Ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը
Հասմիկ Կարապետյանի ստեղծագործական կյանքում վերջերս, կարծես թե, պասիվ շրջան է սկսվել: Նա շատ չի երևում եթերում, նոր տեսահոլովակ չունի, հիմնականում զբաղվում է ակումբային աշխատանքով: Սակայն դա չի խանգարում Հասմիկի երկրպագուներին` հիշել իրենց սիրելի երգչուհուն ու միշտ հետաքրքրվել նրանով: Հասմիկ Կարապետյանի երկրպագուներից մեկը` Հովհաննեսը, ով նաև «3 Միլիոնի» երկրպագուներից է, վերջերս զանգահարել էր մեր ամսագրի խմբագրություն և խնդրել, որ իր սիրելի երգչուհու հետ հարցազրույց անենք: Սիրով կատարեցինք մեր ընթերցողի խնդրանքը:
– Հայ երգիչ-երգչուհիներն անընդհատ երևում են եթերում, ամսագրերում, բայց էլի երկրպագուներն ուզում են լսել նրանց մասին: Մի՞թե ինֆորմացիայի պակաս կա:
– Նախ, ուզում եմ հարցազրույցս սկսել` շնորհակալություն հայտնելով իմ երկրպագուին` Հովհաննեսին: Հետո, իսկապես, երկրպագուներն այսօր բավական ինֆորմացված են հայ երգիչ-երգչուհիների մասին: Բայց երևի պարբերաբար կարոտում են և ուզում են ավելի թարմ նորություններ իմանալ: Միգուցե դա՞ է նման հետաքրքրության պատճառը: Օրինակ, կոնկրետ ինձ մոտ վերջին շրջանը մի քիչ պասիվ է, որովհետև տան վերանորոգման մեջ եմ, նոր տեսահոլովակ, ձայնասկավառակ չկա, և բոլորն էլ հետաքրքրվում են, թե արդյոք ես այդ ամենով զբաղվո՞ւմ եմ այս պահին: Ասեմ, որ հիմա չորրորդ ձայնասկավառակիս վրա եմ աշխատում, այն շուտով պատրաստ կլինի, բայց դեռ չգիտեմ, թե ինչպես կկոչվի: Անակնկալը իմ նոր տեսահոլովակն է, որը սեպտեմբերին կլինի, քանի որ ամռանն ընդհանրապես պրեմիերաներ չեն արվում, բոլորը հանգստանալու են գնում: Տեսահոլովակը կնկարահանվի «Կգնամ հեռու» երգի հիման վրա, որի երաժշտությունը գրել է նորահայտ և շատ տաղանդավոր հեղինակ Գարիկ Գասպարյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Հետաքրքիր ու գեղեցիկ երգ է` փոփ ոճի մեջ, բայց ռոքային տարրեր կան: Երբ երգը լսեցի, կարծես ես գրած լինեի այն, այդքան հոգեհարազատ թվաց ինձ:
– Ոճդ հաճախ ես փոխում: Ձանձրանո՞ւմ ես նույն ոճի մեջ երգելուց:
– Ես կարծում եմ, որ արդեն ինչ-որ տեղ ուրվագծվել է իմ ոճը: Այսինքն, կա հեղինակ Հասմիկ Կարապետյան, ով ինքն էլ իր երգերը կատարում է: Ինձ շատերն ասում են, որ հենց երգի առաջին հնչյունները լսում են, կռահում են, որ դա ես եմ` թե՛ տեմբրի առումով, թե՛ երգի ձեռագրի: Դա արդեն շատ լավ է: Իսկ փոփոխվելու պատճառն այն է, որ առհասարակ ես այդպիսի մարդ եմ, սիրում եմ հանդիսատեսի առջև անընդհատ նորովի հանդես գալ, որպեսզի հետաքրքիր լինեմ: Անընդհատ իմ մեջ ինչ-որ բան պետք է փոփոխվի` թե՛ իմիջի առումով, թե՛ երգերի: Իսկ ինչ վերաբերում է ռոք ոճին, ապա այդ ամենը մեկ երգով սկսվեց: Երգերիցս մեկի գործիքավորումը ռոք ոճով արվեց, ու ես հասկացա, թե ինչքան հոգեհարազատ է ինձ ռոք երաժշտությունը: Ի դեպ, դեռ փոքրուց ռոքն ինձ դուր է եկել, պարզապես այլ երաժշտությամբ եմ զբաղվել: Հետո համագործակցեցի Գիսանե Պալյանի հետ` «Էմփիրեյից», ու ծնվեցին «Քեզ համար», «Երբեք չես իմանա» երգերը: Եվ ուզում եմ, որ մեր այդ համագործակցությունը շարունակվի: Եթե շատերը ռոքի մեջ չարություն են տեսնում, ես ռոքի մեջ բողոք եմ տեսնում, կյանք եմ տեսնում:
– Այժմ երգում ես ակումբում: Դա միայն ֆինանսի համա՞ր է, թե՞ նաև ճանաչում ձեռք բերելու մի տարբերակ է:
– Ես այսօր աշխատում եմ «Ջիանի» ակումբում: Թող անհամեստություն չթվա, բայց մինչ այդտեղ երգելը ես արդեն ճանաչված և ընդունված երգչուհի էի: Կոնկրետ ինձ համար, այո, կարող եմ անկեղծ պատասխանել, որ ակումբային աշխատանքը ֆինանսականի համար է: Ցավոք, մեր երկրում շոու-բիզնեսն այն մակարդակի վրա չէ, որ իմ ձայնասկավառակներից ու համերգներից ստացված հասույթներն ինձ բավարարեն: Կարող եմ ասել, որ այսօր միակ խոշոր հասույթներն իմ արտերկրյա շրջագայություններից են գալիս: Ցավալի է, բայց փաստ: Տա՛ Աստված, որ մի օր ես այնքան կայուն լինեմ, որ ակումբում աշխատելու կարիք չունենամ:
– Իսկ միգուցե դրա պատճառը ոչ այնքան երգչի կայուն լինելն է, որքան շուկայի՞ անկայունությունը:
– Այո, միանշանակ դա երկրի վիճակից էլ է: Բայց մեզ մոտ արդեն մեծ քայլեր են արվում, շարժ կա: Արդեն երգիչները կարողանում են իրենց գումարով երգեր ձայնագրել, ձայնասկավառակներ թողարկել, ինչո՞ւ չէ, մեքենա գնել: Ուղղակի ամեն մեկի մոտ յուրովի է: Ես երբեք չեմ նեղսրտում այն փաստից, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան ունի, իսկ ես չունեմ: Ամեն մարդ իր հնարավորությունների սահմաններում է ապրում: Օրինակ, ես դեռ մեքենա չունեմ, բայց դրանից ընդհանրապես վատ չեմ զգում: Չնայած ամեն ինչ անում եմ, որ այս տարի այդ երազանքս իրականանա, քանի որ արդեն անհրաժեշտ է:
– Մեր երգիչ-երգչուհիների համար ավտոմեքենան նույնպես մրցակցության առիթ է դարձել` ո՞ւմն ի՞նչ մակնիշի է, ի՞նչ արժե և այլն: Ուզո՞ւմ ես այդ «մրցավազքին» միանալ:
– Չեմ ուզում կոպիտ թվալ, բայց դա ինձ համար հիվանդություն է, և ես դրանով չեմ տառապում: Ես մարդուն մեքենայով չեմ արժեքավորում, ինձ համար շատ ավելի կարևոր է յուրաքանչյուր երգչի կամ երգչուհու մարդ տեսակը, քան այն, թե ինչ մակնիշի մեքենա է նա վարում:
– Փաստորեն, նախանձ չունես:
– Չէ, ինձ մոտ կա առողջ մրցակցության զգացողություն: Դա նախանձ չէ: Տարիներով ինձ վրա աշխատելով` ես կարողացել եմ իմ մեջ սպանել նախանձելու այդ ունակությունը: Յուրաքանչյուր մարդ թերություններ ունի, բայց մարդ պետք է պայքարի, որ իր մեջ վատը գնալով պակասի, լավը շատանա: Ես այն մարդկանցից եմ, որ ինձ վրա միշտ աշխատում եմ: Հետո, ես նյութապաշտ չեմ: Իհարկե, ես էլ եմ սիրում լավ ապրել: Ո՞վ չի սիրում փող, չէ՞ որ այն ազատություն է տալիս: Բայց այդ թղթի կտորները երբեք չեն կարող ազդել իմ տեսակի վրա:
– Մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերն այսօր այլ բիզնես ունեն: Չե՞ս ուզում որևէ բան ձեռնարկել:
– Ցանկությունս շատ մեծ է: Քույրս դիմահարդար է, և իմ ու նրա երազանքն է՝ ունենալ մեր սեփական էսթետիկ կենտրոնը: Դա պետք է լինի մի վայր, որտեղ կինը կհանգստանա: Այնտեղ կլինի և՛ մերսում, և՛ ամենատարբեր խորհրդատվություններ: Եվ քանի որ ինձ միշտ հետաքրքրել է նաև հոգեբանի մասնագիտությունը, շատ կցանկանայի, որ ինքս այնտեղ փոքրիկ կոնսուլտացիաներ անցկացնեի այն կանանց հետ, ովքեր ինչ-որ սթրես են տարել, խնդիրներ ունեն: Քանի որ ես ինքս իմ ուժերով հաղթահարել եմ այդ ամենը և բավականին վերլուծություններ եմ արել, արդեն կարող եմ թեկուզ ինչ-որ խորհրդով օգնել կանանց: Բայց նման կենտրոնի համար մեծ ֆինանսներ են պետք:
– Արտասահմանյան երգիչ-երգչուհիները միշտ պատմում են, որ նախքան հայտնի դառնալն ամենատարբեր գործերով են զբաղվել` մատուցող, վաճառող և այլն: Դու ինչո՞վ ես զբաղվել` երգարվեստ մտնելուց առաջ:
– Ես չեմ հասցրել ինչ-որ բանով զբաղվել, քանի որ 13 տարեկանից երգեր եմ գրել: Իսկ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել եմ 19 տարեկանում: Ուզում էի զբաղվել նաև հեռուստաժուռնալիստիկայով: Նույնիսկ վարել եմ «Սոլի բանալի» երաժշտական ծրագիրը: Հետո էլ, 2000թ., երբ ապրում էի ԱՄՆ-ում, հայկական «Թոփ-տասը» ծրագիրն էի վարում:
– Այսօր շատերն են խոսում հայկական շոու-բիզնեսի հասանելիության մասին: Ըստ քեզ` ո՞րն է դրա պատճառը:
– Լիովին համաձայն եմ ասվածի հետ: Մեր շուկան շատ փոքր է, մեր երկիրն է շատ փոքր: Ուզած-չուզած` մենք հասանելի ենք դառնում: Այսօր մենք «աստղ» ենք կոչվում, բայց աստղին վայել չենք ապրում: Եթե ինձ կարող են տեսնել Աբովյան կամ Սայաթ-Նովա փողոցների վրա` գնումներ անելիս կամ ինչ-որ գեղեցկության սրահում, որտեղ բոլորը գնում են, արդեն այդ անհասանելի վիճակը կոտրվում է: Ինչի՞ մասին է խոսքը, եթե ես դեռ մեքենա չունեմ: Իմ «Ես գնում եմ, սիրելիս» տեսահոլովակը նոր էր եթերում, և ով ինձ չէր ճանաչում, դրանով ճանաչեց: Այդ ժամանակ ես դեռ երթուղային տաքսիով էի երթևեկում, ու մի անգամ կողքիս նստած մի կին խնդրեց ստորագրություն տալ: Այդ օրը հասկացա, որ պետք է արդեն առանձին մեքենայով երթևեկեմ:
– Մասնակցում ես «Սուպեր դուետ» նախագծին, որտեղ զույգդ Արազ Դարեն է: Հե՞շտ է աշխատել լրիվ այլ ոճի երգչի հետ:
– Նախագիծը բավականին հետաքրքիր է թեկուզ միայն նրանով, որ կտրուկ տարբեր ոճերի միաձուլում է ստացվում: Երբ ինձ առաջարկեցին մասնակցել, ես մի քիչ մտածեցի, նոր համաձայնեցի, քանի որ ես ամեն ինչի պետք է գնայի, ինչ պայման իմ առջև դնեին` պետք է ընդունեի: Արազ Դարեի հետ մեր առաջին համագործակցությունն է: Նա շատ հետաքրքիր ու քաղցր ձայն ունի: Երգը` «Մութ և լույս», շատ մեղեդային է, հեղինակների շնորհիվ` երկու կերպարների շատ հետաքրքիր միաձուլում է ստացվել: Իմիջիայլոց, ասեմ, որ այս դեպքում ավելի շատ կոմպրոմիսի ես եմ գնացել, քանի որ ոճային առումով երգը Արազին ավելի մոտ է, ավելի արևելյան է: Ես տեսահոլովակն էլ եմ արդեն հասցրել դիտել, որի ռեժիսորը Միհրան Ստեփանյանն է: Շատ գունագեղ տեսահոլովակ է, կարծես գեղարվեստական ֆիլմ լինի:
– Մեծ մենահամերգ դեռ չես ունեցել: Կազմակերպե՞լն է թանկ, թե՞ դեռ չես ուզում:
– Անդրադարձանք իմ ամենացավոտ կետին: Արդեն երկու տարի է` ուզում եմ մենահամերգ կազմակերպել, ու անընդհատ ինչ-որ բան խանգարում է: 10 տարի է` բեմում եմ ու արդեն զգում եմ, որ պահը հասունացել է, պետք է մենահամերգով հանդես գամ: Միակ խնդիրն այն է, որ այնքան բծախնդիր եմ, որ անընդհատ ինչ-որ բան ինձ հետ է մղում: Ես կամ պետք է շատ լավ հանդես գամ, կամ ընդհանրապես հանդես չգամ: Ամեն դեպքում, ես խոստանում եմ իմ երկրպագուներին, որ եթե ոչ այս տարի, ապա մյուս տարի անպայման մենահամերգ կունենամ:
– «Ընկերները» ամերիկյան հայտնի հեռուստասերիալի գլխավոր հերոսուհու ձայնը դու էիր կրկնօրինակում, քեզ համար նա կարծես կերպար էր դարձել: Հետո ֆիլմը դադարեց հեռարձակվել: Շարունակությունը ե՞րբ է լինելու:
– Ես տեղյակ չեմ` երբ կլինի, բայց ֆիլմն ինձ համար էլ հասցրեց հոգեհարազատ դառնալ: Մենք արդեն ապրում էինք հերոսների կյանքով: Եթե այն մի քիչ էլ շարունակվեր, կարող է նույնիսկ ինչ-որ սիրավեպեր սկսվեին մեր բոլորի մեջ… (ծիծաղում է.- Ն.Հ.): Չգիտեմ` ինչո՞ւ ֆիլմը չի շարունակվում, բայց ես շատ կուզենայի, որ շարունակվեր:
– «3 Միլիոնի» համարներից մեկում Հայաստանի ամենացանկալի հարսնացուների հարցում էր անցկացվել, և դու երկրորդ տեղում էիր: Դեռ պոտենցիալ հարսնացուի կարգավիճակո՞ւմ ես, թե՞ երկրպագուներդ պետք է հույսները կտրեն:
– Շատ հաճելի է, որ ցանկալի հարսնացուի կարգավիճակում եմ: Այս պահին իմ անձնական կյանքում դեռ ճշգրիտ հայտարարելու ոչ մի բան չկա: Իհարկե, ժամանակ առ ժամանակ բազմաթիվ երկրպագուներ խնդրում են քո ձեռքը, իրենց սիրտն են ուզում նվիրել: Բայց քանի որ ես շատ լուրջ եմ վերաբերվում ընտանիք հասկացողությանը և, առհասարակ, ամուսնությանը, երևի թե այդ պատճառով է, որ առայսօր դեռ մենակ եմ: Ես պետք է ունենամ առողջ ընտանիք, որի մասին միշտ երազել եմ: Ես ուզում եմ սիրելով այդ քայլին գնալ:
– Ասում են` հայտնի կանայք միշտ միայնակ են լինում: Ի՞նչ կասես դրա մասին:
– Շատ են ասում, որ չի կարելի համատեղել ընտանիքը և կարիերան: Ճշմարտության տարրեր, ասվածի մեջ, միգուցե և կան: Շատ դժվար է հատկապես` հայ տղամարդկանց համար, ունենալ երգչուհի կին: Բայց վերջերս ինչ-որ լույս եմ տեսնում, ինչ-որ բան կարծես կոտրվել է: Իսկ իմ կարծիքով՝ դա գալիս է միայն տղամարդուց և կնոջից, թե ինչքանով նրանք կվստահեն միմյանց, ինչքան մեծ կլինի նրանց փոխադարձ հարգանքն ու սերը: Եթե ես ինչ-որ մեկին սիրեմ, ապա կընդունեմ նրա մասնագիտությունը: Եվ, ի վերջո, տղամարդի՛կ, չէ՞ որ ձեր կողքին մի կին է, ով առավել է մյուսներից ինչ-որ բանով: Նա շնորհ ունի, նա երգում է, նա ստեղծագործում է, մի՞թե դա վատ է: Գուցե շատերի համար շատ լավատես թվամ, բայց ես հավատում եմ, որ ունենալու եմ և՛ լավ ընտանիք, և՛ կարիերա:
– Ամառային հանգիստդ որտե՞ղ ես անցկացնելու:
– Ես պլանավորում էի քույրիկիս հետ Հունաստան գնալ: Երկուսս էլ շատ ենք կարդացել այդ երկրի մասին, այն մեզ միշտ գայթակղել է` իբրև լեգենդների երկիր: Արդեն պատրաստվում էինք, բայց քանի որ սկսվեց տանս վերանորոգումը, մնացի քաղաքում: Այդ աշխատանքները կավարտեմ, և, երևի թե, սեպտեմբերին կմեկնեմ:
Զրուցեց Նատաշա Հարությունյանը
Լուս.` Վիգեն Մնոյանի
«3 Միլիոնի»