Արցախի ընտրությունները պետք է հետաձգել. civilnet.am
Advertisement 1000 x 90

Արցախի ընտրությունները պետք է հետաձգել. civilnet.am

Մարտի 31-ին Արցախում նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունները պետք է հետաձգել: Չի կարելի երկար ժամանակով անլուրջ լինել և կրկնել Հայաստանի իշխանությունների սխալը, երբ կորոնավիրուսի տարածման առաջին շրջանում անտեսվեցին ռիսկերն ու վտանգները: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին հայտարարում էր, որ այնքան էլ վտանգավոր վիրուս չէ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր քարոզարշավ իրականացրեց ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի ԱՅՈ-ի համար:

Հայաստանի ղեկավարությունը, այդ թվում առաջին հերթին Արսեն Թորոսյանն ու նրա գլխավորած առողջապահության նախարարությունը, սխալը շատ շուտ ուղղեց և սկսեց լրջագույն, համակարգային պայքարը վիրուսի տարածման դեմ:

Երբ Փաշինյանն ու թիմը դադարեցրին քարոզարշավը, տրամաբանական էր թվում, որ Արցախում ևս քաղաքական ուժերն ու անհատ թեկնածուները կդադարեցնեն բազմամարդ հանդիպումները: Սակայն այդպես չեղավ:

Երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ապրիլի 5-ի հանրաքվեն հետաձգվում է, տրամաբանական էր թվում, որ նմանօրինակ հայտարարություն կանեն Արցախի իշխանությունները, մանավանդ որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները հանրաքվեից մեկ շաբաթ առաջ են նախատեսված: Սակայն Արցախում շարունակվեց քարոզարշավը:

Եթե Արցախի հեռացող իշխանությունները՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ, չեն կարող կամ չեն ցանկանում ընտրությունները հետաձգելու մասին որոշում կայացնել, ապա դա պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որովհետև սա 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով հայկական անվտանգության և ամեն մի քաղաքացու առողջության հարց է: Նմանապես, ընտրություններին մասնակցող քաղաքական դեմքերը, հատկապես՝ ֆավորիտ թեկնածուները, որ ստանձնելու են վաղվա Արցախի ղեկը, չեն կարող այս հարցում կրավորական լինել ու հանգիստ շարունակել իրենց քարոզարշավը։ Նրանք ևս պետք է լինեն նախաձեռնող՝ անկախ նրանից, թե հետաձգելը ում օգտին է և ում՝ վնաս։

Ամբողջ աշխարհն է մեկուսացել և մնում է տներում: Այսօրվանից մեկ շաբաթով նույնն անում է նաև Հայաստանը:

Բազմաթիվ միջոցառումներ են հետաձգվում կորոնավիրուսի վտանգի պատճառով: Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որն սկսվելու էր հունիսին, հետաձգվել է և կայանալու է 2021-ի ամռանը: Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը, որոնք սկսվելու էին այս հուլիսին, ևս մեկ տարով հետաձգվում են:

Ի՞նչն է խանգարում, որ մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգվեն և կայանան, օրինակ, մայիսի 8-ին կամ 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, մայիսի 17-ից 19-նն ընկած հատվածում, երբ 1992-ի այդ օրերին ցամաքային կապ հաստատվեց ՀՀ-ի և Արցախի միջև, կամ մայիսի 28-ին և կամ որևէ մի օր:

Հասկանալի է, որ կուսակցություններն ու թեկնածուները ֆինանսական և այլ միջոցներ են ծախսել այս ընտրարշավի ընթացքում, բայց մեկ հայ մարդու, մեկ հայ զինվորի, մեկ հայ սպայի կյանքին սպառնացող վտանգն ավելին արժե, քան Արցախի խորհրդարանական ու նախագահական ողջ ընտրապայքարը միասին վերցրած:

Պատկերացնո՞ւմ եք Արցախում ևս հաստատվի կորոնավիրուսի օջախ: Մինչ այս պահը դեպքեր չեն գրանցվել միայն ՀՀ երեք մարզերում՝ Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, ինչպես նաև Արցախում: Բայց հնարավոր է, չէ՞, որ վարակը տարածվի հայկական ամբողջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:

Երբ Նիկոլ Փաշինյանը Մեղրիից սկսեց ԱՅՈ-ի քարոզարշավը, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկար, անգամ չէր գիտակցվում դրա վտանգը: Երեկ, մարտի 24-ին, վարչապետը դիմում էր հայ ժողովրդին և ներկայացնում վիճակագրությունը՝ 249 դեպք, թոքաբորբով 30 հիվանդ, որոնցից մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր, վարակի նոր օջախներ:

Այո՛, չպետք է բացառել, որ Արցախում կորոնավիրուսը կարող է և չտարածվել, հնարավոր է՝ ընտրություններն անցկացվեն, ու դրանից հետո էլ վարակի դեպքեր չգրանցվեն: Բայց արդյոք պե՞տք է դիմել նման ռիսկային և անպատասխանատու քայլի: Ի՞նչ՝ հույսներս Քարվաճառում և Բերձորում տեղակայված երկու անցակետերն են, որտեղ ստուգում են Արցախ մտնողների ինքնությունն ու առողջությունը:

Երեկ, մարտի 24-ին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանի հետ: Երեկ Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանն ասել է, որ Արցախում արտակարգ դրություն հայտարարելու հարց առայժմ չի քննարկվում և իշխանությունները գործելու են ստեղծված իրավիճակին համապատասխան:

Շարունակե՛ք գործել ստեղծված իրավիճակին համապատասխան, բայց նաև հիշե՛ք, որ իրավիճակը կարող է դուրս գալ ձեր վերահսկողությունից, ինչպես դուրս է եկել գրեթե ամբողջ աշխարհում և առաջին հերթին՝ միասնական Եվրոպայում: Հիշե՛ք նաև, որ իշխանություն լինելը նշանակում է առաջին հերթին պատասխանատվության զգացում:

civilnet.am