ առնել: Չափի զգացումը հիանալի զգացում է: Անգլիացիները շատ լավ խոսք ունեն՝ «Կեր` ինչպես գյուղացին, զգա` ինչպես թագավորը»: Իրոք, ամեն ինչ պետք է լինի պարզ և չափի մեջ: Դա պատասխանատվության զգացում է: Որքան բարձր է քո կարգավիճակը, այնքան մեծ է պատասխանատվության զգացումը: Ես ինձ պատասխանատու եմ համարում մեր երկրում կատարվող շատ բաների համար, թեպետ, միգուցե ես կոնկրետ պատասխանատու չեմ դրանց համար:
Բելլա Քոչարյանը ծնվել է 1954թ. հունվարի 31-ին` Ստեփանակերտում: 1978թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, մասնագիտությամբ բժիշկ-համաճարակաբան է: Աշխատել է Լեռնային Ղարաբաղի Մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ)՝ որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան: Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը: Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը:
Ռոբերտ Քոչարյանը 1988թ. փետրվարից եղել է Արցախյան շարժման քաղաքական առաջնորդներից: 1994թ. դեկտեմբերի 24-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996թ. նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով ընտրվել է ԼՂՀ նախագահ: 1997թ. մարտի 20-ին նշանակվել է ՀՀ վարչապետ, և 1998թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է ՀՀ նախագահ: 2003թ. Ռ. Քոչարյանը կրկին վերընտրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:
Այսպիսով, Բելլա Քոչարյանին բախտ է վիճակվել լինել և՛ ԼՂՀ, և՛ ՀՀ Առաջին տիկին:
– Ղարաբաղում, որպես Առաջին տիկին, իմ գործունեության շրջանակն ավելի համեստ էր, կարելի է ասել՝ պարզապես Ռոբերտ Քոչարյանի կինն էի: Ստանձնելով Հայաստանի Առաջին տիկնոջ դերը՝ շատ բան փոխվեց, առավել մեծ էր պատասխանատվությունը:
Մի առիթով Բ. Քոչարյանը պատմել էր, որ երբ իր հայրը հիվանդ էր (Ռ. Քոչարյանը ԼՂՀ նախագահն էր, և առաջին տիկինը ևս բազմաթիվ պարտականություններ ուներ), ոմանք խորհուրդ էին տվել նրան տեղավորել հիվանդանոցում, որպեսզի ազատ զբաղվի իր գործերով: «Ինձ համար դա այնքան զարմանալի էր` իսկ ինչպե՞ս ապրեմ հետո: Հասկանո՞ւմ եք… Իմ երեխաների մեջ ես զգում եմ նույնպիսի վերաբերմունք: Մենք սովորել ենք մեր ծնողների օրինակի վրա, նրանք` իրենց: Մարդու էությունը չի կարող փոխվել»:
– Իսկ դժվա՞ր էր արդյոք այդ անցումը:
– Նախ՝ դա նորություն էր ինձ համար, բոլորովին այլ վիճակ էր, հասկանում էի, որ միշտ պետք է ամուսնուս կողքին լինեմ, այդ թվում՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ, պետական-պաշտոնական փոխայցեր պետք է լինեն, տարբեր երկրների առաջին դեմքերի հետ պետք է հանդիպեմ, Հայաստանը ներկայացնեմ, և դա մեծ պատասխանատվություն էր: Ոչ մի անգամ այդ վիճակին չես սովորում: Ոչ թե վախ, այլ մշտապես անհանգստություն կա: Յուրաքանչյուր պաշտոնական այց մեծ աշխատանք է պահանջում. ծանոթանում ես տվյալ երկրի մշակույթին, պատմությանը, ավանդույթներին, արարողակարգային «խոհանոցին»՝ ինչպես հագնվել, ինչ ասել, ընդունելությունների ժամանակ պետք է իմանալ հյուրերի նախասիրությունները… Դա աշխատանքի միայն մի մասն է, և, իհարկե, կա ամենօրյա աշխատանք: Առաջին տիկինը պետք է ընտրի գործունեության այն ոլորտը, որն իրեն հոգեհարազատ է: Կարծում եմ՝ երկրի առաջին դեմքերը չպետք է ընտրեն կոնկրետ մի ոլորտ և միայն այդ ոլորտը զարգացնեն: Բոլորի հետ պետք է փորձես համագործակցել, աջակցել և քո ներդրումը կատարել: Ինձ ավելի հոգեհարազատ էին սոցիալական, մշակութային, առողջապահական ոլորտները: Հատկապես՝ մանուկների և ծերերի խնդիրները, որոնք ամենաանպաշտպան, խոցելի խավն են: Հասարակության քաղաքակրթվածության աստիճանի մասին սովորաբար դատում են երեխաների և ծերերի նկատմամբ վերաբերմունքով: Հարյուրավոր նամակներ էի ստանում, փորձում էի այդ նամակներին հնարավորինս պատասխանել: Իհարկե, միշտ չէր ստացվում բոլոր նամակներին պատասխանել, ընթացք տալ: Նամակներում հաճախ նաև խնդիրներ էին բարձրացվում, որոնք իմ գործունեության սահմաններից դուրս էին: Ես ունեի իմ գործունեության, իմ պարտականությունների շրջանակները: Հաճախ էի մարդկանց ընդունում, լսում նրանց խնդիրները, աջակցում, սակայն, եթե նրանց խնդիրները իմ կարողությունների, լիազորությունների, այսպես ասած, սահմաններից դուրս էին լինում, անկեղծորեն ասում էի նրանց այդ մասին, և երբեք սուտ խոստումներ չէի տալիս: Եվ մարդիկ գնահատում էին այդ անկեղծությունը, շնորհակալություն հայտնում՝ իրենց ընդունելու և լսելու համար: Մարդկանց հաճախ կարող է օգնել նույնիսկ այդ փոքրիկ ուշադրությունը, լսելու կարողությունը: Կարևոր է նկատել առանձին մարդուն: Յուրաքանչյուր մարդ արժեքավոր է իր բնույթով, իր էությամբ, իր գենետիկայով: Պատահում է՝ մարդուն դիմում ես անունով, նա զարմանում է` ինչպե՞ս եք հիշում իմ անունը: Ես միշտ նկատում եմ, հիշում եմ առանձին մարդկանց, որովհետև մարդու համար ամենակարևորը ինքն է և, երբ նկատում ես մարդուն, նա զգում է, որ այս աշխարհում ավելորդ չէ: Իսկ երբ ստորացվում է… Չի կարելի մարդկանց ստորացնել:
Թեև Բ. Քոչարյանը շատ նորմալ է վերաբերվում, երբ Առաջին տիկնայք նաև քաղաքականությամբ են զբաղվում, քաղաքական հարցերին ակտիվ միջամտում են, բայցև նկատում է, որ յուրաքանչյուր երկիր այդ առումով իր յուրահատկությունն ունի:
– Ամերիկայում, այլ երկրներում դա գուցե շատ նորմալ է, բայց մեր երկրում հատկապես 1990-ական թվականներին դեռ չէին ընկալում այդ երևույթը: «Ինքս ներքուստ զգում էի, որ չպետք է խառնվեմ երկրի քաղաքական հարցերին, և պետք է զբաղվեմ այլ ոլորտներով: Դերերի բաժանում, որպես այդպիսին, մեր միջև չի եղել երբեք, դա լուռ համաձայնությամբ է տեղի ունենում: Ես, շատ լավ իմանալով ամուսնուս բնավորությունը՝ հասկացել եմ, որ պետք չէ մտնել քաղաքականության մեջ: Առհասարակ այն կարծիքին եմ, որ կինը միշտ պետք է տղամարդուց մեկ քայլ ետ կանգնած լինի: Եվ կապ չունի՝ երկրի նախագահ-Առաջին տիկին փոխհարաբերություններո՞ւմ, թե՞ սովորական կյանքում: Մի անգամ Ռոբերտ Սեդրակովիչն էլ իր հարցազրույցում նշեց, որ ընտանիքում ամուսինների միջև չպետք է մրցակցություն լինի, յուրաքանչյուրն իր տեղն ու դերը պետք է ունենա:
Երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ Ռոբերտ և Բելլա Քոչարյանների միջև բանավեճեր, իհարկե, լինում էին: Տիկին Բելլան, վերհիշելով իրենց բանավեճերը, ծիծաղելով ասում է.
– … Քոչարյանը չի կարող զիջել (ծիծաղում է.- հեղ.): Որպես կին՝ ես կարող է էմոցիոնալ լինեմ որոշ հարցերում, բայց Ռոբերտ Քոչարյանը ցանկացած հարցի ավելի տրամաբանորեն է մոտենում: Բանավիճելուց հետո, որոշ ժամանակ անց համոզվում էի, որ ինքն ավելի հեռատես է: Յուրաքանչյուր երևույթ նա ավելի պրակտիկ է պատկերացնում: Եվ կարծում եմ՝ դա շատ կարևոր հատկություն է, հատկապես երկրի առաջին դեմքերի համար: Հենց այդ հեռատեսությամբ էլ պետական գործիչները տարբերվում են քաղաքական գործիչներից: Ընդհանրապես տղամարդ լիդերը պետք է հեռուն տեսնի, վերլուծական միտք պետք է ունենա:
Բ. Քոչարյանի համոզմամբ՝ հայ կանայք չպետք է իրենց էությունը փոխեն, պետք է պահպանեն գեղեցիկ հատկանիշներն ու ավանդույթները:
– Կինը՝ կին է, տղամարդը՝ տղամարդ, պետք չէ բնությանը հակառակ գնալ: Հայաստանում Առաջին տիկինը, կարծում եմ, իր դերակատարության մեջ պետք է հետևի իր ամուսնուն: Նույնիսկ, եթե Առաջին տիկինն ես, երկրի նախագահի կինն ես, պետք չէ անընդհատ երևալ այստեղ-այնտեղ, խոսել, ելույթներ ունենալ: Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի, և չափի այդ սահմանները ինքդ պետք է զգաս: Պետք է կարողանաս միայն օգնել ամուսնուդ և ոչ թե վնասել: Լրագրողները հաճախ էին այս կամ այն ներքաղաքական հարցի մասին իմ կարծիքը հարցնում, բայց ես զգում էի, գիտեի, որ պետք չէ ներքաշվել այդ հարցերի մեջ: Հատկապես այս վերջին 10 տարիները մեր երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական կյանքում շատ դժվարին տարիներ էին, և պետք չէր ավելորդ բարդություններ ստեղծել: Խոսքը՝ խոսք է առաջացնում, կարող է մի բան ասեի և մի փոքրիկ խոսքը ձնագնդիի պես մեծանար, գլորվեր: Դրա համար ավելի ճիշտ էր քաղաքականությանը չխառնվելը: Ես, որպես Առաջին տիկին, զբաղվում էի սոցիալական, մշակութային, առողջապահական խնդիրներով, բարեգործական ծրագրերով, և որպես մայր՝ մեր երեխաների դաստիարակությամբ:
Ռոբերտ Սեդրակովիչը միշտ էլ խիստ և պահանջկոտ էր երեխաների հանդեպ: Թեև համոզված եմ, որ մարդու էությունը չի փոխվում, և կարող են միայն արտաքին գործոնները փոխվել, բաց նույնիսկ ես շատ ավելի խիստ էի դարձել երեխաների նկատմամբ, այն իմաստով, որ նրանք իրենց պարկեշտ պահեն, որպեսզի չզգացվեր, որ նրանք առաջին դեմքի երեխաներ էին:
Նրանց հեռու էինք պահում քաղաքականությունից, բամբասանքներից, նման բան չկար մեր տանը, երեխաները չէին իմանում՝ ի՞նչ է կատարվում, նույնիսկ ընդդիմության մասին հարցեր չէինք քննարկում, որևէ մեկին չէինք վատաբանում, որպեսզի չթշնամացնենք, չչարացնենք նրանց: Սեդրակը, դեռ մի քանի տարի առաջ, հաճախ հարցնում էր՝ ինչո՞ւ եմ ես ամեն ինչ վերջում իմանում… Հիմա, իհարկե, մեծ են, հասկանում են, հետևում են լուրերին: Մեր ընտանիքում առանց որևէ խոսքի, պայմանավորվածության՝ բոլորս գիտեինք մեր պարտականությունները: Բոլորս գիտակցում էինք մեր բաժին պատասխանատվությունը: Եթե 10 տարի կառավարելուց հետո երկրի նախագահի ընտանիքի մասին միայն լավ բաներ են խոսում՝ կարծում եմ, դա շատ մեծ բան է և՛ նախագահի, և՛ երկրի համար: Դեռ ղարաբաղյան պատերազմի ծանր տարիներին մենք ընտանիքով՝ շատ հաճախ լուռ, չխոսելով, միշտ իմ ամուսնու և մեր հայրիկի կողքին էինք: Միշտ լավ, համերաշխ մթնոլորտ է տիրում մեր տանը, փորձում ենք միմյանց չզայրացնել:
– Առավել ևս երկրի նախագահի դեպքում, ում տրամադրությունը կարող է նաև երկրի համար ճակատագրական լինել: Տիկին Բելլան աշխատանքից հետո ամուսնուն շատ հարցեր չի տալիս.
– Գիտեմ մի բան, որ աշխատանքից հետո, ճաշի ժամանակ պետք չէ շատ հարցեր տալ: Մարդը գալիս է տուն՝ հանգստանալու: Ռոբերտ Սեդրակովիչն ընդհանրապես քաղաքական հարցերը տուն չէր տեղափոխում: Մենք նաև շատ լավ ընկերներ ենք: Նախագահության ժամանակ, իհարկե, հաճախ զրուցում էինք, խոշոր հարցերում ես իմ կարծիքը արտահայտում էի, բայց հատուկ չէր պատմում քաղաքական անցուդարձի, օրվա խնդիրների մասին: Էությամբ շատ փակ չէր, եթե ինչ-որ բան ինձ հետաքրքրում էր և հարցնում էի՝ պատասխանում էր, բայց մանրամասնությունների մեջ չէր խորանում:
Տիկին Բելլան հասցնում էր նաև տանը ճաշ պատրաստել.
– Հատկապես առաջին տարիներին, շաբաթ-կիրակի օրերին խոհանոցն իմն էր: Ամառանոցում հիմնականում պատրաստում են, բայց տանը կին էի, մայր էի, հետո նաև տատիկ էի, իսկ դրսում՝ նախագահի կին:
Պրոտոկոլային հարցերում Բ. Քոչարյանը կոնֆլիկտային չէր, նրբանկատորեն արտահայտում էր իր կարծիքը: Գործնական հագուստը, արդուզարդի պարագաները ինքնուրույն էր ընտրում:
Տիկին Բելլան մինչ օրս շարունակում է զբաղվել հասարակական գործունեությամբ:
1999թ. Բ. Քոչարյանը այցելեց Արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հեմատոլոգիայի մանկական բաժանմունք, որտեղ բուժվում են արյան ամենատարբեր հիվանդություններով տառապող հիվանդ երեխաներ: Հենց այդ ժամանակից էլ Բ. Քոչարյանի հետևողական աջակցությամբ ստեղծվեց «Ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը, որի պատվավոր նախագահն է մինչ օրս: Այդպիսով, ՀՀ-ում հնարավորություն ստեղծվեց, որ դժվար բուժվող այդ հիվանդություններով (արյան քաղցկեղ, ապատիկ անեմիա, և այլն) տառապող երեխաները ստանան աշխարհում կիրառվող ամենառադիկալ մեթոդները: Դոնորների հայկական այս գրանցամատյանում ՀՀ նախկին առաջին տիկին Բ. Քոչարյանը դարձավ առաջին դոնորը: Բ. Քոչարյանը նաև Վլադիմիր Սպիվակովի «Հայաստանի տաղանդավոր երեխաները» միջազգային բարեգործական հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի պատվավոր նախագահն է: ՌԴ նախկին նախագահ, այժմ՝ վարչապետ Վլադիմիր Պուտինի տիկնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի հետ մի քանի տարի շարունակ համատեղ իրականացնում էին «Ռուսաստանը և ռուսաց լեզուն իմ կյանքում» միջազգային մանկապատանեկան օլիմպիադան։
Քոչարյանները երեք զավակ ունեն` երկու որդի և մեկ դուստր: Ավագ որդին` Սեդրակը, ավարտել է ԵՊՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան, և այժմ զբաղվում է իր սեփական բիզնեսով: Կրտսերը` Լևոնը, ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան: Շուտով կամուսնանան Լևոնը և երգչուհի Սիրուշոն: Դուստրը` Գայանեն, ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրան, ամուսնացած է:
Բելլա Քոչարյանը պարբերաբար ուղեկցում էր ամուսնուն արտասահմանյան ուղևորությունների ժամանակ: Նա, սակայն, չէր միջամտում ամուսնու քաղաքական որոշումներին, երկրի քաղաքական գործընթացներին և զբաղվում էր բարեգործական, առողջապահական և մշակութային ծագրերով:
– Մի առիթով հավաքվել էին տարբեր երկրների առաջին տիկնայք, և բոլորը բողոքում էին, որ աճող սերունդը քիչ է կարդում, որ երեխաները կորչում են համակարգչի առջև, որ ներկա սերունդը սեփական գրական հերոս չունի: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկին Շերի Բլեերը դժգոհում էր` ինչո՞ւ մեր երեխաները պետք է դաստիարակվեն միայն Հարրի Պոտերով, չէ՞ որ պետք է լինեն նաև այլ հերոսներ: Բոլորը եկան այն եզրակացության, որ չնայած աշխարհում հրատարակվող գրքերի հսկայական քանակությանը, 13-18 տարեկանների համար կոնկրետ գրականություն չկա: Եվ այդպիսով մենք հավանություն տվեցինք Լյուդմիլա Պուտինայի նախաձեռնությանը, որ մեզանից յուրաքանչյուրն իր երկրում մրցույթ հայտարարի այդ սերնդի համար նախատեսված լավագույն ստեղծագործության համար: Հայաստանում մենք մրցույթ հայտարարեցինք դեկտեմբերին և մոտ 300 ստեղծագործություն ստացանք: Ամփոփվեցին արդյունքները, հայտարարվեցին դափնեկիրները երեք նոմինացիաներում` պիես, արձակ և բանաստեղծական շարք:
Աշխարհը դարձել է բաց և, կարծում եմ, ավելի վտանգավոր: Մեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն կա այն առումով, որ մեր երեխաների մեջ դաստիարակենք վստահություն, կենսունակություն, ապահովենք նրանց ներդաշնակ զարգացումը ժամանակակից, շատ դաժան պայմաններում: Եվ պետք է ազգային ոգին գերակայի:
Հաճախ էի այցելում դպրոց-ինտերնատներ, մանկատներ, ցնցող երեխաներ կային: Օրինակ, Գավառում ոչ միայն որբեր են ապրում, այլ կան նաև սոցիալապես անապահով երեխաներ: Ժամանակի մի մասը նրանք անցկացնում են այնտեղ, հետո վերադառնում են տուն: Մանկատները միայն որբ երեխաներին օթևան տալու ֆունկցիա չեն կատարում: Օրինակ՝ «Զատիկ» մանկատանը նույնիսկ կրկնուսույցներ են վարձում: Բայց այդտեղ մեզ հուզող խնդիր կար. երեխաները մինչև 17-18 տարեկանը կարող են ապրել այդ հաստատություններում: Հայտնի չէր, թե հետո ինչպե՞ս կդասավորվեր նրանց կյանքը, ի՞նչ կրթություն կստանան: Միջին մասնագիտական կրթության հնարավորություն չկա: Գավառում աղջիկները զբաղվում էին գորգագործությամբ և իրենց աշխատանքի դիմաց վարձատրվում էին: Նրանց գործած փոքրիկ գորգերը վաճառվում էին, և եկամուտը հատկացվում էր նրանց: Եվ նրանք իրենց քիչ թե շատ անկախ էին զգում: Սովորում էին նաև գումար վաստակել: Եվ դա շատ կարևոր խնդիր է մեզ համար, քանի որ բազմաթիվ մասնագիտություններ կամաց-կամաց վերանում են մեր կյանքից: Իբրև ՀՀ Առաջին տիկին, իմ սկզբունքը հետևյալն էր. փորձում էի օգնել բոլոր նրանց, ովքեր օգտակար աշխատանք են կատարում: Եթե զգում էի, որ նախաձեռնությունն իրոք անհրաժեշտ ու հրատապ էր, և որ այն վերաբերում էր ոչ միայն առանձին անհատների, այլ ուղղված էր խնդրի լուծմանն ամբողջությամբ, ես անպայման միանում էի: Աճող սերնդի խնդիրներն այսօր առաջնային են, և շատ անելիքներ դեռ ունենք: Մենք հաճախ ենք խոսում երեխաների իրավունքների մասին, բայց երեխաներն էլ պետք է իմանան, որ իրենք էլ ունեն և՛ իրավունքներ, և՛ պարտականություններ, պատասխանատվություն: Նրանք էլ պատասխանատու են իրենց ընտանիքի, դպրոցի, հասարակության առջև: Նրանք պարտական են այս երկրին և պատասխանատու են այն բանի համար, թե ինչպիսին է այս երկիրը: Հարցը ոչ միայն այն է, թե ինչ է արել երկիրը քեզ համար, այլ` ինչ ես արել դու: Եթե երկրի վիճակը վատ է, ինչ-որ բան այնպես չի արվում, դրանում մեղավոր են ոչ միայն երկրի նախագահը կամ վարչապետը: Ինչպես Դոստոևսկին է ասում՝ «Բոլորը մեղավոր են ամեն ինչում»:
«3 Միլիոն»
9 Հուլիս, 2009