Պատմություն կերտող տղաները․ ապրիլյան պատերազմից 4 տարի է անցել
Ապրիլյան պատերազմից 4 տարի անց մենք հիշում ենք նրանց, ում մահը բոլորիս կյանք տվեց, ում պայքարը հանուն վաղվա խաղաղ օրվա էր։ Ընդամենը 18, 20, 22 տարեկան տղաներն այդ օրերին տեսան պատերազմ ու արյուն, զգացին կորստի ցավը։ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն էր, երբ շփման գծի երկայնքով Ադրբեջանը հարձակողական գործողություններ էր սկսել, օգտագործում էր տարբեր տրամաչափի զենք ու զինամթերք, գործի էր դրել իր ողջ զինանոցը։ Ապրիլի 5-ին պիտի հաստատվեր հրադադար ու արյունալի մարտերը պիտի ստանային «քառօրյա պատերազմ» անվանումը, սակայն պատմության համար այն ընդամենը չորս օր չէր, նոր փուլի սկիզբ էր. նոր փուլ, որը կերտել էր անկախության տարեկից սերունդը։
Այսօր, հետադարձ հայացք ձգելով, մենք հասկանում ենք, որ պարտք ենք ապրիլյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը չխնայած ու զոհված տղաներին, պարտք ենք մեր ապրած կյանքի բոլոր օրերը, որոնք թողել են մեզ, թողել են, որ մենք ապրենք։ Մենք պարտք ենք նաև այն տղաներին, որոնք բարեբախտաբար չեն զոհվել այդ օրերին, սակայն նույնպես կռվել են մինչև վերջ, նրանց մի մասն անգամ վիրավոր ժամանակ են պատրաստ եղել շարունակել կռիվը։
2016 թվականի նոյեմբեր ամսից, երբ սկսեցի հարցազրույցներ անել պատերազմի մասնակից տղաների հետ, հասկացա՝ նրանք ընտրյալներն են, հենց իրենք պետք է մեր կյանքը պաշտպանեին, հենց իրենք պետք է պայքարեին՝ մեր սահմաններն անառիկ պահելու համար։
Իմ նյութերի հերոսներից մեկն Արման Լազգիյանն էր, ով շատ ինքնուրույն, նպատակասլաց, աշխատասեր և հասուն մտածելակերպով երիտասարդ է։ Նրան այդպիսին դեռ մանկուց են դաստիարակել իր ծնողները։
Արմանը ծառայել էր Թալիշում, ինձ պատմել էր, որ հենց առաջին օրը՝ ապրիլի 2-ին, իրենց հրամանատար Արթուր Դարբինյանի հրամանով՝ սկզբում եղել են գյուղի մոտակայքում, քանի որ հնարավոր չի եղել անմիջապես դիրքեր բարձրանալ։
«Այդ գիշեր գյուղը հսկելով մնացել ենք այդ տարածքում։ Առավոտյան իմ վաշտի հետ բարձրացել եմ դիրքեր։ Այնտեղ սկսել ենք ազատագրել ու պահպանել մեր դիրքերն ու տարածքները»,- պատմել էր Արմանը։ Նա հրազենային վիրավորում էր ստացել, այսպես կոչված, հրադադարի ժամանակ՝ ապրիլի 7-ին։
Հարցազրույց եմ ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության մեդալով» պարգևատրված Արագած Աբրահամյանի հետ, որն այն ժամանակ կիսվեց իր երազանքով՝ 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Այն ցավոք սրտի աշխարհում տարածված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց, սակայն հույս ունեմ, որ Արագածն իր երազանքին կհասնի թեկուզ 1 տարի հետո։
«Ես 9 տարի կարատեով եմ զբաղվել, 2009 թվականին Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականն եմ զբաղեցրել։ Հնարավոր է, որ կարատեն ներառեն Օլիմպիական խաղերում, և ես անպայման կանեմ ամեն ինչ՝ այնտեղ հաջողությունների հասնելու համար»,- անկեղծացել էր Աբրահամը։
Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ տանկի անձնակազմի անդամ, ԼՂՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Գևորգ Խաչատրյանն էլ կամային տեսակով զարմացրել էր։ Հիշում եմ, խոսակցության վերջում, երբ հարցրի, թե ինչն է իրեն փրկել, նա վստահ և հստակ ասաց՝ կամքի ուժը. «Ցանկացել եմ ապրել, ապրել եմ»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Սամվել Սահակյանն էլ, ով կրում է Արցախյան հերոսամարտերում քաջի մահով ընկած հորեղբոր անունը, գուցե ավելի մեծ պարտավորություն է ունեցել այդ օրերին սահմանն ամեն գնով պահելու առումով։
«1992 թվականին նա 16 տարեկանում կամավոր մարտի էր մեկնել։ Մեկնել էր կռվելու և հաղթելու, բայց ավաղ․․․ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց, ես անձնական վրեժ ունեի… Պատիվ ունեմ այս անունը կրելու: Հպարտանում եմ իմ հորեղբոր քայլով։ Ամեն արկ կրակելուց նրա դիմագիծն էր աչքիս առաջ գալիս»,- հպարտությամբ պատմում էր նա:
Կարծում եմ ապրիլյան պատերազմի մասնակից բոլոր տղաների պատմությունները լսելիս ու կարդալիս պետք է հստակ գիտակցենք բոլորի կատարած սխրանքների լրջությունն ու երբեք չմոռանանք այն, որ մենք ապրում ու շնչում ենք հենց նրանց շնորհիվ։ Մենք պարտք ենք նրանց ․․․
Լիլիթ Դեմուրյան