Կոլումբիայում բոլիվիական ինքնաթիռի կործանման պատճառը վառելիքի անբավարարությունն է եղել: Այդ մասին, նոյեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծառայության պետ Ֆրեդի Բոնիլյան:
«Ժամանելով պատահարի վայր և զննելով բեկորները, մենք համոզվեցինք, որ օդանավը վառելիք չուներ»,- Բոնիլյայի խոսքը մեջբերել է Lider Web մեքսիկական պորտալը:
Կոլումբիացի պաշտոնյան նշել է, որ կործանված օդանավը վառելիքի անհրաժեշտ պաշար չի ունեցել: Նա հույս է հայտնել, որ հետագա հետաքննությունը թույլ կտա պարզել, թե ինչու վառելիքի սահմանված պաշար չի ստեղծվել:
Ներկայում ճանաչված են ավիաաղետի զոհերի 59 մարմիններ: Կոլումբիայի դատական բժշկության ինստիտուտի տնօրեն Կարլոս Վալդեսը հայտնել է, որ զոհվածներից 52-ը բրազիլացիներ են, հինգը՝ բոլիվիացիներ, նաև զոհվածների թվում են Պարագվայի և Վենեսուելայի մեկական քաղաքացիներ:
Կոլումբիայում բրազիլացի ֆուտբոլիստների տեղափոխող ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է 71 մարդ: Ավիաաղետից փրկվել են երեք ֆուտբոլիստներ՝ Ալան Ռուշելը, Ջեքսոն Ֆոլմանը և Հելիո Սամպիեռ Նետոն, բորտուղեկցորդ Հիմենա Սուարեսը, լրագրող Ռաֆայել Հենցելը և ավիատեխնիկ Էրվին Տումերին: Ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Մարկոս Դանիլոն, որին ողջ էին գտել, ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:
Կոլումբիայի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով՝ կործանված օդանավում եղել են «Շապեկոենսե»-ի 22 խաղացողներ, ակումբի ղեկավարության 28 անդամներ, մարզիչներ և հատուկ հրավիրյալներ, ինչպես նաև 22 լրագրողներ և ինքնաթիռի անձնակազմի ինն անդամներ:
Օդանավը, որը մեկնել էր Բոլիվիայից և պատկանում էր Lamia բոլիվիական ավիափոխադրողին, կործանվել է Կոլումբիայի Անտիոկիայի դեպարտամենտի Լա Ունիոն մունիցիպիայից ոչ հեռու՝ Էլ Գորդո բնակավայրի շրջանում:
Շապեկոենսե» ֆուտբոլային թիմն ուղևորվել էր Մեդելյին՝ հարավամերիկյան գավաթի շրջանակներում մասնակցելու «Ատլետիկո նասիոնալ» տեղական ակումբի հետ մրցախաղին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: