Տարեց մարդիկ և քրոնիկ հիվանդություններով պացիենտները COVID-19 կորոնավիրուսով վարակման բարդացումների հետ բախվելու ամենամեծ հավանականությունն ունեն։
Ինչպես կարող են ռիսկի խմբում գտնվող մարդիկ պաշտպանել իրենց։ Այս մասին մի քանի խորհուրդներ են տվել Յելի համալսարանի մասնագետները։
- 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ պետք է ինքնամեկուսացվեն տանը։ Պետք չէ առանց լուրջ անհրաժեշտության այցելել ընկերներին կամ հարազատներին։
- Եթե ուզում եք հյուրեր ընդունել, նրանց թիվը չպետք է անցնի մեկ կամ երկու մարդուց միաժամանակ։ Բոլորին խնդրեք լվանալ ձեռքերը և 2 մ դիստանցիա պահպանել։ Մի գրկախառնվեք և մի համբուրվեք հյուրերի հետ։
- Հարազատների և ընկերների հետ կապ կարելի է պահպանել հեռախոսով կամ համացանցով։
- Հաճախ լվացեք ձեռքերը, 20 վայրկյանից ոչ պակաս։ Օճառը և ջուրը ավելի լավ են, քան ձեռքերը ախտահանող միջոցները, սակայն կարելի է օգտագործել նաև ախտահանող միջոցներ, եթե ձեռքի տակ օճառ և ջուր չկա։
- Ուտելիք պատրաստեք, սպորտով զբաղվեք, հանգստացեք, պառկեք քնելու և արթնացեք, ինչպես սովորական օրերին։ Ձգտեք առողջ սնունդ ուտել։ Խուսափեք «անառողջ մթերքներից» և սահմանափակեք ալկոհոլի օգտագործումը։ Խուսափեք բազմոցին ամբողջ օրը քնելու կամ նստելու գայթակղությունից։ Ձգտեք օրն ինչ-որ հետաքրքիր բանով անցկացնել, որպեսզի ձեզ լավ զգաք և խուսափեք ճնշող տրամադրությունից։
- Օրական մի քանի անգամ քայլեք տանը։
- Եթե ուզում եք փողոց դուրս գալ, արեք դա, երբ շուրջը քիչ մարդիկ կան, նրանցից առնվազն 2 մ հեռու մնացեք։ Զբոսնեք մեծ այգիներում, եթե այդպիսիք կան մոտակայքում։
- Աշխատեք չմտնել խանութներ։ Խնդրեք ընկերներին, հարազատներին կամ կամավորներին բերել մթերքներ և դեղորայք։
Նշենք, որ Հայաստանում այժմ միանգամից մի քանի խումբ ակտիվիստներ փորձում են մթերք և առաջին անհրաժեշտության իրեր տանել միայնակ տարեց մարդկանց, որպեսզի նրանք խանութ չգնան։