Մարդաշատ «Հրազդան» մարզադաշտի դեբյուտը դարձավ Խորեն Հովհաննիսյանի` տասը տարի տևած դարաշրջանի սկիզբը։ Ֆուտբոլային կարիերայի հինգ տարիներին ընթացքում նա խաղացել է երկրի գլխավոր թիմում։ Երևանցիներից այլևս ոչ ոք այդպես չի խաղացել ԽՍՀՄ հավաքականում ու այդքան գոլ չի խփել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում Հովհաննիսյանը խոսել է իր սպորտային անցյալի` քիչ հայտնի փաստերի մասին։
–Ինչպե՞ս է հիշվել առաջին հրավերը ԽՍՀՄ հավաքական։
–Հինգ տարեկանից սկսած շատ բան եմ հիշում։ Հիշողությունս երբեք չի դավաճանել ինձ (ծիծաղում է)․․․ 1979 թվականի գարունն էր։ Թիմն ընդունել էր Կոնստանտին Բեսկովն ու ինձ միանգամից կանչեցին։ Հավաքականը նրա ղեկավարության ներքո առաջին խաղն անցկացրեց Թբիլիսիում։ «Արարատի» այն ժամանակվա մարզիչ Իոսիֆ Բեցայի հետ Երևանից մեքենայով գնացի այնտեղ։ Մենք 1:3 հաշվով պարտվեցինք ԳՖՀ հավաքականին։ Բայց ուզում եմ ասել, որ առաջինից մինչև վերջին օրն ինձ համար ազգային հավաքականում հիանալի մթնոլորտ էր։ Դա իսկական թիմ էր։ Հինգ տարվա ընթացքում, որ խաղացել եմ ԽՍՀՄ հավաքականի կազմում, 14 մարդուց բաղկացած կորիզ էր ստեղծվել, մենք լավ ընկերացել էինք։
–Հավաքականի կազմում առաջին գոլը ո՞րն է եղել։
–Եթե չեմ սխալվում՝ Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնության ընկերական խաղն էր իսլանդացիենրի հետ։ Այո, հաստատ, 1980 թվականի հոկտեմբերն էր։ Մոսկվայում էինք խաղում, «Լուժնիկի» մարզադաշտում, ջարդեցինք նրանց 5:0 հաշվով։ Երկու գոլ խփեցի, ընդ որում՝ երկուսն էլ աջ ոտքով, թեև բոլորին հայտնի է, որ ես ձախլիկ եմ։
–Իսկ հիշու՞մ եք ձեր վերջին գոլը ԽՍՀՄ հավաքականի կազմում։
–Այն հիշվել է ոչ այն պատճառով, որ վերջինն էր (այն ժամանակ ինչ իմանայինք)։ Պարզապես իմ կյանքում բարդ իրավիճակ էր։ Մեր «Արարատն» անհաջողություններ էր ապրում, բոլորը նյարդայնանում էին։ Եվ ահա Մինսկում 1:2 հաշվով պարտվելուց հետո մեկնում եմ ԳԴՀ հավաքականի հետ ընկերական խաղին, ու մեր մարզիչ Արկադի Անդրեասյանը ղեկավարության մոտ ինձ թիմից հեռացնելու հարցն է բարձրացնում։ Հետո տարբեր ատյաններով էի գնում, բայց էլ հիշելու բան չկա, անցած-գնացած բաներ են․․․ Գերմանացիների հետ Լայպցիգում էինք խաղում։ Հաշիվը ոչ-ոքի էր, ես հարվածային դիրք դուրս եկա ու 25 մետր հեռավորությունից հենց «իննին» խփեցի։ Հեռվից հիանալի գոլ ստացվեց։ Հիշում եմ՝ բարձրահասակ դարպասապահ ունեին։ Հիանալի դարպասապահ էր։
—Ի դեպ, Դուք «ինը» խփեցիք ու այն խաղում իններորդ համարի ներքո էիք խաղում։
Ընդհանրապես խաղացել եք հավաքականում 11, 10, 8, 7 ու 6 համարների ներքո։ Վեց գնդակ եք խփել։ Ընդ որում՝ աչքի ընկնել չի ստացվել միայն վեցերորդ համարի տակ։
–Դե, երևի ոչ միայն այդ համարի հարցում բախտս չբերեց, այլ այդ համարի ներքո խաղացողի (ծիծաղում է)։ Բայց անուններ չենք նշի (Արկադի Անդրեասյանին նկատի ունի, – խմբ․)։
–Բոլորը հիշում են ընկնելու ընթացքում Ձեր գոլը բելգիացիների դարպասին 1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Իսկ Ձեզ համար ո՞ր գոլն է ավելի թանկ։
–Գիտեք, գոլերը լինում են գեղեցիկ, շատ գեղեցիկ ու գեղեցկագույն։ Օրինակ` 1980 թվականին ագրենտինացիների դարպասին ուղղած իմ գոլը լավագույններից եմ համարում։ Անցա ձախ կողմով ու հարվածեցի ոտնաթաթի արտաքին հատվածով։ Խաղից հետո Արգենտինայի հավաքականի դարպասապահ Ֆիլոլն ու իր հայրը մոտեցան ինձ, մենք խոսեցինք այդ թեմայով։ Տեղացի ֆուտբոլասերներն ու լրագրողները նույնպես հիացած էին։
Հիշում եմ նաև՝ ինչպես էինք Երևանում պարտվում Մոսկվայի «Լոկոնոտիվին»։ Խաղի վերջին րոպեն էր։ Երկար փոխանցում եմ ստանում դեպի հակառակորդի տուգանային հրապարակ։ Ամեն ինչ դարպասի մոտ է տեղի ունենում` թունելի մոտից, որտեղից դաշտ էինք դուրս գալիս։ Մի կողմ եմ անցնում, շրջվում դեպի հեռավոր անկյուն` գո՛լ։ Ոչ-ոքի. 2:2։
–Մի անգամ ԽՍՀՄ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ եք ճանաչվել։
–Այո, 1982 թվականին էր։ Բաքվի «Նեֆտչիի» հետ խաղի ժամանակ շրջադարձ հարվածով գոլ էի խփել։ Այն ժամանակ «Ֆոտբոլնոյե օբոզրենիե» ծրագրում ամեն ամիս երկրպագուներին առաջարկում էին լավագույն գոլ ընտրել ու տեսանյութեր էին ցույց տալիս։ Այդ տարվա ընթացքում գոլերս համարյա ամեն ամիս լավագույնն էին ճանաչվում կամ եռյակում էին ներառվում։ Հաջորդ տարվանից մրցույթն այլևս չէր անցկացվում, տղաները կատակում էին, որ ես եմ մեղավոր. չեմ թողնում՝ ուրիշները հաղթեն։ Հետաքրքիր է, որ երբ հեռացա մեծ ֆուտբոլից, մրցույթը վերականգնվեց։
Շատ երկար կարելի է թվարկել, թե հանդես գալով «Արարատի» կազմում` ինչ արդյունքների է հասել լեգենդար ֆուտբոլիստը նախկին ԽՍՀՄ առաջնություններում. 305 խաղ, 93 գոլ: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա անցկացրել է 37 խաղ ու դարձել ութ գոլի հեղինակ, իսկ 1980 թվականին` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն(1976թ):
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Խորեն Հովհաննիսյանը մի շարք ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ: 1996-97թթ եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: 2019 թվականին կայացած ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրված էր որպես թեկնածու, բայց մինչև ընտրությունները հրաժարվեց պայքարից` հօգուտ հետագայում ընտրված Արմեն Մելիքբեկյանի: