«Դալի և Պիկասո» ցուցահանդեսում ներառվել են քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական աշխատանքներ՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Ցուցահանդեսը բացվելու է մարտի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կգործի մինչև ապրիլի 26-ը:
«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն էլ նշեց, որ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո որոշել են հայ-ռուսական բարեկամության ամրապնդման նպատակով Հայաստանում կազմակերպել «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: «Հաճախ էի լինում Մոսկվայում, այցելում ցուցահանդեսներ, ունկնդրում Շադրինի դասախոսությունները: Ձմռանը հստակեցվեց, որ ցուցահանդեսն անպայման պետք է իրականացվի Երևանում` Հայաստանի ազգային պատկերասրահում»,-պատմեց նա:
Շադրինն էլ խոստովանեց, որ չի կարողացել մերժել իր ընկերների առաջարկը: «Հայաստանում ցուցահանդեսի հետ կապված կոմերցիոն մեծ հետաքրքրություն չունեմ, իսկ Ռուսաստանում մեծ պահանջարկի արդյունքում ցուցահանդեսը մշտապես երկարաձգվել է»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով ցուցանմուշների ձեռք բերմանը` Շադրինը շեշտեց, որ Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները գնվել 2006 թվականին «Դալիի աշխարհ» փարիզյան հիմնադրամից (ստեղծել է նկարչի բարեկամ Բենիամին Լևին), վիմագրանկարները` հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Ալժիերի ընտանիքից` 2011 թվականին: Հաջորդ տարի հեղինակավոր «Քրիստի» աճուրդային տնից ձեռք են բերվել Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը:
«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկու մեծագույն արվեստագետների յուրօրինակ երկխոսություն է, արվեստագետներ, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան է մուտք գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին Պիկասոյի արվեստանոցում:
Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից: