Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շնորհավորել է թատերական աշխարհի բոլոր երախտավորներին և թատերասեր հանդիսատեսին, որոնց համար աշխատում են անմնացորդ նվիրումով ու սիրով։
Օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում Օրբելյանը գրել է, որ ամեն տարի այս օրը մեծ հանդիսավորությամբ նշանավորում էին, մասնակցում «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը։ «Այն այս տարի պետք է տեղի ունենար Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում։ Հասկանալի պատճառներով այսօր մենք չենք կարող հատուկ հանդիսավորությամբ նշել Թատրոնի միջազգային օրը, սակայն պետք է խոստանանք միմյանց, որ ստեղծված իրավիճակի բարեհաջող հանգուցալուծումից հետո մինչև տարեվերջ մեր ամեն մի օրը կդարձնենք Թատրոնի օր»,-նշել է Օրբելյանը:
Նա շեշտել է, որ թատրոնի հրաշքը պարտավոր ենք զգալ ու վայելել ամեն օր, քանի որ թատրոնը մեզանից յուրաքանչյուրին դարձնում է առավել նպատակասլաց ու վեհ։
«Շնորհավո՛ր տոնդ, սիրելի արտիստ, շնորհավո՛ր տոնդ, սիրելի թատերական գործիչ, շնորհավո՛ր տոնդ, սիրելի հանդիսատես»,-եզրափակել է Օրբելյանը: