Փաշինյանը իր «Հայկական ժամանակ»-ի 2012-ի հոկտեմբեր 12-ի «Ակնհայտ «ստվերային» կազուս» խմբագրականում գրել է. «Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ եւ հարկերից չարակամորեն խուսափելու ստուգումներ իրականացնենք։ Այսօր մենք չենք ուզում դիպչել այդ գործիքներին, չենք ուզում կիրառել քրեական հոդվածներ, բայց դաշտում պարտավոր ենք էապես կրճատել ստվերայնությունը»,-այսպիսի սպառնալիքով է հանդես եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իրավական տեսակետից սա կազուս է։ «Ստվերայնությունը» հանցագործություն է։ Եթե կա հանցագործություն, պետք է լինի քրեական գործ։ Եթե կա հանցագործության կասկած, նույնպես պետք է լինի քրեական գործ։
Եթե չկա հանցագործություն, եւ չկա կասկած, ապա «քրեական հոդվածներով» սպառնալը շանտաժ է PR-ի էլեմենտներով կամ PR՝ շանտաժի էլեմենտներով։ Եթե կա հանցագործություն, եւ վարչապետն է որոշում քրեական գործ լինել-չլինելու հարցը, ապա ոտնահարվում է Սահմանադրությունը, քանի որ դա չի մտնում Սահմանադրությամբ նրան տրված լիազորությունների մեջ։ Իսկ սա նշանակում է, որ տվյալ երկրում լիակատար ապօրինություն է տիրում` անմեղներին կարող են դատել, իսկ մեղավորներին չպատժել։ Այսինքն, այն, ինչ տեղի է ունենում ներկայիս Հայաստանում»։
Ասում են որ ներկայիս վարչապետ Փաշինյանը հետագայում դատվելու է` բոլոր իրեն անհաճո, իր ընտանիքի հիմնադրամներին մուծում չկատարած, նախկին որևէ իշխանավորի պատկանող, պարզապես հարուստ սևի ընտանիքի կամ հիմնարկի դեմ ձեռնարկած ապօրինի ռեկետների համար։ Հիմա արդեն կազուս չէ, այլ` առօրյա, երբ չկա հանցանք ու քրեական գործ, բայց կա թաթիկները կտրելու, պատին ծեփելու, ասֆալտին փռելու, գիշերներով ոստիկանական-ահաբեկչական խուզարկումներ անելու, ցանկացած ունեցվածք յուրացնելու վարչապետական սպառնալիք` և՛ PR-ի, և՛ շանտաժի էլեմենտներով։