ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է թույլատրել սիգի օրինական որսը, սակայն վաճառքի համար ձկնորսը պետք է պարտադիր վճարի բնօգտագործման վճարը, ունենա օրինական թույլտվություն: Այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե սիգի անօրինական որսի և վաճառքի հարցը ինչպես են լուծելու:
Նա նախ նկատեց՝ սիգի հետ կապված խնդիրները խրոնիկ են: Շատերն անցնում են քրեական գործերով, տեսուչները նախկինում տարբեր գործարքների մեջ են մտել ձկնագողերի հետ:
«Օրենսդրական փաթեթը մշակվել է, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը: Հիմա հրամանը կմշակվի: Եվ մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու, դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են կատարվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիա կիրառվի: Այսինքն՝ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է փաստաթղթավորված լինի: Դա կվերաբերի սիգին, ծառին, քարին, ավազին, ամեն ինչին»,-ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ դա մշակելուց և ավարտելուց հետո այս տարվա մեջ սիգի հարցը կլուծվի:
Նա վստահեցրեց՝ այսինքն, եթե դրանից հետո մարդիկ տեսնեն, որ սիգ է վաճառվում, դա կլինի օրինական, թույլտվությամբ, բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի կողմից որսված։ Գրիգորյանը նշեց նաև, որ դա, իհարկե, կլինի ավելի թանկ, քանի որ բնական էկոմահակարգում բնական կերով սնված ձուկը չի կարող լինել բուծված ձկից ավելի էժան: