Բարի լույս, սիրելինե՛ր ?
Մեծ Պահքի ԼԳ օր
? Այս է ասում մեզ այսօր Սուրբ Գիրքը․
«Յոբը խօսեց ու ասաց.
«Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը: Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց: Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում:
Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն: Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին:
Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով: Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել: Ահա ծաղրւում եմ նախատինքներով, բերան չեմ բացում. աղաղակեմ էլ, եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ: Շրջապատուած եմ, չեմ կարող խոյս տալ: Խաւարն է չոքել համակ ինձ վրայ: Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ: Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս:
Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ: Գնդերը նրա՝ բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս: Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել օտարներին են ճանաչել նրանք: Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են:
Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց:
«Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել. ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի: Պաղատանքներով կանչում էի ես որդիներին իմ բոլոր հարճերի, յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում, բամբասում են ինձ: Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի, իմ դէմ են ելել: Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով:
Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս: Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք: Ի՜նչ կլինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, քանի որ գիտեմ՝ յաւերժական է նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից է հասել բոլորը, որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը: Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ: Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի», դո՛ւք էլ վախեցէք մթին գործերից: Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կիմանան, թէ ուր է իրենց բուն էութիւնը»» (Յոբի գիրքը 19.1-29):