Այս տղաների շնորհիվ հայությունս գտա. ի՞նչ գիտենք կորոնավիրուսի զոհ դարձած Դևեջյանի մասին
Advertisement 1000 x 90

Այս տղաների շնորհիվ հայությունս գտա. ի՞նչ գիտենք կորոնավիրուսի զոհ դարձած Դևեջյանի մասին

Պատրիկ Դևեջյանը համարվում էր ֆրանսահայ համայնքի հենասյուներից մեկը։ Նա փայլուն քաղաքական գործիչ էր, որն իր կյանքի ընթացքում տարբեր բարձր պաշտոններ էր զբաղեցրել։ Նաև հրաշալի փաստաբան էր, որը եվրոպական դատարաններում հանդես եկավ որպես ԱՍԱԼԱ-ի մի քանի մարտիկների պաշտպան։
Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ

1984 թվականի հունվարի 20-ին Փարիզում սկսվեց չորս հայ երիտասարդների դատավարությունը։ Դրանից երեք տարի առաջ՝ 1981 թ. սեպտեմբերի 24-ին, նրանք գրոհել էին Փարիզի Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքը, գրավել էին ու մոտ վաթսուն մարդու պատանդ վերցրել:

«Գործողության ժամանակ ես ծանր վիրավորվել էի, հինգ, թե վեց օր գիտակցություն չունեի, երբ հիվանդանոցում աչքերս բացեցի, երկու հոգու տեսա, մեկը թարգմանիչն էր, մյուսն էլ, հետո իմացա, Դևեջյանն էր։ Նրա ձեռքին Բեյրութում ունեցած իմ ժամացույցն էր, տղաներն էին տվել, որ ես վստահեի նրան, հասկանայի, որ մեր կողմից է»,- Պատրիկ Դևեջյանի հետ առաջին հանդիպումն այսպես է հիշում Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ, «Վան» գործողության մասնակից Վազգեն Սիսլյանը։

Այն ժամանակ Սիսլյանը չէր էլ պատկերացնում, որ Դևեջյանը, բացի փաստաբան լինելուց, քաղաքական ինչպիսի ծանրակշիռ գործունեությամբ է զբաղվում և որ 1983 թվականից Անտոնիի քաղաքապետն է (ի դեպ, այդ պաշտոնում Դևեջյանը 19 տարի է աշխատել)։

Դևեջյանն առաջիններից մեկն էր, որ ինքնակամ միացավ պաշտպանական թիմին՝ մյուս հայ փաստաբանների նման հրաժարվելով վճարից։

«Մի անգամ հարցրինք իրեն, թե որքան է լինելու իր աշխատանքի վճարը։ Շատ կտրուկ պատասխանեց. «Ես ինձ պաշտպանելու համար պետք է փո՞ղ վերցնեմ»»,- հիշում է Սիսլյանը։

Գործողության մասնակիցներն իրենց ցանկությունը հստակ էին ներկայացրել Դևեջյանին ու մյուս փաստաբաններին՝ կապ չունի` պատիժ կլինի, թե ոչ կամ քանի տարի կլինի, կարևոր է, որ դատարանում հնչեցվի այն գաղափարը, ինչի համար իրենք գնացել են այդ քայլին։

«Դևեջյանն էլ էր համաձայն՝ դատարանի առջև մենք չպետք է խեղճի կարգավիճակում լինեինք»։

Սիսլյանը հիշում է պաշտպանների բոցաշունչ ելույթները, ասում է՝ նույնիսկ ֆրանսիացի փաստաբանը, որը կարծես պիտի չհասկանար հայի ցավը, ազդեցիկ էր։

«Ամբողջ Ֆրանսիայի հայ համայնքը միակամ է չորս հայ երիտասարդներին, նրանց հետ նստած է մեղադրյալի աթոռին: Հիշե՛ք, որ դուք նրանց էլ եք դատում, դատում եք աքսորականների այն երկար քարավանները, որոնց դեգերումները այսօր այս սրահում ավարտվեցին: Այսօր այս սրահում ներկա են բոլոր այն տղամարդիկ, որոնց գանգերը ցիրուցան եղան թուրքական խզակոթի հարվածներից, կանայք, որոնց որովայնները ճեղքվել, աչքերն արցունքներից խամրել էին, ինչպես նաև երեխաները, որոնց փորերը քաղցից փքվել ու որոնք մահացել էին մայրերի չորացած ստինքները շուրթերի արանքում:

Դուք նրանց բոլորին միանգամից եք դատելու: Նրանց բոլորի ստվերները ուղեկցում են չորս հայ երիտասարդներին, որովհետեւ առանց այդ ստվերների` չորսից ոչ մեկն այստեղ չէր լինի: Մի՛ շփոթեք զոհերին: Երեքհազարամյա մի հին ժողովուրդ, շունչը պահած, արդարության է սպասում: Մի՛ զլացեք, հույս տվեք նրանց, որն այս դեպքում մեղադրյալներին ազատ արձակել է նշանակում»,- այս խոսքերով Դևեջյանը եզրափակեց իր պաշտպանական ճառը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am