«Քննադատությունների մեծ մասը բովանդակազուրկ է, դիպուկ չէ, առարկայական չէ»
Advertisement 1000 x 90

«Քննադատությունների մեծ մասը բովանդակազուրկ է, դիպուկ չէ, առարկայական չէ»

?Տարատեսակ քննադատություններ գրողներին, կապ չունի ում ուղղված (Փաշինյանին, Սարգսյանին, Քոչարյանին, Տեր-Պետրոսյանին…) մի ընդհանրություն է համախմբում: Քննադատությունների մեծ մասը բովանդակազուրկ է, դիպուկ չէ, առարկայական չէ:

?Պարզ օրինակ: Փաշինյանը երիտասարդ տղային ասեց, որ գնա աշխատի և ինքն իր համար տուն գնի: Հասկանալի է, որ ասվել է այդ տղայի հարցի առիթով, բայց վերաբերում էր առհասարակ պետությունից անհիմն պահանջներ դնելու խորհրդային ժամանակներից մնացած անհասկանալի սովորությանը: Այդ առումով ոչմի սխալ բան չէ ասված:

?Չի նշանակում, թե քննադատելու բան չկա: Կարելի է, օրինակ, ասել, որ պետությունը բավարար չի կատարում ներառական աշխատատեղերի ապահովման հարցում իր կարգավորիչ լիազորությունները: Արժե ասել, որ ներառականություն պետք է լինի նաև մարդկանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու հասանելիության հարցում: Կան մարդիկ, ովքեր իրավական առումով անպաշտպան են` ելնելով իրենց ընդունակություններից. նրանց համար էլ ինստիտուցիոնալ լուծումներ են անհրաժեշտ, որ «խաբեության» զոհ չդառնան: Կարելի է նաև պնդել և պահանջել, որ գործադիր իշխանության ղեկավարները ավելի զգույշ լինեն օրինակներ բերելուց, որ պատահաբար չնեղացնեն առանձին մարդկանց:

?Չնայած դրան, քննադատողներից շատերը նախընտրում են սխալ հասկանալ միտքը, սխալ մեկնաբանել, կոնտեքստից կտրել, կիսատ վերարտադրել, թիրախավորել արտաքին տեսքը, ընտանիքի անդամներին և այլն: Նույն ամենը` ինչ արվում էր Սերժ Սարգսյանի նկատմամբ նույնպես:

?Արդյունքում բովանդակային և թիրախային քննադատությունը, լինելով անհետաքրքիր, կորում է ընդհանուր աղմուկի մեջ, իշխանությունը կորցնում է կառուցողականը տարբերակելու ընդունակությունը, հասարակությունը իջնում է թաղումներ կազմակերպելու մակարդակի, հեղինակությունները ոտնահարվում են, սրբությունները պղծվում են, պետականությունը դադարում է գոյություն ունենալ քաղաքացու բացակայության հետևանքով:

?Յուրաքանչյուր հաջորդ ընդիմություն ստիպված է լինում կրկնել նույնը, որովհետև արդեն միայն դա է աշխատում: Սա փակ շրջան է, որը ջարդելը հեշտ գործ չէ:

?Չմոռանանք, որ մարդու տարբերությունը կենդանուց` միտքը խոսքով արտահայտելու ընդունակության մեջ է նաև: Ըստ էության թատրոնը գրքի ավելի պատկերավոր և հասանելի տեսակն է: Եվ եթե կյանքը պիտի թատրոն լինի, ապա բեմադրենք գոնե բարձրաճաշակ ներկայացումներ:

Առնոլդ Հակոբյանի էջից: